Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քինախնդրության հետեւանքները

Հունվար 14,2004 00:00

Քինախնդրության հետեւանքները Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող Լեւոն Աբրահամյանը երեկ դատարանում բացահայտեց, որ իրեն պարտադրել են ցուցմունք տալ՝ իբր այդ հանցագործության պատվիրատուն ընդդիմությունից է, մասնավորապես ակնարկելով Արտաշես Գեղամյանին: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Պատմությունը կրկնվում է: Ճիշտ մեկ տարի առաջ պարոններ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից վերահսկվող հեռուստաընկերություններն ու թերթերն անընդհատ ուղղակի ակնարկներ էին անում, թե Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպիչը ոչ այլ ոք է, քան Գեղամյանը: Հաշվարկը պարզ էր՝ հասարակության մեջ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի պարագայում իշխանություններն իրենց ներհատուկ գործելակերպով Գեղամյանի գլխին կսարքեին մի նոր «27»: Բնականաբար, իրենք էլ ակնարկներ կանեին, թե հանգուցյալի հարազատներն են վրեժխնդիր եղել: Այդ ժամանակ դա իրենց չհաջողվեց, որովհետեւ «ՀԺ»-ն մեծահոգաբար տրամադրեց իր էջը, որտեղ բացահայտեցի իշխանական այդ ստոր խարդավանքները: Դրան արդեն հաջորդեց իրենց իսկ կողմից հրապարակ նետած այն լուրը, թե Գեղամյանն իբր թե իրենց հետ կապված է եւ կեղծ ընդդիմություն է: Գիտեին, թե ինչ էին պատրաստում Գեղամյանի համար, եւ պետք էր տրամագծորեն այլ ուղղությամբ շեղել հասարակության ուշադրությունը: Դրան հաջորդեցին ավելի ստոր սպառնալիքներ՝ թե իբր Գեղամյանը մոսկովյան ձեռներեց Արբակ Խաչատրյանի հետ ունի անլուծելի խնդիրներ, եւ վերջինս ազատազրկումից վերադառնալուց հետո՝ հաշիվներ ունի պարզելիք ինձ հետ: Այդ տեղեկությունը հրապարակվեց Սերժ Սարգսյանի կողմից խմբագրվող թերթում: «ՀԺ»-ի եւ «Իրավունքի» էջերում այդ խարդավանքն իմ կողմից կրկին բացահայտվեց. հիշատակեցի, թե Արբակ Խաչատրյանը, որը ձերբակալվել է 1937-ին ներհատուկ եւ բնորոշ՝ ՀՀ իշխանությունների կողմից թելադրված «դանոսի» հետեւանքով, ի հեճուկս իրենց՝ ընտանյոք հանդերձ բարի դրացիական հարաբերությունների մեջ է ինձ հետ, եւ իրեն քաջ հայտնի են իր ձերբակալման իրական պատճառներն ու դրա հետեւում կանգնած բարձրաստիճան պաշտոնյաները: Իմանալով այս ամենը՝ պատահական չէ, որ բարեկամներս համառորեն պնդեցին, որ կրեմ զրահաբաճկոն: Դրան հետեւեցին լուտանքների եւ ստի տարածման նոր երանգներ. այն է, թե Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կաշառել են Գեղամյանին՝ տալով հսկայական գումարներ, որ վերջինս համագործակցի իրենց հետ: Երբ այս ամենը վեր ես լուծում՝ հասկանալի են դառնում նրանց գործողությունների իրական դրդապատճառները. փորձում են հայ մարդուն համոզել, թե Գեղամյանը կապված է Քոչարյան-Սարգսյան զույգի հետ, որ վաղը-մյուս օրը, երբ իրենք իսկ փորձանք կբերեն Գեղամյանի գլխին՝ ժողովրդի համար անհավատալի լինի, թե այն իրենց իսկ ձեռքի գործն է: Դա՛ էլ չհաջողվեց, եւ տեսեք, թե հիմա ի՜նչ ստոր գործողության են դիմում: Լրջագույն հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողին (ինչին ես չեմ հավատում, թե նա փորձել է այն կատարել), հուշում են, որ իր փրկօղակը Գեղամյանին իբրեւ պատվիրատու ներկայացնելն է, իսկ Լեւոն Աբրահամյանն էլ «դավադիր» Գեղամյանի դյուրահավատ զոհն է: Ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ քաղաքական պայքարի մի ճանապարհ եմ տեսնում՝ քաղաքական բանավեճը, որում պարոն Սերժ Սարգսյանն անմոռանալի պարտություն է կրել ինձնից «Հ1»-ով հեռուստաբանավեճի ժամանակ՝ ի հայտ բերելով Քոչարյան-Սարգսյան զույգի քաղաքականապես սնանկ լինելը: Ուստի եւ՝ աչքի ընկնելով քինախնդրությամբ եւ վրեժխնդրությամբ, ընտրել են ամենանողկալի ճանապարհը: Ցավում եմ, որ 21-րդ դարում ՀՀ իշխանության գլխին հայտնվել են մարդիկ, ովքեր վաղուց արդեն պետք է լինեին քաղաքական աղբանոցում: Պարոններ Սերժ Սարգսյան եւ Քոչարյան՝ դուք արդեն իսկ դատապարտված եք պատմության կողմից. հեռացե՛ք եւ թող Աստված լինի Ձեզ դատավոր»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել