Հիմա էլ ընդդիմադիր գործիչների հույսը «թեժ գարունն է»
Տարվա եղանակները քաղաքական կատեգորիա չեն, բայց մեր քաղաքական մտքի առաջամարտիկները կարողանում են ամեն ինչ քաղաքականացնել՝ նույնիսկ անձրեւներն ու հյուսիսային քամիները։ Չնայած ձմեռվա այս սառնամանիքին «թեժության» մասին խոսելը զուտ ֆիզիկական մեկնությունների է կարոտ, քաղաքական ձմեռը սկսված է, եւ իրականում, քաղաքական զարգացումները հանրապետությունում հանգել են տրամաբանական սառած եւ անկյանք իրավիճակի։ Փորձեցինք պարզել՝ ի վերջո, գուցե ընդդիմությունը մտադիր է գարու՞նը մի փոքր թեժացնել։ Պարզվեց՝ թեժացումներ կլինեն, այս անգամ, սակայն՝ առանց տարվա եղանակների հետ կապելու։
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքական թեժացումները կախված կլինեն ոչ թե տարվա եղանակներից, այլ հասարակության ակտիվության աստիճանից եւ ընդդիմության համախմբման պատրաստակամությունից. «եւ սա պետք չէ կապել գարնան կամ ձմռան հետ։ Առաջիկա գարնանը, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթացներ տեղի կունենան։ Չասենք փետրվարին, կամ հունվարի վերջին, բայց գործընթացներ ընթանում են, ընդդիմության համախմբման նախաձեռնություն կա»։ Անդրադառնալով Պ. Հայրիկյանի հայտարարությանը, թե ընդդիմադիր դաշտում միավորման պրոցեսը սկսված է, Ալբերտ Բազեյանը նկատեց, որ ոչ ոք ոչ մեկին չի միանալու, պարզապես բոլորը պետք է միավորվեն Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու գաղափարի շուրջ եւ ոչ թե որեւէ անձի կամ քաղաքական կուսակցության շուրջ. «եւ այս տրամադրությունը առկա է ընդդիմադիր ուժերի մեջ։ Մինչեւ հունվարի վերջ դա հայտնի կդառնա հանրությանը»։
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հետեւյալ կարծիքին է. «ըստ էության, ընդդիմադիր դաշտն ազատ է, կարծում եմ՝ կձեւավորվի նոր ընդդիմություն, որն ավելի կառուցողական կլինի։ Նաեւ ասեմ՝ ո՛չ թեժ աշուն տեսանք, ո՛չ էլ թեժ գարուն կտեսնենք, քանի որ մենք ունենք ոչ թե ընդդիմադիր դաշտ, այլ՝ պարզապես, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք չկարողացան համատեղել իրենց գործառույթները։ Հիմնական սկզբունք է դիտվում՝ վերցնել իշխանության ղեկը, բայց որեւէ ծրագիր կամ ժողովրդի հետ աշխատանք չկատարվեց այս տարիների ընթացքում։ Աստիճանաբար այդ դաշտը փոշիացվեց, որը շատ վտանգավոր եմ համարում պետության համար»։ Պրն Գալուստ Սահակյանից չկարողացանք ճշտել՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, թե նոր ընդդիմություն կձեւավորվի։ Ի՞նչ ուժ է դա լինելու եւ ի՞նչ գիտի այդ մասին իշխանության ներկայացուցիչը։ Պրն Սահակյանն ասաց, որ ավելի կոնկրետ ասելիք չկա, պարզապես ինքը կանխատեսում արեց. «քաղաքական դաշտում որեւէ գոտի երբ ազատվում է, բնականաբար, նորի ծնունդն է ավետվում։ Այսօր ընդդիմադիր դաշտը ազատ է»։
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, հասկանալի պատճառներով, համաձայն չէ Գալուստ Սահակյանի արտահայտած մտքերին, բայց համամիտ է Ալբերտ Բազեյանի հետ, թե քաղաքական թեժացումները չի կարելի տարվա եղանակներով պայմանավորել. «ես երբեք ընդդիմության գործունեությունը չեմ պայմանավորել տարվա եղանակներով։ Կարծում եմ, աշունը պետք է լինի երփներանգ, գարունը՝ կանաչ, ամառը՝ շոգ, ձմեռը՝ սպիտակ։ Իսկ եթե հարցին ավելի լուրջ պատասխանեմ, ապա, իմ կարծիքով, քաղաքական կյանքը միշտ էլ թեժ է, պարզապես ոմանք այդ թեժությունը չեն հասկանում, կամ՝ չեն ուզում հասկանալ։ Ակնհայտ է, որ մեր երկրում կուտակված հսկայական պրոբլեմները լուծված չեն։ Եվ ամենակարեւոր երկու պրոբլեմ կա՝ իրավունքի պրոբլեմը եւ սոցիալական՝ հացի պրոբլեմը։ Մեծ հաշվով, մարդկության պատմության այս երկու պրոբլեմները լուծված չեն եւ լուծված չեն նաեւ Հայաստանի Հանրապետությունում»։ Պրն Դալլաքյանը հիշեցրեց ՍԴ-ի որոշումը՝ մինչեւ ապրիլի 16-ը վստահության հանրաքվե անցկացնելու մասին. «այսինքն՝ ընդդիմության բոլոր գործողությունները պետք է պայմանավորված լինեն այս խնդրով։ Ընդդիմության բոլոր քայլերը պայմանավորված են մեր երկրում օրինական իշխանության հաստատմամբ, որի ճանապարհը վստահության հանրաքվեն է։ Հիմա սրա անունը ոմանք կդնեն թեժ աշուն, տաք ձմեռ, կամ՝ չգիտեմ ինչ գարուն, էդ արդեն իրենց խնդիրն է»։ Վիկտոր Դալլաքյանը համաձայն չէ Գալուստ Սահակյանի այն մտքին, թե ընդդիմության տեղը դատարկ է։ Հակադարձումը հետեւյալն էր. «Ոմանք քաղաքականությունը շփոթում են երթուղային գծերի հետ»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ