Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Հունվար 15,2004 00:00

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես եկավ 2003թ. ընթացքում արտաքին քաղաքական ոլորտում իրականացված աշխատանքների ամփոփիչ ասուլիսով:

Ասուլիսի ժամանակ լրագրողներին բաժանվեց վերոնշյալ ժամանակահատվածում ծավալված արտաքին քաղաքական գործունեության՝ 19 էջի վրա մի կերպ զետեղված նկարագրությունը։ Հասկանալի է, որ այդ 19 էջից առնվազն 18-ի վրա ներկայացված են Հայաստանի զանազան դիվանագիտական նվաճումներն ու հաղթանակները, այդ թվում՝ հարաբերությունների խորացում տարբեր երկրների հետ, ինչպես նաեւ անդամակցություն մի շարք միջազգային կազմակերպություններին (ԱՀԿ եւ այլն) եւ կոնվենցիաներին։ Հասկանալի է նաեւ, որ մենք ձեռնպահ կմնանք այդ նվաճումները ներկայացնելուց, քանզի նախ՝ չունենք այդչափ թերթային մակերես, ապա՝ դրա համար գոյություն ունեն համապատասխան լրատվամիջոցներ, որոնք հենց այդպիսի նվաճումները եւ հաղթանակները լուսաբանելու նպատակով ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

Արժե, թերեւս, անդրադառնալ ՀՀ արտգործնախարարի գնահատմամբ 2003թ. ընթացքում մեր երկրի համար ամենանշանակալից իրադարձություններից մեկ-երկուսին,որոնք վերաբերում են միջազգային կառույցների հետ համագործակցությանը: Վ.Օսկանյանը կարեւորեց ՀՀ անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչը, նրա ասելով, «տնտեսության հետագա զարգացման համար էական նշանակություն ունի»:

Ինչ վերաբերում է ԵԽ առջեւ ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարմանը, ապա՝ այդ ոլորտում իբրեւ լավ հարաբերությունների արձանագրում Վ. Օսկանյանը մատնանշեց մահապատժի վերացումը: Ըստ նրա, 2003թ. Հայաստանի նախնական պարտավորությունների մեծ մասն արդեն իրականացվել է: Նա կարեւորեց վերջերս ՀՀ ԱԺ-ի կողմից եվրոպական սոցիալական խարտիայի վավերացումը՝ նշելով, որ կոնվենցիաների մասով պարտավորություններն ամբողջությամբ իրականացվել են: Կարեւորվեց նաեւ Եվրամիության հետ հարաբերությունները եւ հատկապես այն, որ պաշտոնական Հայաստանն անցյալ տարեվերջին Բրյուսելում ԵՄ հաստատությունների ղեկավարների հանդիպումների ընթացքում կրկին անգամ վերահաստատել է մեր երկրի հանձնառությունը՝ բարեփոխելու ՀՀ հասարակական կյանքը եվրոպական սկզբունքներին ու չափանիշներին համապատասխան, ինչը «ԵՄ-ն բարձր է գնահատել»: Ըստ արտգործնախարարի, այս այցը որակական նոր փուլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններում. «Կարծում եմ, որ այդ էական տարբերությունը կսկսի իրեն ցույց տալ ԵՄ-ի կողմից ակնկալվող ազդանշանների առումով՝ հետագա մեր անելիքների կապակցությամբ»:   

Ուղղակի չենք կարող չանդրադառնալ նաեւ պրն Օսկանյանի արտահայտած մի քանի մտքերի, որոնք, ըստ էության, պարզ են դարձնում, թե ինչ արժեն 2003թ. ընթացքում արձանագրված այդ նվաճումները։ Պատասխանելով լրագրողների հարցերին, Վարդան Օսկանյանը նշեց, թե կարիք չկա անհանգստանալ, ասենք, այնպիսի փաստերից, երբ ամերիկյան կամ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Բաքու եւ Թբիլիսի, անտեսելով Երեւանը։ «Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ մենք ավելի նպաստավոր դիրքերում ենք, քանի որ նման այցերն ապացուցում են, որ նրանք Հայաստանի հետ խնդիրներ չունեն»,- ահա այսպիսի դարակազմիկ բացահայտում արեց ՀՀ ԱԳ նախարարը։ Այս բացահայտման լույսի տակ մեզ մնում է միայն անհանգստանալ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած հաճախակի այցերից, ինչն առնվազն նշանակում է, որ մենք լուրջ խնդիրներ ունենք մեր ռազմավարական միակ դաշնակցի հետ, մինչդեռ, օրինակ, նատօամետ Վրաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները գրեթե անթերի են։ Վ. Օսկանյանի հաջորդ նուրբ դիտարկումը վերաբերում էր այդպես էլ Բաքու չհասած ՀՀ ՊՆ զինվորական պատվիրակությանը։ Հարցին, թե ինչո՞ւ էին մեր զինվորականները ձգտում Ադրբեջանի մուտքի վիզաներ ստանալ Թբիլիսիում կամ Ստամբուլում, երբ Բիշքեկյան համաձայնագրով ԱՊՀ անդամ երկրների միջեւ գործում է ոչ վիզային ռեժիմ, Վ. Օսկանյանը պատասխանեց, թե հայկական կողմը գործել է ՆԱՏՕ-ի ցուցումների համաձայն (՞՞՞)։ Ստացվում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արհեստականորեն բարդացրել կամ, ավելի ճիշտ, անհնար է դարձրել հայ զինվորականների մեկնումը Բաքու, այն պարագայում, երբ վերջիններս կարող էին Ադրբեջան մուտք գործել առանց որեւէ վիզայի։

Վերջապես, ոչ պակաս ուշագրավ մի դիտարկում, որը, ըստ մեզ, պետք է որ լուրջ անհանգստություն պատճառի ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովին։ Խոսելով ԵԽ-ի՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթի մեջ տեղ գտած «Լեռնային Ղարաբաղը եւ մյուս օկուպացված տարածքները» ձեւակերպման մասին, պրն Օսկանյանը նշեց, թե այդ փաստը ոչ մի կերպ չի կարող գնահատվել իբրեւ դիվանագիտական ձախողում, քանզի խոսքն այստեղ «ոչ թե դիվանագիտական, այլ խորհրդարանական գործընթացների մասին է»։ Ասել կուզի, տեղի ունեցածը խորհրդարանական ձախողում է եւ ԵԽ շրջանակներում Ստրասբուրգում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ արտաքին գերատեսչության հետ հեռավոր առնչություն իսկ չունեն։ Համաձայնեք, որ փառավոր պատասխան է։ Պրն Օսկանյանն իհարկե նաեւ մեղմացրեց իր ասածը։ «Այդ փաստաթուղթը վերջնական չէ եւ դեռ ենթակա է շտկումների»,- մխիթարեց ՀՀ ԱԳ նախարարը։

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել