Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՐԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՕԾԱՆԵԼԻՔ

Հունվար 13,2004 00:00

Թումանյան-Աբովյան
խաչմերուկում «օբյեկտ» կառուցելու համար պետք է հզոր հովանավոր ունենալ
Քաղաքի այս պատմական վայրում սրճարան կամ խանութ կառուցելու դեմ բազմիցս բողոքել են տեղի բնակիչները: Սակայն այստեղ տիրություն անող «Վերելք» ՍՊԸ-ին պարբերաբար հաջողվում է հաղթահարել բյուրոկրատական պատնեշները եւ բնակիչների ընդվզումը: Եթե 2000-2001-2002 թթ. բողոքող քաղաքացիների դիմումներին քաղաքապետարանը եւ թաղապետարանը պատասխանում էին թեեւ խուսափողական եւ կիսակատար, բայց որոշակի՝ «ապամոնտաժել», «արգելել», «նպատակահարմար չէ», ապա 2003-ին պատկերը փոխվել է։ Քաղաքապետարանի պետտեսչության պետ Ս. Հայրապետյանի ստորագրությամբ, ի պատասխան Թումանյան 28/20 շենքի բնակիչների հերթական դիմումի, այս անգամ հայտնում են, որ նշված հասցեում Կարինե Հայրապետյանին օծանելիքի տաղավար կառուցելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետա-քաղաքաշինական վարչության կողմից տրվել է 25.11.02թ. թիվ 356 առաջադրանքը: Հիշյալ Կարինեն, ստացվում է, գնել է Երեւան քաղաքի փողոցի մայթերը՝ այստեղ օծանելիքի վաճառքի կետ կառուցելու նպատակով: Բայց դա դեռ վերջը չէ. վերջին անգամ բնակիչներին պատասխանել են, որ Կ. Հայրապետյանին վաճառվել է շինություն 02.07.02թ. առքուվաճառքի պայմանագրի համաձայն եւ այժմ հարցը գտնվում է քննարկման փուլում։ Նման պատասխան է տվել «Առավոտին» քաղաքապետարանի աշխատակից Էդմոն Զարգարյանը: Թե ինչքան կտեւի այդ գործընթացը, պարոն Զարգարյանը չգիտեր։

Կառույցի ոդիսականը սկսվել է 1997-ին, երբ տրվել է թույլտվություն՝ Աբովյան-Թումանյան փողոցների հատման մասում բացօթյա սրճարանի կառուցման աշխատանքների համար։ Չնայած սրճարանի շահագործումից դժգոհ հարակից շենքի բնակիչները բազմիցս բողոքել են իրենց հանգիստը խանգարող օբյեկտի գործունեությունից եւ իրավասու մարմինները մի շարք անգամ այն արգելելու հրաման են իջեցրել, սրճարանը շարունակել է գործել: Ավելին՝ 2000-ին տարածքի տեր «Վերելք» ՍՊԸ-ին պատմական Աբովյան փողոցում, ուղղակի մայթին արտոնվել է կառուցել քարե հասարակական զուգարան: Բնակիչների համառ բողոքների արդյունքում, քաղաքապետարանի որոշմամբ տրվել է պարտադիր կատարման ցուցում՝ դադարեցնել հողազավթումով, ինքնակամ կառուցված բացօթյա սրճարանի շահագործումը, ապահովելով կանաչապատ տարածքի վերականգնումը, որն, իհարկե, չի իրականացվել։ Սա՝ 2000 թվին։ Իսկ 2001-ին արդեն, մի զորեղ ուժի միջամտությամբ, քաղաքապետի մարտի 29-ի թիվ 279 որոշմամբ, «Վերելք» ՍՊԸ-ին իրավունք է տրվել կրկին վերելք ապրել, այս անգամ՝ զուգարանի փոխարեն նախկին սրճարանը վերակառուցելու եւ ընդլայնելու։

Տեղի բնակիչները պատմում են, որ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «եկավ, նայեց եւ ասաց, որ ինքը հրաժարվել է ստորագրել նախագծի տակ, քանի որ ցանկացած օբյեկտ կառուցելիս դրա եւ բնակելի շենքի միջեւ եղած տարածությունը պիտի լինի 10 մետր եւ ավելի։ Իսկ այս դեպքում 5 մետր է»: Բնակիչների պնդմամբ, «հատկապես անթույլատրելի է շատրվանը, որի շուրջօրյա ձայնից կարծես դժոխքում ապրենք»: Ըստ նրանց, «նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը եւս եկավ, նայեց եւ ոչ միայն որպես քաղաքապետ, այլեւ տղամարդ, երեւանցի տղա, խոստացավ, որ քանի ինքը պաշտոնավարում է, այստեղ ոչինչ չի կառուցվի։ Ըստ էության այդպես էլ եղավ։ Ընթացքը դանդաղեց եւ կիսակառույցը ժառանգեց նոր քաղաքապետը, որն էլ բնակիչների հարցին ի պատասխան, միանգամից «լվաց ձեռքերը»՝ ինձանից առաջ է եղել։ Այժմ էլ ինչ-որ տաղավար են կառուցում։ Ներկայացվում է իբրեւ թեթեւ կոնստրուկցիաներով, այնինչ, դեռ կիսակառույց՝ միջնադարյան բերդ է հիշեցնում»։ Բնակիչները, որոնց մեծ մասն, ի դեպ, մտավորականներ են՝ գիտաշխատողներ, դասախոսներ, բժիշկներ, մարտական են տրամադրված. «Մենք պայքարելու ենք եւ չենք զիջելու»: Սակայն իշխանության ինչ-ինչ ազդեցիկ օղակների հովանավորությունը վայելող շահավետ բիզնեսը առայժմ ոչ մի շարքային քաղաքացի չի կարողացել կասեցնել:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել