«ԸՆՏԱՆԵԿԱՆ» ՀԱՄԵՐԳ Հունվարի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ֆրանսաբնակ ջութակահար եւ դիրիժոր Հայկ Դավթյանը հանդես կգա ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ։ Համերգը կղեկավարի երաժշտի հայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը։ Կարճատեւ հեռախոսազրույց ունեցանք Հայկ Դավթյանի հետ։ – Ինչպե՞ս սկսեցիք 2004 թվականը՝ ստեղծագործական առումով։ – Տարեմուտին Ֆրանսիայում լույս տեսավ (իմ ղեկավարությամբ ու գործիքավորմամբ) «Ավե Մարիաներից» կազմված CD, ֆրանսիացի ճանաչված երգչուհի Ալեսանդրիա Վիտտինիի ու Ուլյանովսկի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Հասցրել եմ ղեկավարել Ֆրանսիայի կենտրոնական նահանգի «Իլ դը Ֆրանսի դասական երաժշտական փառատոնում»՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Սեն-Մանդեում անցկացվող դասական երաժշտության երեկոների ղեկավարն եմ, այստեղ ասում են՝ պրեզիդենտը։ Դասավանդում եմ Փարիզի Ռոբերտ Լումարի կոնսերվատորիայում։ Այնպես որ, անչափ զբաղված եմ ու գլուխս էլ խառն է։ – Եվ այդպես «խառը գլխով» պատրաստվում եք մասնակցելու հունվարի 16-ին նշանակված երեւանյան համերգի՞ն։ – Այո, արդեն 13 տարի, ապրելով ու աշխատելով Փարիզում, վարժվել եմ ստեղծագործական կյանքի այս ռիթմին։ Դեռ անցյալ տարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին փոխանցեցի ու նվիրեցի չեխ հայտնի կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի «Ռոմանս ջութակի եւ նվագախմբի համար» ստեղծագործության պարտիտուրը, որն առաջին անգամ կհնչի Հայաստանում։ Ինչպես յուրաքանչյուր մենահամերգիս, այս համերգի ծրագրում էլ կա հայ կոմպոզիտորի ստեղծագործություն՝ Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրն, Ռապսոդիան»։ Նվագախմբի ու հորս մեկնաբանմամբ ունկնդրին կմատուցվի նաեւ Դվորժակի հազվադեպ կատարվող 7-րդ սիմֆոնիան։ – Ֆրանսիայում համագործակցո՞ւմ եք հայաստանցի կամ սփյուռքահայ երաժիշտների հետ։ – Թե իմ ղեկավարած Սեն-Մանդեի նվագախմբի հետ եւ թե իմ կազմակերպած համերգներում ելույթներ են ունենում, արդեն տարիներ շարունակ, Ֆրանսիայում բնակվող երգիչներ Սուրեն Շահիջանյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Ռուբեն Էլբակյանը, իրանահայ երգչուհի Հերմինե Երիցյանը, դաշնակահարներ Գայանե Հովհաննիսյանը, Արթուր Ահարոնյանը եւ ուրիշներ։ Ֆրանսիայում հայտնված հայ երաժիշտները, այդ թվում եւ ես, մեր ստեղծագործական կյանքը սկսել ենք զրոյից։ Հեշտ չէ, կասեի՝ նույնիսկ շատ բարդ է նման սկիզբը։ – Այդ դեպքում, ի՞նչն է հայ երաժշտին կտրում հայրենիքից, տունուտեղից ու տանում արտերկիր։ – Մեկ բան՝ ստեղծագործական բուռն կյանքով ապրելու ձգտումը եւ, իհարկե, ֆինանսը։ Հայաստանում նույն վոկալիստը մեկ տարվա ընթացքում հազիվ 2-3 մենահամերգ ունենա, իսկ այստեղ՝ նույն քանակը՝ ամսական։ Ամենացածր հոնորարն էլ կազմում է 3000 դոլար։ Դատեք ինքներդ։ – Ո՞րն է ելքը։ – Իմ կարծիքով ու համոզմամբ, Հայաստանում կաղում է մենեջմենթը։ Հետեւաբար ինչպե՞ս բացատրել, որ խորհրդային իշխանության տարիներին հայաստանյան բոլոր սրահներն ամեն օր աշխատում էին, ունկնդիրը գալիս էր համերգ լսելու։ Կրկնում եմ՝ ամեն օր։ Վստահ եմ, որ ամեն ինչ կախված է կազմակերպչական աշխատանքներից։ Օրինակ, Ֆրանսիայում այդ աշխատանքների 70%-ը լուծվում է պետական մակարդակով, մնացած 30-ը՝ հովանավորների։ Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ