Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «27»-Ի ԴԱՏԸ

Հունվար 13,2004 00:00

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «27»-Ի ԴԱՏԸ Այսօր Քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանը կսկսի «Հոկտեմբերի 27»-ի գործով բերված 3 դատապարտյալների՝ Համլետ Ստեփանյանի, Աշոտ Կնյազյանի եւ Էդիկ Գրիգորյանի բողոքների լսումը: Այս առիթով արժե վերհիշել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003թ. դեկտեմբերի 2-ին կայացրած դատավճիռը: Առաջին ատյանի դատաքննությամբ պարզված է համարվել, «որ ահաբեկչական խումբը ղեկավարել է Նաիրի Հունանյանը», թեեւ առայժմ շարունակվում է անջատված մասով նախաքննությունը՝ պարզելու համար, թե արդյոք ահաբեկչությունն ունեցե՞լ է կազմակերպիչներ կամ դրդիչներ: Սակայն ողջ 153 համակարգչային էջանոց դատավճռով կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, թե Հունանյանն ինքն է կազմակերպել այս ահաբեկչությունը: Ասենք, նշված է, թե Նաիրի Հունանյանը իր զրույցներում եւ հանդիպումների ընթացքում բացահայտ դժգոհություններ է հայտնել երկրում վարվող քաղաքականությունից, «պնդելով, որ տիրող ռեժիմը պետք է ուժով տապալվի», «զինված, բռնի ուժով քաղաքական իշխանությունը փոխելու մասին արտահայտվել է անթաքույց, ասելով, որ «առանց Վազգեն Սարգսյանի բռնապետական եւ ահաբեկչական ռեժիմը վերացնելու՝ անհնար է որեւէ լուծում գտնել եւ քայլ կատարել», այս ուղղությամբ մշակելով եւ ստեղծելով գրավոր ծրագրեր»: Դատավճռում կազմակերպիչների առկայությունը հերքել փորձող ցուցմունքները մեջբերված են ամենայն մանրամասնությամբ: Եվ դատարանը հաստատված է համարել, թե այս հանցագործության կազմակերպիչը Նաիրի Հունանյանն է ու ճիշտ է, նա հանդիպել է տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, սակայն «չեն գտնվել նրան համախոհներ»: Միայն թռուցիկ են հիշատակվել տուժողների դատաքննական այն ցուցմունքները, որոնք վկայում են հակառակի մասին: Ասենք, դատավճռում մեջբերված է Սեյրան Ավագյանի ցուցմունքը, թե իր ներկայությամբ Դերենիկ Բեջանյանը հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսելիս ասել է. «Ֆուտբոլիստին խփեցինք: Տղերքին հավաքեք, եկեք»: Ուշագրավ է նաեւ, որ դատավճռում փորձ է արված արդեն իսկ պատասխանելու Նաիրի Հունանյանի եւ ԱԱՆ-ի առնչությունների վերաբերյալ մութ մնացած հարցերին: Մասնավորապես նշված է, թե ԱԱՆ աշխատակիցներ Կարեն Պարունակյանն ու Արամ Բեգոյանը Թուրքիա մեկնելուց առաջ նրան հրահանգավորել են միայն «վարքի զգոնության, աչալրջության կապակցությամբ»: Նաեւ նշված է. «Ն. Հունանյանը չթաքցրեց, որ ինքը հայտնվել է թուրքական հետախուզության ուշադրության կենտրոնում, որի մասին տեղյակ են եղել ՀՀ ԱԱՆ-ում, սակայն նրա թեկնածությունը, որեւէ աշխատանքի համար չի ընդունվել մեզ մոտ»: Թե որոշակիորեն ինչ աշխատանքի մասին է եղել խոսքը՝ թերեւս քննարկվել է դռնփակ նիստերում: Ուշագրավ է նաեւ, որ դատավճռում մեջբերված են Նաիրի Հունանյանի ցուցմունքներն ԱԱՆ մայոր Մելքոն Եսայանին հոկտեմբերի 8-ին իր ծրագիրը հայտնելու մասին, որոնք հակասում են ե՛ւ Հունանյանի, ե՛ւ Եսայանի նախաքննական ցուցմունքներին: Վերջինս դատարանում չհարցաքննվեց՝ «կրճատման տակ ընկավ»: Ուստի հաստատված դարձան Հունանյանի դատաքննական այն ցուցմունքները, թե խոսակցության ժամանակ ղեկավար անձանց սպանելու մասին որեւէ բան չի ասել, «ավելին՝ Մ. Եսայանը հեռու է նստած եղել իրենից եւ կարճ ժամանակ անց գնացել է»: Ընդգծենք՝ այս ամենը հակասում է ԱԱՆ աշխատակից Մելքոն Եսայանի նախաքննական ցուցմունքներին, որի միակ արդարացումն այն է եղել, թե լուրջ չի ընդունել Հունանյանի ասածները երկրի ղեկավարներին մորթելու մասին: Դատավճռի մի շարք արտահայտություններ տեղիք են տալիս ենթադրելու, որ դատավոր Սամվել Ուզունյանն այնուամենայնիվ հակված է չբացառել «թուրքական հետքի» մասին վարկածը: Մեջբերենք մի օրինակ. «Նաիրի Հունանյանի ուշադրությունից չի վրիպել թուրքական կողմի «հաճոյախոսությունը» մոտ ապագայում տեսնելու նրան, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավարներից մեկը, որը չէր կարող չանդրադառնալ Ն. Հունանյանի համոզմունքների վրա՝ ժողովրդի առջեւ իր «առաքելությունն» ունենալու հարցում»: Իսկ նախաքննության ժամանակ ահաբեկիչների տված ցուցմունքները կազմակերպիչների վերաբերյալ դատարանը գնահատել է իբրեւ «զրպարտչական» եւ «ապակողմնորոշող»: Սակայն դատարանը նաեւ հերքել է իշխանամետների նախասիրած այն փաստարկը, թե այդ ցուցմունքները տրվել են բռնությունների եւ ճնշումների ազդեցության ներքո, նշելով, թե դրանք չեն հիմնավորվել որեւէ փաստով, ուստի Գլխավոր դատախազությունը քննությունից հետո 2000-ի հունիսի 30-ին քննչական եւ օպերատիվ խմբի անդամների, ինչպես նաեւ՝ մեկուսարանների աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել՝ «հանցադեպի բացակայության պատճառով»: Ամփոփենք. թեեւ դատարանի դահլիճում անընդհատ մերժվում էին միջնորդությունները կազմակերպիչների կամ հնարավոր դրդիչների վերաբերյալ, նշելով, թե դրանց բացահայտումը դուրս է մեղադրանքի ծավալներից, դատավճռում դատավոր Սամվել Ուզունյանն ինքն է դուրս եկել այդ շրջանակներից եւ փորձել է հերքել կազմակերպիչների առկայությունը: Եթե օրենսդրությունն ընձեռում է այդ հնարավորությունը՝ արժեր, որ վերաքննիչ դատարանում այսօր սկսվող դատավարության ընթացքում որոշվեր «27»-ի մայր գործին միացնել անջատված մասը, եւ գործը քննել ամբողջապես: Այլապես անխուսափելի է, որ դարձյալ, ինչպես 1-ին ատյանի դատարանում, ըստ նպատակահարմարության՝ մե՛կ կանդրադառնան կազմակերպիչների առկայությանը, մե՛կ կխուսափեն այդ առնչությամբ հարցադրումներից: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել