ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ԱԶՆԻՎՆԵՐԸ» Առայժմ պարզ չէ, թե ովքեր են միավորվելու «Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» նախաձեռնության շուրջ: 2004-ի առաջին տասն օրերին «չեղած տեղը» քաղաքական իրադարձություն է համարվում ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանի կողմից շրջանառության մեջ դրված «Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» նախաձեռնությունը, որը կոչված է ետ պահել Հայաստանն այն կործանարար ճանապարհից, որում հայտնվել է «այս իշխանությունների մեղքով»: Բայց առայժմ պարզ չէ, թե ովքեր են այն «ազնիվ քաղաքական գործիչները», որոնք միավորվելու են այդ նախաձեռնության կազմում, թեեւ կան ակնարկներ՝ մասնավորապես, «Ազգային միաբանության», նաեւ «Արդարություն» դաշինքի մասին: Դաշինքի կուսակցություններից մեկը՝ «Հանրապետությունը», այնքան էլ ոգեւորված չէ այդ կոնկրետ նախաձեռնությամբ, թեեւ կուսակցության մամլո խոսնակ եւ քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի ասելով՝ «Հանրապետություն» կուսակցության այդ հարցում սկզբունքային դիրքորոշումը նորություն չէ՝ «երկրում տապալված է սահմանադրական կարգը եւ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք սահմանադրական կարգի վերականգնման կողմնակիցն են, պարտավոր են հենց այդ մեկ խնդրի շուրջ ձեւավորել լայն քաղաքական ալյանս. կլինի դա «Արդարություն» դաշինքի մեջ մտնող կուսակցությունները, «Ազգային միաբանությունը», Կոմկուսը, ՀՀՇ-ն, թե այլ կուսակցություններ»: Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ «Արդարությունը» եւ մասնավորապես ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը» դեմ չեն հիշյալ նախաձեռնության շուրջ բանակցություններ տանել եւ միավորվել, ասենք՝ Արտաշես Գեղամյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ միեւնույն ալյանսում այն դեպքում, երբ, իրենց իսկ պնդմամբ, նրանցից առաջինը 2003-ի նախագահական ընտրությունների ամենակարեւոր պահին հրաժարվեց համագործակցել, իսկ մյուսը անթաքույց արհամարհանք էր տածում «Միասնության» առաջնորդներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի նկատմամբ: «Խոսքը գնում է ոչ թե գաղափարական, քաղաքական դաշինքի մասին, այլ՝ մեկ խնդրի շուրջ համագործակցության»,- պարզաբանեց Ս.Սուրենյանցը: «Մեր կուսակցությունն այս անգամ առաջարկելու է քաղաքական գործողությունների կոնկրետ ծրագիր, որը բերելու է սահմանադրական կարգի վերականգնման: Բոլոր այն ուժերը, որոնք կմասնակցեն այդ ծրագրին՝ լավ, որոնք չեն մասնակցի՝ այլեւս մենք չենք պատրաստվում մեր գործողությունները պայմանավորել որեւէ քաղաքական ուժի դիրքորոշումներով կամ վարքագծով: Մեզ համար շատ ավելի կարեւոր է հասարակական պատվերը»,- նշեց մեր զրուցակիցը: «Խոսքը Ռ.Քոչարյանին իշխանությունից հեռացնելու հասարակական պատվերի մասին է, իսկ մենք մեր գործողություններն իրականացնելու ենք հենց այդ պատվերի շրջանակներում: Մյուս կուսակցությունները, եթե պատրաստ են այդ շրջանակներում տեղավորվել՝ խնդիր չկա, հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու մեր մոտեցումները հստակեցնել նաեւ մյուս կուսակցությունների մասով»: Թեեւ մենք Ս.Սուրենյանցին հիշեցրինք, որ «նախաձեռնության» ուղղությամբ քաղաքական կոնսուլտացիաներին հենց այդ կուսկացության նախագահ Ալբերտ Բազեյանն է մասնակցում, վերջինս եւս մեկ անգամ հստակեցրեց՝ «նշված նախաձեռնության հետ «Հանրապետությունը» որեւէ առնչություն չունի» եւ հավելեց, որ «կոնկրետ ԱԻՄ-ը մեր հասարակությանը դեռ պետք է համոզի ու ապացուցի, որ նա սահմանադրական կարգի վերականգնման համար է պայքարում»: Ավելին, ըստ մեր զրուցակցի, նա նկատի ունի «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությունը, որի շրջանակներում բացարձակապես չեն տեղավորվում ոչ Պ.Հայրիկյանի, ոչ Հմայակ Հովհաննիսյանի հնչեցրած մտքերը: «Այդ նախաձեռնությունը մեր կուսակցության որոշումների արդյունք է: Ավելին, նախաձեռնության հիմքում, որպես հստակ ձեւավորված բեւեռ պետք է լինեն «Արդարություն» դաշինքի մասն կազմող ուժերը: Մենք նախընտրելի ենք համարում կոնկրետ խնդիր լուծելը, քան անընդհատ ինչ-ինչ նախաձեռնությունների եւ դրանք կյանքի չկոչելու մասին խոսելը»,- հայտարարեց կուսակցության ներկայացուցիչը: Նա շեշտեց, թե իրենց նախաձեռնության նպատակն է անցկացնել ջրբաժան այն բոլոր կուսակցությունների մջեւ, որոնք «իսկապես սահմանադրական կարգի կողմնակից են եւ այն ուժերի, որոնք ռեժիմի կցորդն են»: «Կողմ լինելով ուժերի համախմբմանը միաժամանակ կարծում ենք, որ ընդդիմադիր շարժման համար էականը դրա անդամների քանակը չէ, այլ՝ գործողությունների արդյունավետությունը, քաղաքական դիրքորոշումների հստակեցումը ամենատարբեր հարցերի շուրջ, որոնք իսկապես կարտացոլեն իշխանության այլընտրանքը ամենակարեւոր՝ ներքին եւ արտաքին քաղաքական հարցերում»,- նկատեց Ս. Սուրենյանցը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ