Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԴԵՌ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Հունվար 15,2004 00:00

«ՀայՌուսգազարդի»
տնօրեն Կարեն Կարապետյանի խոստովանությամբ, նախորդ տարի ընկերությունն ավելի
մեծ բեռ էր վերցրել իր վրա, քան կարող էր: Խոսքը գազիֆիկացմանն է վերաբերում:

Գազիֆիկացման հարցում, պարոն Կարապետյանի խոսքերով, «ՀայՌուսգազարդին» ու հանրապետության բնակիչներին օգնել են բոլոր քաղաքական ուժերը: Եվ սա բնական է, քանի որ տարին նախընտրական էր: Այդ ընթացքում քաղաքական ուժերը, կուսակցությունները եւ ժողովրդական համակրանքին հավակնող անհատ գործիչներ որոշ գյուղերում ու բնակավայրերում համաֆինանսավորել են գազիֆիկացման աշխատանքները՝ մեր հազարավոր հայրենակիցների (այն ժամանակ՝ ընտրողների) համար հասանելի դարձնելով երկնագույն վառելիքն ու թեթեւացնելով նրանց սոցիալական բեռը: Այս համաֆինանսավորումը քվեներ հավաքելու հետ պարզապես անհնար է չկապելը, ինչքան էլ պարոն Կարապետյանը պնդի, որ «երբ բոլոր քաղաքական ուժերը մեզ հետ համագործակցում էին, որպես կուսակցակա՛ն չէին համաֆինանսավորում»: Իսկ եթե հիշեցնենք նաեւ նախընտրական շրջանում մամուլի մի շարք հրապարակումներ, որտեղ տվյալներ էին հաղորդվում «գազի խողովակներ քաշելու վերաբերյալ ընտրակաշառքների մասին», ապա «իրենց հայրենի գյուղ գազ քաշելու հարցում» քաղաքական ուժերի գործունեության պատկերը կամբողջանա: Այսպիսով, նաեւ ներկայիս մի շարք պատգամավորների շնորհիվ անցած տարվա ընթացքում հանրապետության «գազիֆիկացված» բնակիչների թիվը ավելացավ 54 հազարով: Կարեն Կարապետյանի հավաստիացմամբ, ընկերությունը պատրաստ է գազիֆիկացնել 500 պոտենցիալ բաժնետեր ունեցող ցանկացած համայնք, դրա համար ծախսելով 1 միլիոն դրամ: Իսկ 3 միլիոն ծախս պահանջող համայնքները պատրաստ են գազիֆիկացնել համաֆինանսավորման առկայության պարագայում:

Վերջերս Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի գազի սակագնի վերաբերյալ ընդունած որոշումը Կարեն Կարապետյանը չհամարեց թանկացում եւ նշեց, որ իրենք ավելի ճկուն համակարգ էին առաջարկել: Իսկ այս հաստատված տարբերակից, «ՀայՌուսգազարդի» հիմնադիրներն ակնհայտորեն բավարարված չեն: Բավարարված չէ ոչ թե 45 տոկոսի բաժնետեր ՀՀ կառավարությունը, այլ մյուս 45 տոկոսի բաժնետեր «Գազպրոմը» եւ 10 տոկոսի բաժնետեր «Իտեռան», որոնք պարոն Կարապետյանի խոսքերով, «հույս ունեն, որ այս պրոցեսը շարունակական կլինի»: «Այս պրոցես» ասելով ընկերության տնօրենը նկատի ունի սակագների վերանայումը, ինչը «1997 թվականից ի վեր փակ թեմա էր համարվում, ուստի, դրական է, որ արդեն սկսել ենք խոսել այդ թեմայով»: Այնուամենայնիվ, հիմնադիրները եւ ընկերությունը քայլեր են ձեռնարկելու այդ ուղղությամբ: Այս ամենով հանդերձ, Կ. Կարապետյանի կանխատեսմամբ, «2004 թվականին գազի սակագնի փոփոխություն սկզբունքորեն չի կատարվի»: Այս կանխատեսում-գնահատականը սակագնի անփոփոխ մնալու երաշխիք չէ, որովհետեւ 8 հազար դրամով (հազար խմ-ի համար) բարձրացման պարագայում էլ նա գտնում է, որ «մեր («ՀայՌուսգազարդի») տեսակետից սակագնի թանկացում չի կատարվել: Ապրանքը դոլարով ենք գնում, կարելի է համարել, որ ինդեքսավորում է կատարվել»: Եվ, ընդհանրապես, պարոն Կարապետյանը ի գիտություն հույս փայփայողների տեղեկացրեց, որ աշխարհում գազի գինը նվազելու միտում չունի: Ըստ նրա, աշխարհում ընդամենը 30-50 տարվա պաշար է մնացել, պահանջարկն էլ տարեցտարի աճում է, եւ այս պայմաններում տնտեսագիտության կանոններին հակառակ կլիներ հուսալ, որ գազի գինը կարող է նվազել:

Պատահում են, սակայն, տնտեսագիտության կանոններին հակասող բաներ: Օրինակ, որքանո՞վ է տրամաբանական, որ Բնական մենաշնորհների հանձնաժողովը մի շարք հիմնավորումներ, փաստաթղթեր ստանալուց, ուսումնասիրելուց հետո նախ մի եզրահանգման է գալիս, ապա ընկերության՝ լավ մտածելու հորդորներին ընդառաջ գնալով, մի 15 օր էլ է մտածում ու հասկանում, որ չթանկացման իր պնդումը չի կարող հիմնավորել ու միջին մի տարբերակ է ընտրում: Այս դեպքում կարելի՞ է ենթադրել, որ քաղաքական որոշում կար գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ, որը կատարելու համար հանձնաժողովը բավականաչափ հիմնավորումներ չգտավ:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել