«Առավոտի» հարցերին պատասխանում է Երեւանի պետական երաժշտական
կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը։
– Ինչո՞ւ ձեր թատրոնը չընդգրկվեց «Լինսի» հիմնադրամով վերանորոգվող մշակութային օջախների ցանկում։
– Երեւի ես չկարողացա այնպես անել, որ թատրոնը տեղ գտնի այդ ծրագրում։ Իմ համոզմամբ, վերանորոգվեցին քաղաքի երեւացող մասերում գտնվող թատրոնները, իսկ մենք թաքնված տեղում ենք։ Եթե վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլ սկսվի, մեզ էլ թերեւս նկատեն։ Այնուամենայնիվ, ուրախ ենք վերաբացված մշակութային օջախների համար ու այս քայլը դիտում ենք սկիզբը տարիներ շարունակ հնչող «պետական հոգածություն» արտահայտության։
– Ֆինանսական ի՞նչ միջոցներով է ապրում թատրոնը։
– Մենք գոյատեւում ենք միայն մշակույթի նախարարության գումարներով։ Մյուզիքլի ժանրը հանրապետությունում զարգացնելու համար պետք է հզոր ձեռք, որ գոյատեւելու վիճակից թատրոնը բարձրանա մի նոր որակի, եթե էս ժանրը ընդհանրապես պետք է մեզ։ Իմ խորին համոզմամբ, այն նույնիսկ անհրաժեշտ է հայերիս։ Հեռուստատեսությամբ դիտեք այլ երկրներում հեռարձակվող հաղորդումները ու պարզ կդառնա, որ մենք ժպտալ, ծիծաղել, պարզապես զվարճանալ չգիտենք։ Եկեք նախ սովորենք ժպտալ։ Բավական է, լացակումած կեցվածք ընդունելը հերոսություն չէ։
– Արդեն 5 տարին բոլորած թատրոնի խաղացանկում են հանրահայտ մյուզիքլներ, բացառությամբ Վարդան Աճեմյանի «Կիկոս» կոմիկական օպերայի։ Ինչ է, հայ հեղինակների գործեր չկա՞ն, թե՞ աշխատում եք բեմադրել, այսպես կոչված, «դրամարկղային» ներկայացումներ։
– Այո, բեմադրել ենք հանրահայտ «Կատուները»՝ Վեբերի մյուզիքլը, Օրֆիի «Բեռնաուերի դուստրը» երաժշտական դրաման, Բրիտտենի «Ոսկե ունայնություն» վոդեւիլը, Կոչիանտեի «Փարիզի Աստվածամոր տաճարի» մեր՝ «Քվազիմոդո եւ Էսմերալդա» տարբերակը։ Մեր խնդիրն է եղել հայտնի ու սիրված ներկայացումներն ունենալ հայկական տարբերակով։ Ինչքանով է հաջողվել՝ այլ հարց է։ Դրանք անհրաժեշտ են մյուզիքլի ժանրում մեզ մոտ առաջին քայլերն անող նորաստեղծ թատրոնի համար։ Պետք է սովորել այս հիթային մյուզիքլներից, որ մի օր էլ ներկայացնենք հայ հեղինակի գործ։ Աշխատում ենք համագործակցության եզրեր գտնել այս ժանրում ստեղծագործող կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի, Վարդան Աճեմյանի, Արամ Սաթյանի հետ։ Ի դեպ, վերջինիս «Լիլիթ» փոփ-օպերան, հուսով եմ, այս խաղաշրջանում կբեմադրենք։ Ունենք պայմանավորվածություն Ազգային օպերային թատրոնի հետ՝ համատեղ բեմադրելու Բերնսթայնի «Վեսթսայդյան պատմությունը», Գերշվինի «Պորգին եւ Բեսսը» հանրահայտ գործերը։
– Արտերկրում երաժշտական թատրոնները հանդես են գալիս նաեւ լուրջ, շքեղ շոու-ծրագրերով։ Նման նախագիծ հնարավոր չէ՞ մշակել ու բեմադրել ձեր թատրոնում։
– Ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ անհրաժեշտ։ Օրինակ, Փարիզի «Ֆոլի Բերժերում» ցուցադրական ճոխ ծրագրերին գալիս են քաղաքի էլիտան, հյուրեր։ Կամ, «Լիդոյում» շաբաթական մեկ անգամ հանդիսատեսը՝ նստած սեղանների շուրջ, դիտում է, վայելում բարձրաճաշակ, լուրջ ծրագիր։ Դրան հասնելու համար, կրկնում եմ, ֆինանսը՝ ֆինանս, բայց եկեք սկսենք հենց այսօրվանից սովորել ժպտալ, զվարճանալ։ Դրանք անհրաժեշտ են ե՛ւ արտիստներին, ե՛ւ հանդիսատեսին, մանավանդ՝ մեր թատրոնի պարագայում։
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Երեւանի պետական երաժշտական կամերային թատրոնը 2003-04թթ.
խաղաշրջանը կշարունակի մարտ ամսից։