Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արաբկիր համայնքի տարբերակված ջուրը

Հունվար 15,2004 00:00

Արզնի
2-ի ջրամբարինը աղտոտված էր, իսկ Արզաքանինը՝ զուլալ
Դեկտեմբերի 29-ին ՀՅԴ Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն դատական հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան, Ջրային տնտեսության պետական կոմիտեից պահանջելով ֆինանսական փոխհատուցում՝ աշնանը ջրի աղտոտումից տուժած Արաբկիր համայնքի բնակիչների համար։ Հիշեցնենք, որ դաշնակցական կոմիտեն մինչ այդ նույն պահանջը ներկայացրել էր Ջրտնտպետկոմ, 10-օրյա ժամկետում պատասխան ստանալու խնդրանքով։ Երեկ ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Հայկակ Հակոբյանը մեզ ասաց, որ պատասխան չեն ստացել, իսկ Ջրտնտպետկոմից պաշտոնապես տեղեկացրին, որ «ՀՅԴ-ից այլ թեմաներով նամակներ ստացել ենք, բայց փոխհատուցման հետ կապված՝ ոչ»։

Այս անհասկանալի նամակագրությունից զատ, կողմերն իրենց անելիքները որոշակիացրել են. դաշնակցական կոմիտեն բնակիչների բողոքը կլուծի դատական կարգով, իսկ Ջրտնտպետկոմն արդեն հաշվել ու իր ձեւով հատուցել է արաբկիրցիների վնասը։ Վերջիններս փոխհատուցման չափի մասին արդեն կարող են տեղեկանալ Հայխնայբանկի մասնաճյուղերում վճարում կատարելիս՝ վճարման կտրոնից։ Ջրտնտպետկոմը յուրաքանչյուր բաժանորդի ջրի ծախսից հանել է վթարի 11 օրերին օգտագործած ջրի գնի կրկնակի չափն ու գանձել «տակը մնացածը»։ Քանի որ ջրի ծախսը յուրաքանչյուր ընտանիքի համար տարբեր է, փոխհատուցման գումարն էլ, ըստ այդմ, տարբեր է։ Երեւանի «Ջրմուղ-կոյուղին» մեզ հայտնեց միայն Արաբկիրի համայնքին հասցրած վնասի փոխհատուցման ընդհանուր գումարը՝ շուրջ 22 մլն դրամ։ Ընդ որում, նույն չափով ու տրամաբանությամբ են փոխհատուցվել աղտոտումից հիվանդացածներն ու չհիվանդացածները։

Բացի այդ, վթարի օրերին ջուր գնելու, եռացրած օգտագործելու եւ նախազգուշական այլ կոչեր բոլոր արաբկիրցիներին եւ Կենտրոնի մի հատվածի բնակիչներին ուղղելուց հետո, փոխհատուցման գումար «Ջրմուղ-կոյուղին» տվել է միայն այն շենքերի կամ տների բնակիչներին, որոնց ջրագիծը սնվում է հոկտեմբերի 26-ին աղտոտված Արզնի-2 ջրամբարից։ Թեպետ թունավորման վտանգից խուսափելու համար միջոցներ ձեռնարկել են բոլոր բնակիչները։ Ջրտնտպետկոմի պատճառաբանությամբ, «այդ օրերին ամեն ինչ խառն էր, չէինք կողմնորոշվել՝ վթարի վայրը որն է, եւ դա ընդհանուր նախազգուշական քայլ էր, հետո ժամանակ ունեցանք առանձնացնելու մաքուր ջուր մատակարարած Արզաքանի ջրամբարից օգտվողին՝ աղտոտված ջուր օգտագործածից»։ Արդարացի՞ է, արդյոք, նման մոտեցումը։ «Ոչ, ես էլ եմ գտնում, որ փոխհատուցումը քիչ է, մարդիկ ծախսեր են արել, սթրես տարել, բայց մեր հնարավորություններն այդքան էին, հո չե՞նք սնանկանալու կամ էլ՝ նույն բնակիչը կշահի՞ դրանից, եթե լիուլի փոխհատուցենք ու համակարգը հայտնվի տարիներ առաջվա վիճակում»,- երեկ «Առավոտին» պատասխանեց Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության գործադիր տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը։ Ըստ նրա, Արաբկիրի բնակիչները շատ էլ գոհ են ստացած գումարից, նորմալ կատարում են վճարումները եւ միայն լրագրողներն են հրահրում ու լարում բնակչությանը, «կարծես մենք էս ազգի թշնամիներն ենք»։ Նկատեցինք, որ ջրմուղի բաժանորդներն իրենց բողոքներն ուղղելու համար նախընտրում են լրատվամիջոցներն՝ այն պատճառով, որ իրավասու մարմինները շատ անգամ անտարբեր են կամ անհասանելի։ Նաեւ, որ նույն բնակիչների բողոքներով է ՀՅԴ կոմիտեն մտել դատարան։ Ի դեպ, Ջրտնտպետկոմի նախագահ Գագիկ Մարտիրոսյանն այս առիթով հայտնել է, որ «փոխհատուցման մեր տված չափին չհամաձայնողները կարող են դիմել դատարան եւ մենք պատրաստ ենք ենթարկվել դատարանի վճռին»։ Այս գործով դատական հայցին մասնակից բնակիչները չեն զրկվում «Ջրմուղ-կոյուղու» տված փոխհատուցումից։ Դատի օրը դեռ նշանակված չէ։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել