Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղքը չպետք է կրկնվի»

Հունվար 15,2004 00:00

«Մեղքը չպետք է կրկնվի» Շաբաթական երկու օր հավատացյալ հոտը մայրաքաղաքի բոլոր եկեղեցիներում կարող է մասնակցել հոգեւոր դասընթացների, որտեղ եկեղեցու հոգեւորականները ընթերցում եւ մեկնում են Աստվածաշունչը: Քահանաները նաեւ լսում են իրենց հավատացյալներին, զրուցում նրանց հետ եւ պատասխանում նրանց հուզող հարցերին: Այս հարցում առավել անկաշկանդ են տարեց հավատացյալները, իսկ երիտասարդները հաճախ չեն վստահում կամ ամաչում են քահանաներից: Ի դեպ, եկեղեցիներում քահանաներն ունեն իրենց հավատացյալների խումբը, որոնք գալիս են անհատական կամ ընդհանրական խոստովանության: Երիտասարդների եւ հոգեւորականների միջեւ կապը հեշտացնելու նպատակով Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանը ինտերնետային հասցե է բացել: Ցանկացողները կարող են ուղղել իրենց հարցերը [email protected] հասցեով եւ հոգեւորականներից ստանալ իրենց հուզող ցանկացած հարցի պատասխանը: Մամլո դիվանից փորձեցինք ճշտել, թե հատկապես ինչ հարցեր են հուզում երիտասարդներին: Պարզվում է, երիտասարդների կողմից հաճախ են լինում անձնական բնույթի հարցեր: Նրանց շատ է հետաքրքրում, թե մեղք գործելու դեպքում հնարավո՞ր է մեղքերի թողություն ստանալ, ինչպե՞ս է հայ առաքելական եկեղեցին վերաբերվում արտամուսնական հարաբերություններին: Երիտասարդների հարցերի հիման վրա, օրինակ, կազմվել եւ լրատվամիջոցներով լուսաբանվել է Ս. Ծննդյան խորհուրդը, թե ինչու հայ առաքելական եկեղեցին տոնը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկները՝ դեկտեմբերի 25-ին: Ինչ վերաբերում է երիտասարդությանը առավել հուզող հարցին, թե արդյո՞ք եկեղեցին ընդունում է արտամուսնական կապը, ապա պետք է ասել, որ արտամուսնական հարաբերություններին ոչ միայն քրիստոնեությունը, այլեւ աշխարհի բոլոր կրոնները բացասաբար են վերաբերվում: Այն անբարոյականություն է դիտվում: Աստված մարդուն ստեղծել է որդեծնության, այլ ոչ թե մարմնական հաճույք ստանալու համար: Քրիստոնեությունը սիրո վարդապետություն է, որը գիտակցական զղջման արդյունքում պատրաստ է ներել յուրաքանչյուրի մեղքը: Մեղքը չպետք է կրկնվի: Հակառակ պարագայում այն դառնում է աններելի: Մեղքի գիտակցական կրկնությունը ծանրացնում է մեղքը: Այդպիսի պատասխաններ են տալիս հոգեւորականները երիտասարդների հարցերին, որոնք ուղղվում են Արարատյան թեմի հասցեով: Ըստ մամլո դիվանի, ծրագիրը բավական արդյունավետ է գործում, եւ դիվանն արդեն նամակներ է ստանում նաեւ Լեռնային Ղարաբաղից: Առաջիկայում կանդրադառնանք երիտասարդությանը հուզող այլ հարցերի եւս, եւ թե ինչպես է եկեղեցին մեկնաբանում դրանք: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել