ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵՎՍ ԵՐԵՔ ՈՒՂԵԳԻՐ Անցած տարի Ֆրանսիայում մեր հունա-հռոմեական ոճի ըմբիշները օլիմպիական երկու ուղեգիր նվաճեցին: 2004-ին նրանք երկու վարկանիշային մրցաշարերում դրանց թիվն ավելացնելու հնարավորություն ունեն: Առաջինը կայանալու է Նովի Սադում/Հարավսլավիա/ փետրվարի 28-ից մարտի 1-ը, երկրորդը՝ մարտի 13-15-ը՝ Տաշքենդում: Թե ի՞նչ ծրագրեր են դրված հավաքականի առջեւ, զրուցեցինք գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ: – Նախապատրաստությունն սկսել ենք դեկտեմբերի կեսերից՝ Ծաղկաձորում: Այն նվիրված էր ընդհանուր եւ ֆունկցիոնալ ֆիզպատրաստվածությանը: Հունվարի 21-ից փետրվարի 4-ը սկսում ենք այս տարվա առաջին հավաքը: Արվածին ավելանալու է նաեւ մասնագիտական աշխատանքը։ Երկրորդ փուլը նախատեսել ենք փետրվարի 12-ին: Կմարզվենք մինչեւ 26-ը, որից հետո կմեկնենք Նովի Սադ: – Քանի՞ քաշային կարգում եք հանդես գալու: – Յոթ քաշային կարգերից երկուսում մենք արդեն ուղեգիր ունենք, հետեւաբար, մասնակցելու ենք հինգին: – Մրցաշարերում ի՞նչ տեղեր պետք է գրավել ուղեգրի արժանանալու համար: – Առաջինում՝ 1-5-րդ, երկրորդում՝ 1-4-րդ: – Հավաքականի գլխավոր մարզիչն արդեն կողմնորոշվե՞լ է, թե ովքեր են մեկնելու մրցաշարեր։ – Ամեն քաշային կարգում մարզվում է երկու- երեք ըմբիշ: Անունները կհայտարարվեն առաջին հավաքից հետո: Ինչ վերաբերում է երկրորդ մրցմանը, Տաշքենդ կգնան նրանք, ովքեր Հարավսլավիայում Աթենքի ուղեգիր չեն նվաճի: – Որքան հասկացա, այս ընթացքում այլ մրցումների չե՞ք մասնակցելու: – Իմաստ չկա: Դեկտեմբերին, մինչ ուսումնամարզական հավաքներն սկսելը, Նիցցայում մասնակցեցինք 15 երկրների միջազգային մրցաշարին, որտեղ 96 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը հաղթող դարձավ: 55 կգ քաշային Արմեն Անտոնյանը մեկ աստիճան բարձր կարգում տարավ երկու հաղթանակ, սակայն եզրափակիչ չմտավ, ու նրանից, ինչպես նաեւ Արտյոմ Պողոսյանից՝ 60 կգ, այնքան էլ գոհ չեմ: Այնպես որ, գիտեմ, թե ով ինչ հնարավորություն ունի: – Այսինքն, տղաներին այնքա՞ն էլ չեք վստահում: – Ես այդպես չասացի: Ընդհակառակը, բոլորն էլ մարզվում են ջանադրաբար, տանում են ամբողջ ծանրաբեռնվածությունը, յուրաքանչյուրն ուզում է իր քաշում լինել առաջինը, ապացուցել, որ ինքն է արժանի օգոստոսին Աթենքում պաշտպանելու Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Կա առողջ մրցակցություն ու դա հուսադրող է: – Դուք, սովորաբար, խուսափում եք կանխագուշակություն անելուց, բայց այս անգամ, այնուամենայնիվ, ասեք. դեռ քանի՞ ուղեգիր կարող ենք նվաճել: – Առնվազն՝ երեք: Պարզապես, պարտավոր ենք: Ես տեսնում եմ, որ տղաները կարող են ու հավատում եմ նրանց: – Քանի որ ՎԱԴԱ-ն օրավուր խստացնում է արգելված խթանիչներ օգտագործելու դեմ կիրառվող պատժամիջոցները, պարտավոր եմ հարցնել. հավաքականի տղաները «մաքո՞ւր» են։ – Բոլոր ըմբիշներն ու նրանց անձնական մարզիչները վաղուց տեղեկացված են, որ որեւէ խթանիչ չօգտագործեն։ Եվ եթե որեւէ մեկը կարգը խախտի, մենք ինքներս նրանց կորակազրկենք՝ առանց ՎԱԴԱ-ին սպասելու։ Նման խնդիրներ չեն եղել եւ ուզում եմ հավատալ, որ այսուհետեւ էլ չեն լինի։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ