Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնն ինքնակամ լքե՞ց

Հունվար 13,2004 00:00

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 7-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալ, Հանրապետական կուսակցության քաղաքային կառույցի ղեկավար Բորիս Ալեքսանովը:

Վերջինս գլխավորում է նաեւ մարզպետի կողմից կազմված բնակարանների բաշխման մարզային հանձնաժողովը: Փոխմարզպետի «առեղծվածային» հրաժարականը մեծ հետաքրքրություն է առաջացրել գյումրեցիների մոտ. այս մասին քաղաքում տարբեր ասեկոսներ են տարածվել: «Առավոտի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ Բորիս Ալեքսանովը ամենեւին էլ ինքնակամ չի զիջել իր պաշտոնը կուսակից ընկերոջը՝ Միշա Վարդանյանին: Մարզի որոշ պաշտոնյաների հավաստմամբ պաշտոնափոխություն կատարվել է ՀՀԿ-ի թելադրանքով, մյուսների ենթադրմամբ այն բնակբաշխման ոչ նորմալ գործընթացի հետեւանք է, շատերն էլ դիտում են որպես մարզպետ-փոխմարզպետ տարաձայնությունների արդյունք: Հատկապես բնակարանային հերթացուցակում ընդգրկված քաղաքացիները հետաքրքրված են նախկին փոխմարզպետի բնակարանների բաշխման հանձնաժողովի նախագահի պաշտոնին մնալ-չմնալու խնդրով:

Հիշյալ հարցերի պարզաբանման խնդրանքով երեկ «Առավոտը» դիմեց Բորիս Ալեքսանովին: Վերջինիս վստահեցմամբ, ինքն աշխատանքից ազատվել է ինքնակամ, վարչապետին «անձամբ» դիմում է ներկայացրել, վարչապետն էլ իր դիմումը «հարգել» է: Նախկին փոխմարզպետի պատճառաբանմամբ այլեւս անհնար էր նման անմարդկային ռեժիմով ապրել, միաժամանակ երկու խիստ պատասխանատու պաշտոններ ստանձնել: Ուստիեւ, ստիպված է միայն բնակարանների բաշխման գործընթացով զբաղվել: Պարզ է, որ այս պաշտոնին մնալու համար Ալեքսանովը չպիտի դադարի մարզպետարանի չինովնիկ լինելուց, ուստիեւ նախատեսվում է, որ առաջիկայում նա կնշանակվի մարզպետի խորհրդական: Սակայն բնակարանների բաշխման գործընթացի ավարտին մնացել է ընդամենը մի քանի օր, ուստիեւ այնքան էլ հավանական չէ, որ Ալեքսանովը ինքնակամ նման քայլ կատարեր՝ իր մշտական պաշտոնը փոխարինելով ժամանակավորով: Բորիս Ալեքսանովի ասելով, ՀՀԿ-ն իրեն նման պահանջ չի ներկայացրել, այլապես՝ կլիներ կուսակցական խորհրդի որոշումը:

«Ինչպես տեսնում եք բնակբաշխման հետ եւս կապված չէ, այն նորմալ ընթանում է, ես էլ իմ պաշտոնին դեռ մնալու եմ»,- ասում է նա: Իսկ իր ու մարզպետի տարաձայնությունների մասին քաղաքում պտտվող շշուկները պրն Ալեքսանովին պարզապես ապշեցնում են: «Եթե նման բան լիներ, մարզպետը հանձնաժողովը ինձ կվստահե՞ր»,- հարցնում է Ալեքսանովը:

Ճիշտ է Նոր տարին այնքան էլ բարեհաջող չսկսվեց հիշյալ պաշտոնյայի համար, սակայն ինչպես հասկացանք. նա չի հուսալքվում, եւ բնակարանների բաշխման գործընթացի ավարտից հետո պատրաստվում է վարչապետից իրեն «սազական» պաշտոն խնդրել: «Չէ որ ես միշտ օբյեկտիվ եմ աշխատել»,- ասում է Ալեքսանովը՝ հավանաբար, այդպես էլ չհասկանալով իրեն ազատելու պատճառը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել