Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՐՈՂ ԷՐ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԼԻՆԵԼ»

Հունվար 15,2004 00:00

«ԿԱՐՈՂ ԷՐ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԼԻՆԵԼ» Այդպես է գնահատում ներկայիս կառավարության աշխատանքը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Առավոտն» արդեն հայտնել է, որ ըստ ամերիկյան Hertage Foundation հաստատության եւ The Wall Street Journal-ի համատեղ զեկույցի՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ ամենաազատականը ԱՊՀ երկրների շարքում, կիսելով 44-րդ տեղը Ֆրանսիայի հետ։ Երեկ դիմեցինք ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի տնտեսության մեջ ազատական բարեփոխումների հիմնադիր Հրանտ Բագրատյանին՝ խնդրելով գնահատել վերոհիշյալ գնահատականը։ Պրն Բագրատյանը մասնավորապես ասաց, որ «44-րդ տեղը ո՛չ պետք է անհանգստացնի, ո՛չ էլ լրացուցիչ լավատեսություն հաղորդի։ Ըստ էության, սա շատ բան չի նշանակում, չնայած պետք է նաեւ հասկանանք, որ հայկական հասարակության ազատականացման վկայության մի փաստ է սա։ Hertage-ը բազմաթիվ գնահատող կառույցներից մեկն է միայն։ Հիշում եմ, որ 90-ականների կեսերից այդ կազմակերպությունը սկսեց գնահատականներ տալ տնտեսության ազատականացման գործընթացներին։ Իմ ունեցած տեղեկությամբ, հիմնական աղբյուրը, որով Hertage-ը առաջնորդում է՝ Համաշխարհային բանկն է։ Ի սկզբանե մեծ ուշադրություն է դարձվում երեք հիմնական ցուցանիշների՝ արտաքին առեւտրի կարգավորման աստիճանը, նոր ընկերություններ ստեղծելու եւ գնային սահմանափակումները»։ Նախկին վարչապետի գնահատմամբ, «իրոք, Հայաստանը վերջին 8 տարում բավականին ազդեցիկ թռիչք կատարեց ազատականացման գնահատականների ասպարեզում։ Հատկապես 96-ին եւ հետո 98-ին Հայաստանը տնտեսության ազատականացման գործընթացում ճանաչվեց լավագույնը ԱՊՀ երկրների շարքում։ Այսօրվա գնահատականը եւս միանշանակ ուրախալի է, չնայած ես տարակարծիք եմ վերջին երկու տարվա տնտեսական քաղաքականության գնահատականի հարցում։ Ակնհայտ է, որ գնահատականը կազմելիս հաշվի են առնվել 90-ականների վերջերին կատարված բարեփոխումները։ Միանշանակ է, որ դրանք եղել են ազատական։ Հայաստանի ներքաղաքական զարգացումների արդյունքում իշխանության եկած ուժերը, կարծես թե, ի սկզբանե ուզում էին մերժել կուրսը, իսկ հիմա, երբ նույնիսկ կոալիցիայի անդամ ցանկացած կուսակցություն ուզում է հրապարակավ միջազգային հանրության առջեւ երդումներ տալ լիբերալիզմին հավատարիմ մնալու մեջ, դա, այնուամենայնիվ, խոսում է լիբերալիզմի, առնվազն, ֆորմալ հաղթանակի մասին։ Որքանով է դա բովանդակությանը համապատասխանում, սրա մասին արժե խոսել, որովհետեւ այն, ինչի մասին կխոսենք, 2-3 տարի հետո միայն կհասնի եվրոպացիներին եւ Hertage Foundation-ի գիտակցությանը»։ Պրն Բագրատյանին հարցրինք, թե ի՞նչ կարող է նշանակել այն, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ հայտնվել է նույն հորիզոնականում։ Հրանտ Բագրատյանը նկատեց. «երբ ստեղծվեց Եվրահամայնքը, նրանց տնտեսական դաշտը ազատականացվեց 100 տոկոսով։ Բայց որքան Եվրոպան ազատ է ինքն իր մեջ, այնքան նա անազատ է մյուսների նկատմամբ։ Կարող եմ պնդել, որ 2003-ի վերջի դրությամբ, ըստ էության, Եվրամիության անդամ երկրների միջեւ էական տարբերություններ տնտեսական քաղաքականության սկզբունքների նկատմամբ չկան։ Հարց է ծագում՝ եթե Եվրամիության երկրները այդպիսի միասնական տնտեսական քաղաքականություն են իրականացնում, ինչո՞վ բացատրել, որ դրանց մի մասում աջերն են իշխանության, մյուս մասում՝ ձախերը։ Այստեղ է, որ մենք պետք է հասկանանք, որ քաղաքական ուժերի եւ քաղաքական կուսակցությունների դասավորման մեջ Եվրոպայում նույնպես տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Եվ այդ փոփոխությունները դարակազմիկ են։ Ըստ ինձ, կուսակցությունները, աջերն ու ձախերը, որոնք միմյանցից տարբերվում էին այս կամ այն խնդրի լուծման մոտեցումների տարբերությամբ, ներկայումս ոչ թե դրանով են տարբերվում (այդ տեսանկյունից չես կարող տարբերություն գտնել լեյբորիստ Բլեյերի եւ աջ Շիրակի միջեւ), այլ մարդուն, անհատին մոտենալու մեթոդների տարբերությամբ, նրա հետ քաղաքական աշխատանք տանելու մեթոդների տարբերությամբ։ Ուզում եմ նշել, որ նման գնահատականներին պետք է զգույշ մոտենալ, այսինքն՝ բարձր ցուցանիշը ոչ միայն Հայաստանում կատարված աշխատանքի ընդունումն ու ճանաչումն է, որն ինքնըստինքյան կա, այլ նաեւ այն, որ հարաբերական ցուցանիշների համակարգում որոշ երկրներ կարող են իջնել։ Ակնհայտ է, որ ԱՊՀ անդամ երկրները, մասնավորապես՝ Վրաստանը, որը 8 տարի առաջ մեզնից ետ էր, 3 տարի առաջ համարվում է առաջ ընկած, այժմ կրկին ահավոր ետ է ընկել։ Նույնը՝ նաեւ Մոլդովան։ Այսինքն՝ առաջ գնալը պայմանավորված է նաեւ մյուսների ետ մնալով»։ Վերջին 2-3 տարում Հայաստանի տնտեսությունը շարունակո՞ւմ է ազատականացման գործընթացը։ Եթե ոչ, ի՞նչ շեղումներ են եղել 94-ից ի վեր։ Պատասխանելով մեր այս հարցին, Հրանտ Բագրատյանն ասաց. «Վերջին տարիներն ապացուցեցին հետեւյալը. Հայաստանում տնտեսության դեմոկրատացման գործընթացը վերջին տասնամյակում ավելի առաջ է եղել, քան քաղաքական դեմոկրատիան։ Օրինակ, գիտենք, թե ինչպես են կատարվում ընտրությունները, ինչպես է ընտրվում քաղաքական կուսակցություն, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության պատվեր (ով իշխանություն ունի՝ նա վերընտրվում է), ապա տնտեսության մեջ նախկինում դրված հիմքերը դեռ թույլ չեն տալիս, որ այսօր տնտեսությունից ի սպառ վերացվի մրցակցությունը։ Սա միայն այն մասին է վկայում, որ սկիզբը Հայաստանում եղել է մեծ ներուժով։ Հաջորդ էական առանձնահատկությունը, որ մենք պետք է նկատի ունենանք, այն է, որ սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքների ոլորտները դեռեւս չեն ենթարկվել ռեֆորմների։ Առողջապահությունը եւ կրթությունը տալով սոցիալիստներին, մենք պարզապես ձախողեցինք նրանց զարգացման հեռանկարները։ Երբ բոլորը գոռում էին, թե պետք է պետական բժշկություն, ինձ համար, համենայնդեպս, պարզ էր, որ երբեք պետական անվճար բժշկություն չի լինի եւ այն միայն պետական չինովնիկի օգտին է։ Նույնը՝ կրթությունը։ Այս տեսակետից, բացառությամբ սոցիալական տրանսֆերտների, ուրիշ լուրջ կառուցվածքային ռեֆորմ վերջին շրջանում չի իրականացվել։ Նախկինում արված ռեֆորմների որոշ ասպեկտներ խորացվել են։ Եթե գնահատեմ կառավարության աշխատանքը, պիտի ասեմ՝ կարող էր ավելի վատ լինել։ Եթե դիտարկենք խորհրդարանի եւ իշխանության գլխին կանգնած նախագահի աշխատանքը, ապա միանշանակ պետք է ասենք, որ այստեղ բացակայում է պարբերաբար ռեֆորմներ կատարելու ցանկությունը»։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել