Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՅԱՆ ԾՈՎԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»

Հունվար 14,2004 00:00

«ԱՐՅԱՆ ԾՈՎԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ» Հարցազրույց 56-րդ կապուղու համար մրցույթը շահած «Երկիր-մեդիա» հեռուստաընկերության նախագահ Ռուբինա Ղազարյանի հետ: – Ձեր կանխատեսումներով, ե՞րբ կկարողանաք եթեր դուրս գալ: – Մայիսի վերջերին կամ քիչ ավելի շուտ՝ փորձնական եթեր կլինի, դա կապված է սարքավորումների ձեռքբերման հետ: Հիմա դրանով ենք զբաղված: Իհարկե, ինչ-որ ապարատուրա ունենք, բայց դեռ ամեն ինչ չէ, որ կա: Ինձ թվում է՝ կտեղավորվենք օրինական ժամկետների մեջ: – Դա՝ սարքավորումները, իսկ ստեղծագործական կա՞զմը: – Մի մասն արդեն սկսել է աշխատել ինչ-ինչ հաղորդումների վրա, իսկ մնացածին քիչ-քիչ հավաքում ենք: Լրատվականը մեծ բաժին է լինելու, իսկ մենք չունեինք, քանի որ սկսել էինք որպես հեռուստաընկերություն՝ ծրագրեր արտադրելու համար, հիմա նոր ենք հավաքում լրատվական բաժին: – Հայաստանցի հեռուստադիտողը տեսե՞լ է ձեր արտադրանքը: – Ոչ: Մենք փետրվարից ենք սկսել աշխատել, շենքի բարդություններ ունեինք, մինչեւ շենքը վերանորոգվեց, մինչեւ սարքավորումներ ենք ձեռք բերել… Մի քանի պիլոտ ծրագրեր արտադրել ենք, բայց որ հեռուստադիտողը տեսած լինի՝ չէ: – «Երկիր-մեդիայի» հիմնական ուղղվածությունը ինչպիսի՞ն է լինելու: – Կարելի է ասել՝ չունի այդպիսի ուղղվածություն, բայց պիտի աշխատենք լուրջ ծրագրեր ներկայացնել ամեն տեսակի հեռուստադիտողի համար: – ՀՌԱՀ-ին ներկայացրած ծրագրում ձեր տեխնիկան շատ թույլ էր, այդ մասին մամուլում էլ շատ գրվեց՝ ընդամենը երկու տեսախցիկ, երեք բարձրախոս եւ այլն: Ակնհայտ է, որ նման հնարավորություններով չի կարելի եթեր դուրս գալ: Կհասցնե՞ք մինչեւ մայիս ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումները: – Չգիտեմ, թե մամուլը որտեղից վերցրեց այդ հաշվարկները: Մեր ներկայացրածով մենք ունեինք երեք սեփական տեսախցիկ, բացի այդ մեր տրամադրության տակ էր եւս չորս տեսախցիկ: Մեր տրամադրության տակ լինելը չէր նշանակում, որ դա մեր սեփականությունն է, այդ պատճառով չէինք նշել դա: Կային դրանց շտատիվները, բարձրախոսները եւ այլն: Այսինքն, այնքան բան, որ մեզ բավարար էր մեր ծրագրերը պատրաստելու համար: Գաղտնիք չէ, որ մենք եղել ենք ծրագրեր պատրաստող եւ մյուս հեռուստաընկերություններին ներկայացնող: Իսկ որ ձեռք կբերենք՝ դա միանշանակ է: Հարսանիք նկարող կամերաներով չենք կարող եթեր դուրս գալ: – Ձեր ընկերության անունն անընդհատ կապվում էր դաշնակցության հետ, եւ դուք մինչեւ մրցույթն անընդհատ ժխտում էիք այդ կապը: Հիմա, երբ արդեն ունեք կապուղին, նորի՞ց պիտի ժխտեք, որ ձեր թիկունքում դաշնակցությունն է կանգնած: – Մեր թիկունքում դաշնակցությունը կանգնած չէ: Նախքան մրցույթն էլ եմ ասել, մեր բաժնետերերի մեջ կարող է լինեն դաշնակցականներ, բայց դա ոչ մի բան չի նշանակում: Սա դաշնակցության հեռուստաընկերությունը չէ, եւ եթե ինչ-որ նմանություններ մտածելակերպի կամ գաղափարախոսության մեջ լինի, դրանք ուղղակի նմանություններ կլինեն: – Այսինքն, դաշնակցությունը հույս չունենա՞, որ դուք կդառնաք իրենց խոսափողը: – Չէ, երբեք: – Իսկ ձեր ծրագրում տեղ գտած «Զարթնիր, լաո» հաղորդումն ինչի՞ մասին է լինելու: – Երբ մրցույթի համար ծրագրերը գրում էինք, այնպես չէր, որ ինչ գրեցինք՝ վաղը պիտի անպայման պատրաստենք: Ուղղակի պայմանական վերնագրեր են, կարող է փոխվեն, բայց ընդհանրապես միտումն այն է եղել, որ տանք մեր ժողովրդական ֆիդայական երգերի պատմությունը: – Դուք պատրաստվում եք հեռարձակել մանկական դաստիարակչական ծրագրեր, եւ ես, որպես ծնող, մտահոգվեցի՝ չլինի հանկարծ օրերից մի օր իմ երեխաների մեջ եթերից մտցնեն «Ստամբուլը դարձնենք արյան ծով» տիպի գաղափարներ: – Այսօր հեռուստատեսությունը բավականին թանկ հաճույք է նման բաների համար: Դա թերթ չէ, որ ամիսը երկու հազար դոլար տալով՝ կուսակցությունը պահի: Հեռուստատեսությունը նման բաներ չի ընդունում: Եթե դուք նման մտավախություն ունեք, ուրեմն այլ ծնողներ էլ կունենան, եւ մենք այդ ամենը պիտի հաշվի առնենք: Իսկ այդ «արյան ծովերի» ժամանակներն էլ արդեն անցել են: – Մամուլում անդրադարձ եղավ, որ ձեր մրցութային ծրագրի շատ դրույթներ խիստ նման էին «Ա1+»-ի ծրագրերին, Ամալյանն էլ հաստատել էր, որ դուք վերցրել եք «Ա1+»-ի մրցութային ծրագրերը՝ ծանոթանալու նպատակով: – Օրենքը թույլ է տալիս հեռուստաընկերություններին՝ ծանոթանալ նախկինում մրցույթի մասնակցած ընկերությունների ծրագրերին: Ինչ մնում է՝ արտագրելուն, ի՞նչ արտագրելու մասին է խոսքը: Ես այդքան նմանություններ չեմ տեսնում, թվերը տարբեր են: Եթե «ժամանցային ծրագիր» ենք գրել, նրանք էլ էին գրել, չեմ կարծում, որ ուրիշ բառերով կարելի է գրել այն միտքը, որ նշանակում է «ժամանցային ծրագիր»: Նման փաթեթներն ունեն իրենց շաբլոնային ձեւը, եւ դժվար է իրարից խիստ տարբեր բաներ գրել: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել