ՀՐԱԺԱՐՎԵԼ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՑ
Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ռուսաստանի նախկին
ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը հունվարի 10-ին հանդես է եկել
հրապարակմամբ, որում քննադատում է հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումները
կարգավորման ներկայիս փուլում: Մասնավորապես, նա առանձին տրամաբանություն
չի տեսնում հայերի դիրքորոշման մեջ, երբ մենք պահանջում ենք «փաթեթային կարգավորում»,
որը նախատեսում է Ղարաբաղի անկախություն կամ՝ միացում Հայաստանի հետ: Ըստ
Կազիմիրովի, Ադրբեջանի ոչ մի ղեկավար նման փաթեթային փաստաթուղթ չի ստորագրի՝
առանց բավականաչափ փոխհատուցումների: Հայերի կիրառվող մեթոդը, դեսպանի կարծիքով,
արգելակում է կարգավորումը:
Բարձր կարծիք չունի Վ.Կազիմիրովը նաեւ ադրբեջանցիների տրամաբանության մասին: Բաքվի մշտական ռազմական սպառնալիքները, նրա տեսակետից, ոչ միայն չեն մոտեցնում տարածքների ազատմանը (խոսքը Ղարաբաղից դուրս գտնվող շրջանների մասին է) եւ տեղահանված անձանց վերադարձը, այլ ճիշտ հակառակը՝ «ամրապնդում է ներկայիս շփման գիծը», ինչպես գրում է դեսպանը՝ նշելով, որ ուժային ռեւանշը «բլեֆ է եւ զառանցանք», «որն ուշացել է ամբողջ մեկ դարով»: Պրն Կազիմիրովը հիշեցնում է, որ եվրոպական երկրները վաղուց արդեն փակել են իրենց տարածքային վեճերը (Գերմանիա-Ֆրանսիա, Հունգարիա-Ռումինիա եւ այլն) եւ մրցակցությունը տեսափոխել են սոցիալ-տնտեսական բարգավաճման դաշտ:
Դեսպանը գալիս է այն եզրակացության, որ կոնֆլիկտի կարգավորման մեջ առաջընթաց չի լինելու, քանի կողմերը չեն հրաժարվել իրենց անիրատեսական ձգտումներից. հայերը՝ փաթեթից, ադրբեջանցիները՝ ռազմական պատրանքներից:
Սեփ. լր.