Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի դժբախտությունն՝ ըստ Կոմկուսի

Հունվար 15,2004 00:00

Կոմունիստները կառավարման համակարգը «գանգրենա» են ախտորոշում

«Դրանք բոլորն իրար օձիքից բռնած են, ուղղակի սպասում են հարմար պահի, որ մեկը մյուսին խեղդեն»,- այսպես բնութագրեց Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը ներկայիս Ազգային ժողովին եւ հավելեց. «Այնպես որ, կորուստները թվացյալ են եւ եթե ՀԿԿ-ն չի հայտնվել ԱԺ-ում, երբեք ողբերգություն չենք դարձնում։ Առջեւում դեռ կերեւա, թե ինչի է պիտանի այս խորհրդարանը»։ Մեր խնդրանքով՝ ամփոփելով անցնող քաղաքական տարին անցած ընտրությունների համատեքստում, թիվ մեկ ավանդական կոմունիստն այսպես խոսեց. «Այն կուսակցությունները, որոնք հայտնվեցին ԱԺ-ում, ես դա նրանց ձեռքբերումները չեմ համարում։ Դա ինչպես իրենց, այնպես էլ ժողովրդի ու երկրի հետագա զարգացման դժբախտությունն է»։ Պարոն Թովմասյանը նաեւ ինքնաքննադատություն զարգացրեց։ Ըստ այդմ, ՀԿԿ-ն նաեւ իր «ոչ հիանալի» աշխատանքի շնորհիվ տուժեց։ Սակայն գլխավոր պատճառը՝ «հանրապետությունում տիրող ուժերի ձեռքով նախօրոք մշակված ծրագիրն էր Կոմկուսի դեմ՝ Արեւմուտքի թելադրանքով եւ ստանդարտներով»։ Այս հակակոմունիզմը, սակայն, ըստ Ռ. Թովմասյանի, բարձրացրել է բոլոր կոմունիստների զգոնությունը. «Մենք շատ բան ենք տեսել մեր անցած ճանապարհում, բայց մենք համառ ենք։ Զգոնությունն ու կազմակերպվածությունը մեզ տանելու է նոր հարցերի լուծման»,- համոզված է մեր զրուցակիցը։

Այն, որ Կոմկուսը ջլատվեց ետխորհրդային բոլոր երկրներում, այդ թվում ՌԴ-ում, Ռուբեն Թովմասյանը եւս Արեւմուտքի ծրագիրն է համարում։ «Արեւմուտքը մինչ օրս չի դադարեցրել Կոմկուսի դեմ մղվող պայքարը։ Քարոզարշավի ժամանակ կոմունիստների դեմ սկսվում է մի կեղտոտ հարձակում, որը անհամատեղելի է նույնիսկ տարրական բարոյական նորմերի հետ»։ Պարոն Թովմասյանը չմոռացավ նաեւ կոմունիստ կարիերիստներին, որոնք «ծախվում են գործող կարգերին»։ Այդուհանդերձ՝ «ես ոչ թե գաղափարական նահանջ ու պարտություն եմ տեսնում, այլ՝ առանձին կարիերիստների։ Կոմունիստները դա շատ լավ հասկանում են եւ՝ համախմբվում»,- համոզված է հայ ավանդական կոմունիստը։

Ամփոփելով անցած տարին ընդհանրապես, մեր զրուցակիցը եզրակացրեց. «Համակարգը (նկատի ունի կառավարման- Ն. Գ.) գանգրենայով է հիվանդ, այս համակարգով այլեւս անհնար է շարունակել, այնպես որ, մեր ժողովուրդը պետք է լուրջ եզրակացություն անի դրանից»։ Իսկ այս եզրահանգման հիմքերը, ըստ Ռ. Թովմասյանի, «անկախ նրանից, թե այսօր ինչպիսի տնտեսական հաջողություններ է արձանագրվում, ժողովրդի վիճակն ընդհանուր առմամբ նորից մնաց անմխիթար։ Գործազրկությունը, արտագաղթը, աղքատության մակարդակը դեռ մի բան էլ աճում են։ Երիտասարդներն անորոշության մեջ են»։ Այս բոլոր խնդիրները՝ ավելացրած գների թռիչքային աճը, կոմունիստներին իրավունք չեն վերապահում առաջընթացի նշույլ արձանագրելու։ «Մարդն էլ աշխատանք չունի եւ լիմոնի պես անընդհատ քամվում է։ Այսքանից հետո էլ ի՞նչ դրական բան արձանագրենք»,- հռետորական հարց հնչեցրեց կոմունիստների առաջնորդը։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել