Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԳԵՐԻՇԽՈՒՄ ԵՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հունվար 13,2004 00:00

ՆՐԱՆՔ ԳԵՐԻՇԽՈՒՄ ԵՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ Ինչը, սակայն, չի փրկում տուգանքներից ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անցած տարվա ընթացքում համալրել է շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցուցակը: Ըստ այդմ, դիզելային վառելիքի շուկայի շուրջ 48 տոկոսը գրավել է Հարություն Փամբուկյանի «Էքսիմ պետրոլ գրուպը»: Այս մատյանում նոր է նաեւ «Դվին հոլդինգը», որը տիրապետում է հանրապետությունում իրացվող ամոնիումային սելիտրայի 91 տոկոսը: Գագիկ Ծառուկյանի «Մուլտի լեոնը» ավտոգազալցման բիզնեսում (սեղմված գազ) 39 տոկոս ունի, որին մի առիթով արդեն անդրադարձել ենք: Նրան պատկանող «Կոտայքն» էլ գարեջրի շուկայի 60 տոկոսն է գրավել: Այստեղ են հայտնվում բոլոր այն տնտեսվարողները, որոնք գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը: Վաղուց արդեն ռեեստրում է Հրանտ Վարդանյանի «Գրանդ Տոբակոն» (ծխախոտի իրացում), Սամվել Ալեքսանյանի «Աստղացոլքը» (շաքարավազ): Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ռեեստրում է եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանի «Պարես-Արմենիան» (ծխախոտի ներկրում), Մանվել Ղազարյանի «Վեդի ալկոն» (օղի) եւ այլն: Ընդ որում, շուկայում որոշների մասնաբաժինը ձգտում է 100 տոկոսի: Ռեեստրում կան նաեւ համեմատաբար քիչ հետաքրքություն ներկայացնող շուկաներում գործող ընկերություններ, ինչպես, օրինակ՝ «Հեռուստատեքստը», «Նեմրութը»: Գերիշխող դիրքի արձանագրումը, մի շարք գործարարների, հատկապես դրա «շեմին» գտնվողների մեկնաբանությամբ, «աննախադեպ գովազդ է ընկերության համար»: Նրանց հաշվարկներով, դա հեղինակություն է ապահովում: Սակայն աննախադեպ գովազդ ապահովելուց բացի, պարզվում է, դա նաեւ մեծ զգոնություն է ենթադրում ցանկացած ընկերության համար, եւ պատասխանատվություն է նշանակում: Շուկայում էական կշիռ ունեցող այս ընկերություններից մի քանիսը գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվել են, ոմանք էլ՝ նախազգուշացվել: Այս առումով օրինազանցների առաջատարների շարքում է «ԱրմենՏելը»: Հայկական հեռահաղորդակցության շուկայի տեր «ԱրմենՏելը» իր այդ դիրքի մասին յուրօրինակ պատկերացում ունենալու համար միայն 2003 թվականի դեկտեմբերին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տուգանվել է 10 միլիոն դրամով: 5 միլիոն դրամ էլ 2001-ին է տուգանվել: Ի դեպ, այսօր տնտեսական դատարանում կլսվի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցն ընդդեմ «ԱրմենՏելի»: Հանձնաժողովը դեռեւս դեկտեմբերին չեղյալ էր համարել «ԱրմենՏելի» եւ «Բարի լոտոյի» կազմակերպչի միջեւ կնքված պայմանագիրը, որով դեֆիցիտային պայմաններում մի ընկերության (տվյալ դեպքում՝ «Բարի լոտոյին») 3000 իզի քարտ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր էր կնքվել: Հանձնաժողովը պայմանագրի այդ կետերը չեղյալ է համարել, «ԱրմենՏելին» էլ տուգանել 5 միլիոն դրամով: Քանի որ պայմանագիրը դադարեցնելու եւ տուգանքը վճարելու վերաբերյալ հանձնաժողովը չի տեղեկացվել, ուստի «ԱրմենՏելի» դեմ հայց է հարուցվել: Մի անգամ էլ «ԱրմենՏելը» 100 հազար դրամով տուգանվել է հանձնաժողովի պահանջած տեղեկությունը չտրամադրելու համար: Պատժվել է նաեւ «Վեդի» ընկերությունը, որը, ենթադրաբար, նույն «Վեդի ալկոն» է: «Վեդին», սակայն, պատժվել է ոչ թե գերիշխող դիրքի չարաշահման, այլ հանձնաժողովին պահանջված տեղեկությունները չտրամադրելու համար: Շատ ընկերություններ էլ տուգանվել կամ նախազգուշացվել են անբարեխիղճ մրցակցության համար. հաճախակի են կեղծել ալկոհոլային խմիչքներ արտադրող «Վեդի ալկոյի», ռուսական, արտասահմանյան ֆիրմաների ապրանքանիշերը: Սակայն դրանք փոքր ընկերություններ են եւ արտառոց չեն պիտակների նմանակումների այդ դեպքերը, ինչը չես ասի հայտնի ընկերությունների պարագայում: «Աստղացոլք» ընկերությունն, օրինակ, անբարեխիղճ մրցակցության համար նախազգուշացվածների ցանկում է: Խոսքը շաքարավազի բիզնեսին չի վերաբերում: Մեր տեղեկություններով, «Աստղացոլքը» չի պատժվել, որովհետեւ խախտումները վերացրել է անմիջապես: Իսկ խախտման էությունը արտասահմանյան հայտնի ֆիրմաների՝ ձեթի, թեյի, օղու ապրանքանշանների կեղծումն է: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել