Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՕՅԻՆՆԵՐ-2

Հունվար 14,2004 00:00

Հերմինե
Նաղդալյանը մաս է կազմում արդեն 3-րդ գումարման խորհրդարանին: Եվ 1995-ին
հաջորդող տարիների ընթացքում այնքան են եղել պատգամավորական գործունեությանն
առնչվող զվարճալի փաստերը, որ ժամանակին մտածել է անգամ դրանք գրի առնելու
մասին:
Բռնեմ՝ սեկվեստեր անեմ

«Տենդեր» բառը վաղուց սովորել են, հիմա անցել են «գենդեր»-ին, բայց էլի այդպիսի բարդ բառեր կան, որ դեռ պիտի սովորեն:- ասաց Հերմինե Նաղդալյանը եւ պատմեց դրանցից մեկին առնչվող մի միջադեպ:- 1999-ին նոր խորհրդարանն իր աշխատանքը սկսեց բյուջեի փոփոխություններով. այդ ժամանակ բյուջեի եկամտային մասը չէր կատարվում, մեծ պարտքեր էին կուտակվում, պետությունը չէր կարողանում վճարել աշխատավարձերն ու թոշակները: Շատ ծանր իրավիճակ էր: ԱԺ պատգամավոր Արայիկ Բադեյանի հետ զրուցում էինք այդ մասին, որ շատանում են պարտքերը, բյուջեի եկամտային մասի չկատարման պատճառով՝ ամբողջությամբ ձախողվում է ծախսային մասը: Բադեյանն ասաց. «Եթե այսպես շարունակվի՝ ուրիշ ելք չունենք, բացի սեկվեստեր անելուց»: Պատգամավորներից մեկը շուռ եկավ, թե՝ այ տղա, անհարմար է, կանանց ներկայությամբ ի՞նչ խոսքեր ես ասում»:

Վենետիկ եւ յուր գոնդոլներ

«Մենք շատ երկար ու տանջալից քննարկեցինք «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը: Վերջապես հասել էր արդեն քվեարկության պահը, երբ օրենքը պիտի ընդունվեր վերջնական տեսքով:- պատմեց Հերմինե Նաղդալյանը:- Խորհրդարանում լայնածավալ քվորում էր հավաքվել՝ ներկա էին բոլոր, նույնիսկ շա՜տ բազմազբաղ պատգամավորները, որոնք քիչ են հաճախում ԱԺ՝ եկել էին քվեարկելու: Իսկ դահլիճում դեռ շարունակվում էին քննարկումներն այդ օրենքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին: Եվ անընդհատ շեշտվում էր՝ Վենետիկի հանձնաժողովն այսպե՜ս ասաց, այնպե՜ս ասաց… երբ միջանցքում անհամբերությամբ սպասում էին, թե երբ պիտի ավարտվի, որ քվեարկեն ու գնան իրենց գործին: Մի պատգամավոր մեկ էլ ասաց. «Լսի՛ր, ո՞վ է այդ Վենետիկը: Դրան որ բռնեմ՝ մորթելո՜ւ եմ, կյանքներս կերավ»:

Տարած-հետ բերածը

«Գարնանային նստաշրջանում սովորականի պես քննարկում էինք կառավարության հաշվետվությունը բյուջեի վերաբերյալ: Դե, այն ընդամենը կատարողականների արձանագրում է: Բայց կուսակցության ղեկավարներից մեկը շատ խստաշունչ ելույթ ունեցավ ու ասաց. «Եթե այս կառավարությունն արժանապատվություն ունենար՝ ե՛տ կտաներ այս հաշվետվությունը եւ նորը կբերեր»,- տիկին Հերմինեն հրաժարվեց հայտնել առաջարկի հեղինակի անունը: Հաջողվեց պարզել միայն, որ նա ընդդիմադիր կուսակցությունից էր:

Տարբերությունը վերացված է

«Նախորդ ԱԺ-ի նախագահ Արմեն Խաչատրյանը որոշում էր կայացրել կին պատգամավորներին սպասարկող ավտոմեքենա տրամադրելու մասին,- տիկին Հերմինեն նրա այս քայլը բնորոշեց իբրեւ կնամեծարություն:- Որոշ պատգամավորներ դժգոհում էին այդ առնչությամբ, թե մեքենաները սուղ են, բոլորին չէ, որ սպասարկում են: Եվ մի մեծ խորհրդակցության ժամանակ, տղաներից մեկը ոտքի կանգնեց եւ հարցրեց. «Պարոն Խաչատրյան, մի հատ խնդրում եմ բացատրեք՝ կին պատգամավորներն ինչո՞վ են տարբերվում տղամարդ պատգամավորներից, որ նրանց մեքենա եք տրամադրել»: Ես պատասխանեցի նրա փոխարեն. «Ճիշտ ես ասում, մեր տղամարդկանցից շատերը ոչ մի բանով էլ չեն տարբերվում»:

Պնդաճակատիկը

«Անգամ մեծ դժբախտությունների մեջ էլ, եթե կարողանում ես այլ աչքերով նայել, հումոր է լինում»,- այս նախաբանով Հերմինե Նաղդալյանը, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին վիրավորվել էր, մի քանի պատմություններ պատմեց այդ օրը կատարվածից: Մեջբերենք դրանցից միայն մեկը. «Սեղանների տակ պառկածների համար նեղվածք էր, քանի որ գրեթե բոլորն էլ խոշորամարմին տղամարդիկ են: Նրանցից մեկի ոտքն անընդհատ դեմ էր ընկել ինչ-որ մի բանի եւ հա բրթել-բրթել էր՝ փորձելով մի քիչ տեղ ազատել: Բայց այնքա՜ն կարծր ու պինդ բան էր, որ թվացել էր, թե աթոռի ոտք է: Հետո պարզվել էր, որ նախարարներից մեկի գլուխն է»:

Համա թե «Ույուտ» է

«Լեոնիդ Հակոբյանն ու Արայիկ Բադեյանը վիճում էին իրար հետ ԱԺ դահլիճի նախասրահում՝ կոմունիստական եւ ներկայիս ժամանակաշրջանի առավելությունների եւ թերությունների մասին,- պատմեց տիկին Հերմինեն:- Լեոնիդ Սամսոնիչը նշում էր, բնականաբար, կոմունիստների ժամանակների, իսկ Բադեյանը՝ այսօրվա առավելությունները: Այնքան ասեց՝ էլ փաստարկ չմնաց Լեոնիդ Սամսոնիչին: Մի պահ մտածեց ու ասաց. «Արայիկ ջան, կոմունիստների ժամանակվա զուգարանը սարքել ես «Եվրոստան Ույուտ»: Բադեյանն անմիջապես գտավ պատասխանը. «Բա տեսնո՞ւմ ես, Լեոնիդ Սամսոնիչ, «Եվրոստան-Ույուտի» պես տեղը զուգարան էիք սարքել»:

Թունավոր ցեխ

Պատգամավորական գործունեությանն առնչվող կատակները շարունակվում են նաեւ ընտանիքում. «Վերջերս տանը մի քիչ նեղսրտել էի, թե բարկացել՝ չգիտեմ: Ամուսինս ասաց՝ «Ի՞նչ է, պատահել, կարծես ուզում ես կռվել ինչ-որ մեկի հետ»: Աղջիկս մխիթարեց. «Ոչինչ, պապ ջան, մարդը 10 տարի Սադոյանի հետ նույն դահլիճում է նստել»: Հերմինե Նաղդալյանն իր դստեր ասածներից եւս մի բան պատմեց. «Մի քանի տարի առաջ, երբ աղջիկս բավական փոքր էր, տանը պատմեց երթուղային տաքսու մեջ լսած մի խոսակցություն. «Բոլորը խոսում էին, թե անգամ մանկապարտեզի որեւէ երեխայի խաբելն այդքան հեշտ չէ, որքան պատգամավորներին»: Ես էլ հարցրի. «Բալիկ ջան, բա դու չասացի՞ր, որ դա այդպես չի»: Պատասխանեց. «Ի՞նչ ասեի, ճիշտ էին ասում»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Սրանք Հերմինե Նաղդալյանի վերհիշած պատգամավորական
զվարճապատումների մի մասն են միայն: Կարծում ենք, առիթ կլինի անդրադառնալու
մնացածներին էլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել