Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրենքով» կրոնները

Հունվար 13,2004 00:00

Արտաշատում չկա առաքելական եկեղեցի, բայց կա մորմոնների տաճար

ՀՀ-ում բազմակրոնության ռեկորդակիր է Շիրակի մարզը։ Հայաստանցի կաթոլիկներն իրենց աղոթքն առ Աստված հղելու համար ստիպված չեն Վատիկան հասնել, քանի որ վերջիններիս առաջնորդարանը եւ մի շարք եկեղեցիներ գտնվում են Շիրակի մարզում: Այստեղ գյուղեր կան, որ ողջ համայնքով քրիստոնեության այս ուղղության հետեւորդներ են։ Օրինակ, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մաքեյանը եւ իր ողջ գյուղը՝ Փանիկը, կաթոլիկներ են։ Կաթոլիկներ կան նաեւ Ջավախքում, Ղուկասյանում։ Այսօր հայաբնակ տարածքներում բնակվում է մոտ 20.000 կաթոլիկ, որոնք, Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների բնորոշմամբ, ընդլայնվում են Հայ առաքելական եկեղեցու հաշվին։ Շիրակի մարզում ակտիվ գործում է նաեւ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված աղանդներից մեկը՝ մորմոնները եւ համայնքն արագորեն աճում է: Մորմոնների կենտրոնը ԱՄՆ Յուտա նահանգն է: Այս կրոնական հոսանքը կենտրոնացրել է զգալի նյութական միջոցներ: Դրա առաջնորդը Ջորջ Հանսմանն է, որը տարբեր երկրներում (մասնավորապես մեր աղետի գոտում) ծավալել է բարեգործական գործունեություն եւ բազմիցս պարգեւատրվել է Հայաստանի պատվավոր կոչումներով։ Այս կրոնի հետեւորդները մեծ թիվ են կազմում նաեւ Արտաշատ քաղաքում։ Ի դեպ, Արտաշատում Հայ առաքելական եկեղեցի դեռեւս չկա, բայց մորմոններն ունեն իրենց շենքը։ Մեր տեղեկություններով, մորմոնները Գյումրիում են ծրագրել տաճար կառուցել, սակայն տեղական իշխանությունները այդ ծրագիրն առայժմ խոչընդոտել են եւ կասեցրել։

Ի տարբերություն կաթոլիկների, մորմոնների եւ բողոքականների, կրիշնայականները ստիպված են բավարարվել այս կամ այն շենքում հիմնված ժողովարաններով, քանի որ վերջիններս դեռեւս իրենց սեփական տաճարը չեն հիմնել։ Փոխարենը, Երեւանի կենտրոնում գործում է մահմեդականների մզկիթը, չնայած կրոնական այդ ուղղությունը պաշտոնապես գրանցված չէ։ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության առաջատար մասնագետ Վարդան Ասծատրյանի տրամադրած տվյալների համաձայն, այսօր ՀՀ-ում գրանցված են 14 կրոնական ուղղություններ, որոնք ներառում են մի շարք ճյուղավորումներ։ Գրանցված կազմակերպությունների ընդհանուր թիվը 54 է։ «Ամենավիճահարույց» աղանդի՝ «Եհովայի վկաներին» չեն գրանցել, քանի որ, ըստ պաշտոնական պարզաբանումների, նրանց կանոնադրությունը չի համապատասխանում մեր երկրի Սահմանադրությանը: Սակայն լուրեր կան, որ այս հարցում մեր իշխանությունները հակված են զիջել Եվրոպայի խորհրդի պահանջներին, քանի որ միջազգային այդ կառույցի համար «եհովականների» հարցը խիստ սկզբունքային է:

Ընդհանրապես ՀՀ-ում կրոնական ոլորտը կարգավորվում է խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքով, համաձայն որի, բոլոր այն կրոնական համայնքները, որոնք դիմում են պետությանը՝ գրանցվում են։ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների կարծիքով, աղանդավորության դեմ պայքարում գործող օրենքին չեն կարող ապավինել, քանի որ օրենսդրությունում պաշտամունքի մասին դեռեւս բաց կետեր շատ կան, որոնք չեն կարգավորում կրոնական հողի վրա իրականացվող իրավախախտումները։

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել