ԵԽ ԽՎ-ում խոսվել է «Ա1+»-ի մասին ԵԽ ԽՎ-ն ողջունել է ԶԼՄ-ների մասին օրենքի ընդունումը եւ «Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Սակայն նկատել է, որ մտահոգ են էլեկտրոնային մամուլի զարգացման վերաբերյալ եւ հատկապես ափսոսում են, որ «անկախ հանձնաժողովը լիակատար իրավասություններ ունի հեռարձակման արտոնագիր շնորհելու վերաբերյալ»։ Երեկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը լրագրողներին հայտնեց, որ այս հարցը բավականին տեւական քննարկման է ենթարկվել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում եւ, ի վերջո, ձեւակերպվել է մեկ մասով, որի առաջին հատվածում խոսվել է վերը ներկայացված մտահոգության մասին. «ընդ որում, այդ մտահոգությունը ձեւակերպելուց հետո՝ իրենք ափսոսում են, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովը լիակատար ազատություն ունի հեռարձակման արտոնագիր շնորհելու հարցում, եւ մասնավորապես նշվեց «Ա1+»-ի դեպքը։ Եվ շարունակության մեջ ասվում է, որ իրենք ի գիտություն են ընդունում «ԶԼՄ-ների մասին» օրենքի ընդունումը եւ «Ռադիոյի ու հեռուստատեսության մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Ըստ էության, իրենք հուսով են, որ այս օրենքների ընդունումով խնդիրը կլուծվի»։ Արմեն Ռուստամյանի եւ Տիգրան Թորոսյանի՝ ԵԽ ԽՎ-ից վերադառնալուց հետո երեկ տված մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հետաքրքրվեց. հեռուստատեսային կապուղիների մրցույթներից հետո, երբ «Ա1+»-ը շարունակաբար կապուղի չէր ստանում, գնահատականները լինում էին բավական սուր։ Ինչո՞ւ վերջին մրցույթից հետո գնահատականներ չեղան։ Արմեն Ռուստամյանը հետեւյալ պատասխանը տվեց. «բոլոր մրցույթները նույն ձեւով եւ նույն տրամաբանությամբ չեն անցել, նույն մրցող կողմերը չեն եղել, տարբեր են եղել ծրագրերը, գնահատականները, տարբեր է եղել ամբողջ մթնոլորտը։ Չկրկնվող մրցույթներ անցկացնելու պարագայում մեր մոտեցումները եւս չպետք է կրկնվեն։ Բայց ես միշտ եղել եմ այն տեսակետին, որ «Ա1+»-ը, այո, այն հեռուստաընկերությունն էր, որ ուրույն ասելիք ուներ, իր տեղն ուներ եւ լավ կլիներ, որ եթեր ունենար»։ Տիգրան Թորոսյանի կարծիքը սա է. «այն ժամանակ ինձ համար ակնհայտ էր, որ հաղթող ճանաչվեցին ընկերություններ, որոնք ոչ մի առավելություն չունեին «Ա1+»-ի նկատմամբ։ Անկեղծ ասած, դեկտեմբերի մրցույթի մանրամասներին տեղյակ չեմ, բայց ուզում եմ ասել՝ շատ կարեւոր է, որ մրցույթներն անցկացվեն ոչ թե այն սկզբունքով, որ ամեն գնով «Ա1+»-ին եթեր տրվի, այլ՝ իսկապես հաղթողը լինի թեկնածուներից լավագույնը։ Եվ, տա Աստված, որ դա լինի «Ա1+»-ը։ Ինչո՞ւ եմ դա ասում, որովհետեւ հակառակ դեպքում կունենանք եւս մեկ նախադեպ՝ ինչ-որ մեկին մի կողմ թողնել միայն այն բանի համար, որ «Ա1+»-ին եթեր տրվի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ