Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵՎՍ ԵՐԵՔ ՈՒՂԵԳԻՐ

Հունվար 15,2004 00:00

Անցած տարի Ֆրանսիայում մեր հունա-հռոմեական ոճի ըմբիշները օլիմպիական երկու ուղեգիր նվաճեցին: 2004-ին նրանք երկու վարկանիշային մրցաշարերում դրանց թիվն ավելացնելու հնարավորություն ունեն:

Առաջինը կայանալու է Նովի Սադում/Հարավսլավիա/ փետրվարի 28-ից մարտի 1-ը, երկրորդը՝ մարտի 13-15-ը՝ Տաշքենդում: Թե ի՞նչ ծրագրեր են դրված հավաքականի առջեւ, զրուցեցինք գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

– Նախապատրաստությունն սկսել ենք դեկտեմբերի կեսերից՝ Ծաղկաձորում: Այն նվիրված էր ընդհանուր եւ ֆունկցիոնալ ֆիզպատրաստվածությանը: Հունվարի 21-ից փետրվարի 4-ը սկսում ենք այս տարվա առաջին հավաքը: Արվածին ավելանալու է նաեւ մասնագիտական աշխատանքը։ Երկրորդ փուլը նախատեսել ենք փետրվարի 12-ին: Կմարզվենք մինչեւ 26-ը, որից հետո կմեկնենք Նովի Սադ:

– Քանի՞ քաշային կարգում եք հանդես գալու:

– Յոթ քաշային կարգերից երկուսում մենք արդեն ուղեգիր ունենք, հետեւաբար, մասնակցելու ենք հինգին:

– Մրցաշարերում ի՞նչ տեղեր պետք է գրավել ուղեգրի արժանանալու համար:

– Առաջինում՝ 1-5-րդ, երկրորդում՝ 1-4-րդ:

– Հավաքականի գլխավոր մարզիչն արդեն կողմնորոշվե՞լ է, թե ովքեր են մեկնելու մրցաշարեր։

– Ամեն քաշային կարգում մարզվում է երկու- երեք ըմբիշ: Անունները կհայտարարվեն առաջին հավաքից հետո: Ինչ վերաբերում է երկրորդ մրցմանը, Տաշքենդ կգնան նրանք, ովքեր Հարավսլավիայում Աթենքի ուղեգիր չեն նվաճի:

– Որքան հասկացա, այս ընթացքում այլ մրցումների չե՞ք մասնակցելու:

– Իմաստ չկա: Դեկտեմբերին, մինչ ուսումնամարզական հավաքներն սկսելը, Նիցցայում մասնակցեցինք 15 երկրների միջազգային մրցաշարին, որտեղ 96 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը հաղթող դարձավ: 55 կգ քաշային Արմեն Անտոնյանը մեկ աստիճան բարձր կարգում տարավ երկու հաղթանակ, սակայն եզրափակիչ չմտավ, ու նրանից, ինչպես նաեւ Արտյոմ Պողոսյանից՝ 60 կգ, այնքան էլ գոհ չեմ: Այնպես որ, գիտեմ, թե ով ինչ հնարավորություն ունի:

– Այսինքն, տղաներին այնքա՞ն էլ չեք վստահում:

– Ես այդպես չասացի: Ընդհակառակը, բոլորն էլ մարզվում են ջանադրաբար, տանում են ամբողջ ծանրաբեռնվածությունը, յուրաքանչյուրն ուզում է իր քաշում լինել առաջինը, ապացուցել, որ ինքն է արժանի օգոստոսին Աթենքում պաշտպանելու Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Կա առողջ մրցակցություն ու դա հուսադրող է:

– Դուք, սովորաբար, խուսափում եք կանխագուշակություն անելուց, բայց այս անգամ, այնուամենայնիվ, ասեք. դեռ քանի՞ ուղեգիր կարող ենք նվաճել:

– Առնվազն՝ երեք: Պարզապես, պարտավոր ենք: Ես տեսնում եմ, որ տղաները կարող են ու հավատում եմ նրանց:

– Քանի որ ՎԱԴԱ-ն օրավուր խստացնում է արգելված խթանիչներ օգտագործելու դեմ կիրառվող պատժամիջոցները, պարտավոր եմ հարցնել. հավաքականի տղաները «մաքո՞ւր» են։

– Բոլոր ըմբիշներն ու նրանց անձնական մարզիչները վաղուց տեղեկացված են, որ որեւէ խթանիչ չօգտագործեն։ Եվ եթե որեւէ մեկը կարգը խախտի, մենք ինքներս նրանց կորակազրկենք՝ առանց ՎԱԴԱ-ին սպասելու։ Նման խնդիրներ չեն եղել եւ ուզում եմ հավատալ, որ այսուհետեւ էլ չեն լինի։

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել