Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ

Հունվար 14,2004 00:00

Գազի
թանկացումն անպայմանորեն կազդի թե՛ անապահով քաղաքացիների, թե՛ փոքր ու միջին
բիզնեսի վրա:
Տարեվերջին կառավարությունն իր հաստատած 2004 թվականի բյուջեն հայտարարեց «սոցիալական»՝ նկատի ունենալով, որ որոշ չափով բարձրացվելու էին ուսուցիչների, բուժաշխատողների, մի քիչ էլ՝ թոշակառուների ստանալիք գումարները։ Վերջիններս դեռ չէին հասցրել վայելել այդ ուրախությունը, երբ տեղեկացան կոմունալ ծառայությունների սպասվելիք թանկացումներին։ Հեռախոսի րոպեավճարի բարձրացմանը հակազդելու կառավարության քայլերը դեռեւս վերջնական արդյունք չեն տվել: Զուգահեռաբար, մարտի 1-ից բնակչության սպառած բնական գազի թանկացումն արդեն իրողություն է։ Չնայած գազի խոշոր սպառողների համար սակագնային փոփոխություն չեղավ, բայց դա՝ առայժմ, քանի որ թե՛ «ՀայՌուսգազարդը», թե՛ Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովն արդեն արտահայտել են միասնական կարծիք. «Գազն այսօր ավելի թանկ ենք առնում, բայց դա չի արտացոլվում վաճառքի գնում»։ Գրեթե նույն օրերին սպասվող ջրի սակագնի կրկնակի բարձրացումն արդեն այժմ էլ ոչ պաշտոնապես հաստատում են պաշտոնական օղակներում։ Դրան հավանաբար կավելանա Ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնում 6 դրամով ավելացումը՝ տնտեսության մեջ ունեցած իր բոլոր հետեւանքներով։ Այս բոլորի հանրագումարում կասկածելի են դառնում «աղքատության հաղթահարման ռազմավարության» մասին խոսակցությունները: Տպավորությունն այն է, որ մի ձեռքով տվածը պետությունը շտապում է մյուս ձեռքով ետ վերցնել։ Գուցե ծրագրի մշակման համար ստացվող-ծախսվող դրամաշնորհային գումարները ավելի արդյունավետ կլիներ օգտագործեին բնակչության համար այսպիսի սոցիալական ցնցումները «թեթեւ տանելուն» ուղղված «հոգեբանական» ծրագրի մշակմանը։

Գազի սակագների բարձրացմանը տարբերակված մոտեցումը կարող է «սասանել» հավատը փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցմանն ուղղված պետական ծրագրի հանդեպ։ Բանն այն է, որ Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն, բնակչությունից բացի, 1 խմ-ի դիմաց 8 դրամով ավելի սակագին պետք է վճարեն ամսական մինչեւ 10 հազար խմ գազի սպառում ունեցող բոլոր կազմակերպությունները։ Իսկ այդպիսիք կան արտադրության գրեթե բոլոր ճյուղերում՝ լայն սպառման արտադրությունում (հաց, սպիրտ, երշիկ, ջերմոցային բանջարեղեն, զուգարանի թուղթ եւ այլն), ջերմային համակարգում (լոկալ կաթսայատներ), ինչպես նաեւ ծառայությունների ոլորտում (լվացքատներ, փայտամշակման, գորգագործական եւ ալյումին հալող արտադրամասեր, ռեստորան-հյուրանոցներ)։ Դրանցից մի քանիսի տնօրենների հետ զրույցից պարզվեց, որ նրանք գուցեեւ չթանկացնեն իրենց արտադրանքի կամ ծառայության գինը, որովհետեւ «գների հետ խաղալը մի քիչ բարդ բան է, կարող է շուկային չդիմանանք»։ Այդ դեպքում նրանք մտադիր էին վնասը փոխհատուցել իրենց շահույթից։ «Մեր ապրանքն էժան է, 1 հատի ինքնարժեքի մեջ գազի գնի փոփոխությունը դեր չի խաղում, կարող է տեղավորվենք օգուտների մեջ ու չբարձրացնենք, բայց որ գազը մի անգամ էլ թանկացավ՝ էլ չենք կարող վնասը ծածկել»,- պարզաբանեց սանհանգույցում օգտագործվող թուղթ արտադրող «50X50» ընկերության տնօրեն Արսեն Նուրիջանյանը: Նրա գործընկեր՝ «Բասենի» տնօրեն Էդիկ Քոթանջյանը վստահ էր, որ արտադրող ընկերությունների համար գործող սակագները չեն փոխվի՝ «գազի տեսուչներն են ասել»։ Հացարտադրողները («Այմե», «Բուրմունք», «Բարդի») գտնում են, որ հացարտադրության մեջ շահույթը քիչ է եւ ինքնարժեքի վրա ազդող յուրաքանչյուր լումա չի կարող չարտացոլվել գնի մեջ։ Լոկալ ջեռուցողները ժամանակ ունեն մտածելու մինչեւ հաջորդ ձմեռ, քանի որ նոր սակագինն ուժի մեջ է գարնան առաջին օրից։ Այսպես, յուրաքանչյուրը կգտնի ինչ-որ ելք, մեկը՝ իր, մյուսը՝ գնորդի հաշվին փակելով գազի գնի բարձրացումից առաջացող վնասը։ Սակայն ցանկացած դեպքում սակագնային տարբերակումը նույն ոլորտում կարող է առաջացնել գործունեության համար անհավասար պայմաններ, վտանգելով փոքր բիզնեսով զբաղվողների գործը։ Սակագները կարգավորող հանձնաժողովը պետական մարմին է եւ պետք է, հավանաբար, հաշվի առներ, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագիրը նույնպես պետական է եւ աշխատատեղեր ստեղծելու առումով գազիֆիկացումից պակաս կարեւորություն չունի։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել