Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռումպացված «նոր» կառույց

Հունվար 13,2004 00:00

Կոռումպացված «նոր» կառույց Այդպիսին, ըստ որոշ մասնագետների, կարող է լինել գիտելիքների գնահատման կենտրոնը Կրթության որակի եւ համապատասխանության Համաշխարհայիյն բանկի վարկային նոր ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն է գնահատման նոր համակարգի ներդրումը, որը հանգելու է նախ գիտելիքների գնահատման կենտրոնի ստեղծմանը: Կենտրոնը կփորձարկվի 2005 թվականից: Մինչ այդ, մշակվում են հանրակրթական համակարգի գիտելիքների տեստավորման եւ ստուգման չափորոշիչների մեխանիզմներ: Այս մասին «Առավոտին» հայտնեց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը: Սակայն թե վերջում ինչ տեսք կստանա այդ գիտելիքների գնահատման կենտրոնը, դեռեւս պարզ չէ: ԿԳ նախարարը մեզ հետ զրույցում նշեց, որ միջազգայնորեն ընդունված ձեւն այն է, որ կենտրոնում կազմակերպվում են դպրոցական ավարտական քննությունները, այնուհետեւ յուրաքանչյուր դիմորդ իր արդյունքները համեմատում է իր ընտրած բուհի հայտարարած ընդունելության շեմի հետ: Ըստ նախարարի, «Հայաստանի համար վերջնական ձեւ դեռեւս որոշված չէ, դեռ քննարկումներ պետք է արվեն»: Հիշեցնենք, որ ծրագիրը վերջնականապես կստորագրվի արդեն այս ամսվա վերջին՝ Վաշինգթոնում: Ինչ վերաբերում է միջազգային ստանդարտներին, ԿԳ նախորդ նախարարի առաջարկած տարբերակը ենթադրում էր ոչ միայն ավարտական քննությունների անցկացում՝ գիտելիքների գնահատման կենտրոնում, այլեւ միավորների հավաքում՝ միջին դպրոցից սկսած, որոնց հանրագումարը վերջում կհամեմատվեր բուհի հայտարարած շեմի հետ: Ներկա նախարարը նշում է, որ այդ կենտրոնում կանցկացվեն դեռեւս միայն ավարտական քննություններ: Ինչը, ոլորտի մասնագետների գնահատմամբ, նույնն է, ինչ կենտրոնացված քննությունները: Իսկ նման փորձեր մինչեւ հիմա արվել են, եւ որպես կանոն, ցանկալի արդյունք չեն տվել: Մտավախություն կա, որ այս «նորույթը» միայն ձեւի փոփոխություն կլինի: Վերջերս մի հանդիպման ժամանակ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը այս առնչությամբ նկատեց, որ այդ կենտրոնը ունենալու է իր տնօրենը, ինչը ենթադրում է, որ էլի նույն սուբյեկտիվ դրսեւորումները կարող են լինել, ինչ եղել է մինչ այժմ: Ի վերջո, համակարգիչների համապատասխան ծրագրերն էլ, որոնցով իրականացվելու է այդ ամբողջ գործընթացը, մարդիկ են կազմելու, եւ կեղծիքի ցանկացած դրսեւորում այդ դեպքում էլի չի բացառվում: ԿԳ նախարարը, սակայն, հավատացնում է, թե նման դեպքերը բացառվում են. գրավորները փակվելու են ծրարներում եւ կնքվելու են մետաղյա կնիքներով, եւ այլն: ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն այս նոր ձեւը համեմատում է «Բլեյանի ժամանակվա՝ հայոց լեզվի կենտրոնացված քննությունների» հետ, երբ ամեն թվանշանի համար կար իր գնացուցակը: «Ինչ էլ անեն, ամեն դիմորդի կողքին մի հսկող էլ կանգնի, կեղծիքներ լինելու են: Մեր բոլոր միջոցները պետք է ներդնենք հանրակրթության որակը բարձրացնելու համար: Իսկ դրա համար պետք են բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, լաբորատորիաներ, սարքավորումներ: Դրան կարող ենք միայն աստիճանաբար հասնել: Օրինակ, մենք ունենք մասնագիտացված դպրոցներ: 93-ից ԵՊՀ-ն եւ հետո այլ բուհեր եւս այդ դպրոցների ավարտողներին ընդունում են հարցազրույցով: Այսքան տարի այս ձեւով ընդունված երեխայի համար ոչ մի բողոք չի եղել, ոչ մեկը վատ չի սովորել: Ինչո՞ւ այս փորձը դրած մի կողմ, կենտրոնացված քննությունը ձեւափոխենք, դարձնենք գիտելիքների գնահատման կենտրոն: Նույնն է լինելու: Եթե երեխան դպրոցից գիտելիք չի ստացել, նրան ինչ ձեւով ուզում ես գնահատի, ոչ մի տարբերություն: Այստեղ ընդունելության ձեւը չի փրկի: Գիտելիքների գնահատման կենտրոնը թող պետական ծառայողի գիտելիքները գնահատի, վերապատրաստման աշխատանքներ իրականացնի»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել