Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Ր ԶԵՆՔՈՎ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՊԱՆՎԵԼ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ

Հունվար 15,2004 00:00

Այդ պարզագույն հարցերի պատասխանը, ըստ Արմեն Սարգսյանի փաստաբանների, չի տվել ոչ նախաքննությունը, ոչ էլ՝ դատաքննությունը:

Այսօր Վերաքննիչ դատարանում կողմերի վիճաբանության փուլով կվերսկսվի Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով հետաձգված դատաքննությունը: Առաջին ատյանի դատարանի նման Վերաքննիչը եւս հրաժարվեց ուսումնասիրել քրգործի համար որոշ կարեւոր հանգամանքներ: Վերաքննիչն էլ մերժել է դատապարտյալներից մեկի՝ Արմեն Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ դատակոչել եւ հարցաքննել Երեւանի թիվ 3 հիվանդանոցի՝ Տ. Նաղդալյանին ընդունող եւ նրա հիվանդության պատմությունը քննչական մարմիններին ներկայացրած բժիշկներին, դատաբժշկական փորձագետներին, դատաձգաբանական փորձագետներին: Իսկ դա, ըստ պաշտպանների, կարեւոր էր այնքանով, որքանով՝ «չի կարելի անտեսել այն, որ Տ. Նաղդալյանի հիվանդության պատմության մեջ ընդունող բժիշկները գրել են, թե նրա ստացած վերքի մուտքը ծոծրակից է, ելքը՝ ճակատից, իսկ դատաբժշկական փորձագետներն ասում են միանգամայն հակառակը՝ մուտքը ճակատից է, ելքը՝ ծոծրակից: Առաջինը հիվանդին նայել են ընդունող բժիշկները, որոնք բարձր մակարդակի մասնագետներ են: Ինչպե՞ս է ստացվել, որ դատաբժշկական փորձագետները հետո այլ եզրակացության էին հանգել»: Եթե քրգործում կան իրարամերժ եզրակացություններ, եւ դա նախաքննության ընթացքում պարզաբանված չէ, դատաքննությունը պարտավոր էր լրացնել այդ բացը:

Ա. Սարգսյանի պաշտպանների մյուս մերժված միջնորդությունը վերաբերում էր սպանության զենք հանդիսացող «ՏՏ» տեսակի Թը-265 ատրճանակի գրանցված լինելու հանգամանքը ստուգելուն, որը եւս մերժվել է:

«Այս քրգործի հարուցման որոշման բովանդակությունից բխում է, որ այն զենքը, որով սպանվել է Տ. Նաղդալյանը, այդ պահին հենց եղել է նախաքննական մարմնի տրամադրության տակ: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր քրգործ հարուցելու որոշման մեջ չգրանցված զենքի ապօրինի օգտագործման մասին խոսք լինել, եթե այդ զենքը նրանք չունեին ձեռքի տակ եւ չէին ստուգել՝ ու պարզել, որ այն հաշվառված չէ: Հետագայում Ջ. Հարությունյանի խոստովանական հայտարարությունը եւ 250 հազար դոլար պարգեւավճարի պահանջը թույլ են տալիս ասելու, որ շատ հնարավոր է, որ զենքը նախապես է եղել քննչական մարմնի տրամադրության տակ եւ Ջ. Հարությունյանը պարզապես այդ գումարի դիմաց ընդունել է, որ սպանությունն ինքն է արել»,- նշում են փաստաբանները:

Բացի այդ, Ա. Սարգսյանի պաշտպանները միջնորդել էին, որ դատարանը պահանջի ստուգել, թե այս գործով իրեղեն ապացույց ճանաչված «ՏՏ» ատրճանակը՝ ոչ թե 86-265 համարով, այլ՝ Թը-265 համարով ԼՂՀ-ում գրանցվա՞ծ եւ որեւէ տեղ հաշվառվա՞ծ է, թե՞ ոչ: Արդյոք կամովին հանձնվե՞լ է ինչ-որ մեկի կողմից, թե՞ ոչ: Այս մասով քրգործում միայն մի պատասխան կա՝ 86-265 համարով զենք գրանցված, հաշվառված չէ: Փաստաբանները դրա հետ համաձայն են, որովհետեւ այդպիսի համարով զենք ընդհանրապես գոյություն չունի: Կա Թը-265 համարի ատրճանակ, որն իրականում ԼՂՀ-ում հաշվառված է: «Նրանք միտումնավոր գրել են ոչ թե Թը-265, այլ՝ 86-265, այն դեպքում, երբ նրանք չէին կարող չիմանալ, որ զենքն ունենում է սերիա, որը տվյալ դեպքում Թը-ն է: Նրանք հիանալի դա գիտեն, գիտեն նաեւ, որ Թը-265 համարով զենք հաշվառված է, եւ գիտեն, թե ում զենքն է, մենք էլ գիտենք: Պարզապես ուզում ենք, որ ոչ թե մենք, այլ իրենք ասեն, թե ումն է եւ ինչ պայմաններում է հայտնվել «Ապերի» եւ մյուսների ձեռքին այն զենքը, որով կատարվել է այդ հանցագործությունը: Իսկ գուցե մեր միջնորդությունը բավարարվելու դեպքում ստուգվեր ու պարզվեր, որ այդ զենքի տերն այսօր պատասխանատվությունից դո՞ւրս է: Սա քննության մի ամբողջ շրջանակ է, որն այդպես էլ մնաց չպարզաբանված եւ միայն Աստված գիտե, թե ինչ արդյունքի կհանգեցներ, եթե ստուգվեր»,- ասում են Արմեն Սարգսյանի փաստաբանները:

Բնական է, որ այս ամենը դատավարության միայն մի՝ պաշտպանական կողմի մեկնաբանությունն է: Մեղադրող կողմն, ինչ խոսք, ունի իր հակափաստարկները: Սակայն դրանք, համենայնդեպս, մեր թերթին, չի հաջողվում ստանալ: Իսկ դատարանում հնչող մեղադրողների մտքերը շատ լակոնիկ են՝ Քրօր.-ի հոդվածներից մեկի մեջբերում՝ իբրեւ փաստարկ պաշտպանների միջնորդությունը մերժելու համար:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել