Աջափնյակ համայնքում 2003-ի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո, անդրադառնալով թաղապետ Արծրուն Խաչատրյանի չարաշահումների մասին հրապարակումներին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր մեր թերթին. «Պիտի հասնեմ նրան, որ գողն իրավունք չունենա լինել պետական իշխանության մեջ: Ա՛յ, իսկական կոռուպցիայի դեմ պայքարը տեսնում եմ այդտեղ»:
Սակայն հաջորդող ամիսներին հայտնի չդարձավ այդ ուղղությամբ որեւէ քայլի մասին. ուրեմն, միայն «քամի՞ էր տատանում», ինչպես նման դեպքերում բնորոշում է ՊՆ նախարարը: «Ո՛չ քամի էի տատանում, ո՛չ էլ փոթորիկ բարձրացնում,- մեր այս հարցադրումներին այսպես արձագանքեց պրն Սահակյանը:- Այն տվյալները, որոնք կան, շատ քաջ հայտնի էին դատախազությանը: Բայց այդ ճանապարհով չեմ գնալու: Վերցրեք ԱԺ Վերահսկիչ պալատի 2004-ի ծրագիրը եւ կտեսնեք, որ ոչ միայն Աջափնյակի, այլ նաեւ այլ համայնքների եկամուտները եւ ծախսերը ենթարկվելու են ամբողջական ստուգման»: Իրոք, ԱԺ Վերահսկիչ պալատի այս տարվա ծրագրում նախատեսված է, որ պիտի վերահսկողություն իրականացվի ինչպես պետբյուջեից համայնքներին հատկացված ֆինանսական միջոցների ՀՀ օրենքներին համապատասխանության նկատմամբ, այնպես էլ՝ պիտի պարզվի համայնքների բյուջեների ձեւավորման համապատասխանությունը ՀՀ օրենքներին: Նախատեսվում է 2004-ի ընթացքում նաեւ ընտրանքային վերահսկողություն իրականացնել Երեւանի թաղային համայնքների նկատմամբ: Ենթադրելի է, որ այս բոլոր ընդհանուր ծրագրերում անպայման կներառվի Աջափնյակ համայնքը:
Այս ընդհանուր ուսումնասիրությունների շրջանակո՞ւմ է տեսնում խնդրի իր խոստացած լուծումը՝ հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Իհարկե՛: Գոնե այդտեղ, որպես ԱԺ պատգամավոր, ունեմ իմ լիազորությունների շրջանակը, որ ես էլ միանամ այդ ստուգումներին»: Ասվածից մնում էր եզրակացնել, թե ընտրություններում որդու պարտությունից վրդովված հայրն անձամբ է մասնակցելու Աջափնյակում ստուգումներին: Հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ սա կարող է դիտվել որպես լիազորությունների գերազանցում: «Ո՛չ, մտավախություն չունեմ,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:- Եթե մտավախություններով շարժվենք, ուրեմն պիտի ամեն ինչ մնա նույնը, եւ դրական գործընթացներ չեն լինի Հայաստանում»:
Ա. Ի.