Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՏԵԼ ԵՆՔ ՎԵՐԱՑՆԵԼ»

Հունվար 13,2004 00:00

Ասում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը

Առաջին հայացքից հունվարը մեռյալ ամիս է հատկապես ամառային մարզաձեւերի համար։ Չկան առաջնություններ, միջազգային խոշոր մրցաշարեր։ Սակայն դա թվացյալ է։

Անցնող այս օրերը յուրօրինակ լռություն են առաջիկայում սպասվող խոշոր իրադարձություններից առաջ։ Շուտով մեկնարկելու են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը, որոնց ներկայումս ամենայն լրջությամբ նախապատրաստվում են ամբողջ աշխարհում։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վարկանիշային մրցաշարերին նախապատրաստվել սկսել է անցած տարվա դեկտեմբերի 14-ից։ Ըմբիշները Ծաղկաձորում անցկացրած 12 օրերը նվիրել են ընդհանուր ֆիզպատրաստականության բարելավմանը։ Իսկ երեկ մեկնեցին Արարատ քաղաքի «Այգ» մարզաբազա՝ հունվարի 30-ին Բրատիսլավայում մեկնարկող վարկանիշային մրցաշարի նախապատրաստության վերջին փուլն անցկացնելու։

Մեկնելուց անմիջապես առաջ զրուցեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի հետ։

– Բրատիսլավայում ի՞նչ չափանիշներ են սահմանված օլիմպիական ուղեգրի արժանանալու համար։

– Յուրաքանչյուր քաշային կարգում անհրաժեշտ է տեղ գրավել առաջին հնգյակում։ Սակայն դա Աթենք մեկնելու միակ հնարավորությունը չէ այս տարում։ Փետրվարի 10-ին Սոֆիայում կայանալու է եւս մի վարկանիշային մրցաշար։

– Ամբողջակա՞ն թիմով եք մեկնելու Բրատիսլավա։

– Ոչ։ Միայն նրանք, ում հետ ուղեգիր ձեռք բերելու հույս ենք կապում։ Նրանք են. 55 կգ քաշային Մարտին Բերբերյանը, Սեւակ Բաղդյանը (60 կգ), Արշակ Հայրապետյանը (66) եւ Արայիկ Գեւորգյանը (74)։ Նրանց մասնակցության արդյունքից է կախված, թե ովքեր որ քաշային կարգերում այնուհետեւ կմեկնեն Սոֆիա։ Հուսանք, որ տղաներն իրենց առջեւ դրված խնդիրները կկատարեն հիմա ու Սոֆիայի անհրաժեշտություն չի լինի։

– Դրա համար առայժմ դեռ հարկավոր է քրտնաջան մարզվել։ «Այգում» ինչի՞ վրա է հիմնական ուշադրությունը դարձվելու։

– Հատուկ ֆիզպատրաստվածության եւ տեխնիկա-տակտիկական աշխատանքների։

– Տղաների ներկայիս վիճակի մասին ի՞նչ կասեք։

– Դեռ Ծաղկաձորից նրանք լավ մարզավիճակում են։ Պիտի անենք այնպես, որ գագաթնակետին հասնեն մրցումների օրերին։

– Աշխարհի առաջնությունից հետո մի տեսակետ տարածվեց, որ մեր ըմբիշները տեխնիկայով չզիջելով ոչ ոքի, առաջին 2-3 րոպեներին միավորների մեծ պաշար էին կուտակում, բայց, ի վերջո, ձախողվում էին ֆիզիկական ոչ պատշաճ պատրաստվածության պատճառով։ Այդ բացը լրացվե՞լ է։

– Այո։ Եվ ծաղկաձորյան ընդհանուր ֆիզպատրաստության հավաքը գլխավորապես դրան էր նվիրված։ Թեեւ, անկեղծ ասած, ես անձամբ այդ տեսակետին մասամբ եմ համաձայն։ Չի կարելի ընդհանրացնել՝ խնդիրներն ու պատճառները տարբեր են եղել։ Օրինակ, Մարտին Բերբերյանը մրցելույթի նախորդ օրը 40 աստիճան ջերմություն ունեցավ ու, համոզված եմ, դրա համար ուղեգիր չնվաճեց։ Չնայած, այս դեպքում էլ գտնում եմ, որ մեղավորությունը բոլորինս է։ Եթե մարզիկը ամբողջ տարի պատրաստվել է նման մրցման, ապա հիվանդանալու իրավունք չունի։ Դրա համար ժամանակակից բժշկությունը համապատասխան դեղամիջոցներ է ստեղծել։

– Քանի որ խոսեցիք դեղամիջոցներից, հետաքրքրեց. ըմբիշները դոպինգային ստուգում անցնելո՞ւ են։

– Կարծում եմ, անպայման, չնայած նրանց հետ երբեք նման խնդիր չի եղել, համենայնդեպս, հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելու իմ 13 տարիների ընթացքում։

– Մի հարց էլ։ Ինչո՞ւ եք Բրատիսլավա մեկնում ընդամենը չորս քաշային կարգի ըմբիշներով։

– 85 կիլոգրամում արդեն վարկանիշ ունենք։ Ավելի բարձր քաշերում թեեւ կան լավ, հեռանկարային ըմբիշներ, սակայն նրանք առայժմ, կարծում ենք, պատրաստ չեն ուղեգրի համար պայքարել։

– Իսկ «Այգ» գնում եք մեկուկես տասնյակի հասնող ըմբիշներով։

– Նրանք բոլորն էլ հավաքականի անդամ կամ թեկնածու են։ Ու գալիս են նշածս չորս ըմբիշներին նախապատրաստելու։

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Երեկ տեղեկացանք, որ «Այգ» մարզահամալիրում տեղադրված
մրցագորգը չի բավականացնում մարզումները լիարժեք կազմակերպելուն։ Դրա համար
Սպորտպետկոմը մեկ-երկու օրում Արարատ էր ուղարկելու եւս մեկ գորգ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել