Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գործընկերային ռազմավարության» հրապույրները

Հունվար 14,2004 00:00

«Գործընկերային ռազմավարության» հրապույրները

Գաղտնիք չէ, որ այսօր մոլորակի թիվ մեկ գերտերության՝ Ամերիկայի
Միացյալ Նահանգների համաշխարհային դերակատարությունը կամ եթե կուզեք՝ առաքելությունը,
միջազգային հանրության կողմից միանշանակ չի ընկալվում: Իսկ վերջին շրջանում՝
աֆղանական ու հատկապես իրաքյան պատերազմներից հետո ԱՄՆ արտաքին քաղաքական
«վարքագծի» նկատմամբ բացասական վերաբերմունքը շատ երկրներում չափազանց սուր
դրսեւորումներ է ստանում:
Ավելին, նախագահ Բուշի քաղաքականությունը վերջին ամիսներին կատաղի քննադատության է ենթարկվում հենց երկրի ներսում, իհարկե՝ առավելապես նախագահի քաղաքական հակառակորդների կողմից: Գուցե հենց այդ է պատճառը, որ ԱՄՆ Պետքարտուղար Քոլին Փաուելը երկրի արտաքին քաղաքական կուրսի նորովի վերամատուցման փորձ է կատարել, ձգտելով, թերեւս, առավել ընկալելի դարձնել ԱՄՆ «Գործընկերային ռազմավարության» կարեւորությունն ու օգտակարությունը ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ողջ քաղաքակիրթ հանրության համար: Համառոտակի ներկայացնենք «պատառիկներ» Փաուելի «մտորումներից»: Ահաբեկչության դեմ պայքարը կշարունակի մնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության թիվ մեկ գերակայությունն այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա, քանի որ այսօր ահաբեկչությունը, որը սերտորեն շաղկապված է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման հետ, հանդիսանում է ամերիկացիներին սպառնացող ամենամեծ վտանգը: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ ահաբեկչությունը մեր ուշադրության կենտրոնում գտնվող միակ խնդիրն է: Նախագահ Բուշն ունի շրջապատող աշխարհը բարեփոխելու այլ գաղափարներ եւս, ինչպես նաեւ այդ գաղափարները կյանքի կոչելու ռազմավարություն: Առաջին անգամ 2002թ. սեպտեմբերին հանրությանը ներկայացված այդ գաղափարներն ամփոփված են ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Բազմաթիվ մեղադրանքներ են հնչում առ այն, որ ԱՄՆ ռազմավարությունը միակողմանի է: Դա այդպես չէ: Հաճախ մեղադրում են, որ այն հավասարակշռված չէ եւ մեծ տեղ է տալիս ռազմական մեթոդներին: Դա այդպես չէ: Ասում են, որ չափազանց մեծ տեղ է տրվում ահաբեկչության դեմ պայքարին, ուստի այն հակված է դեպի կանխարգելիչ պատերազմները: Իհարկե, դա այդպես չէ: Նախագահ Բուշի ռազմավարությունը գործընկերային ռազմավարություն է, որը հաստատում է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ դաշնակիցների, այդ թվում եւ Միավորված ազգերի կազմակերպության նշանակալի դերը: Գործընկերությունից զատ կա նաեւ մի հիմնարար սկզբունք, որի շուրջ կառուցվում է նախագահ Բուշի ռազմավարությունը. այն է՝ ազատության եւ արժանավայել գոյության խթանումը: Միացյալ Նահանգները պետք է հանդես գա ի պաշտպանություն մարդկային արժանապատվության այնպիսի հիմնարար գործոնների, ինչպիսիք են՝ օրենքի իշխանությունը, պետության բացարձակ իշխանության սահմանափակումը, խոսքի ազատությունը, դավանանքի ազատությունը եւ հավասարությունն օրենքի առաջ: Մենք ուզում ենք զարկ տալ մարդկային արժանապատվությանը եւ ժողովրդավարությանը աշխարհում, օգնել մարդկանց հաղթահարել աղքատությունը եւ վերափոխել ոչ լիարժեք առողջապահական համակարգը: Այժմ մենք գնում ենք դեպի այդ նպատակները:

Այս դեպքում մեկնաբանություններն, ինչպես ասում են, թողնում ենք բացառապես ընթերցողներին:

Պատր.՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել