Հունվարի 13-ից 15-ը Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի պլանավորման խորհրդաժողովին հայկական պատվիրակության մասնակցության ոդիսականը երեկվա դրությամբ հետաքրքիր զարգացումներ էր ապրում: ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի տարածած 10.01.2004 թվակիր հաղորդագրությունից տեղեկացել էինք, որ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը «առանց որեւիցե մեկնաբանությունների» մերժել է հայ սպաներին Ադրբեջան մուտքի վիզաներ տրամադրել:
Հիշեցնենք, որ Սեյրան Շահսուվարյանը մի քանի օր առաջ տարածած մեկ այլ հաղորդագրությամբ հավաստիացրել էր, թե Թբիլիսիում մերժվելու դեպքում մեր պատվիրակները ձգտելու են մուտքի վիզաներ ստանալ հենց Բաքվի օդանավակայանում: Տարօրինակն այն է, որ բոլորովին վերջերս Բաքվում ամենաբարձր մակարդակներով հավաստիացնում էին, թե իրենք չեն պատրաստվում խոչընդոտել հայերի մասնակցությունը վերոհիշյալ խորհրդաժողովին, փաստարկելով, թե տվյալ պարագայում հրավիրող կողմը ոչ թե Ադրբեջանն է, այլ ՆԱՏՕ-ն: Ադրբեջանի ԱԳ նախարար Գուլիեւն անգամ հանրությանը զսպվածության կոչ էր արել, հորդորելով «ըմբռնումով մոտենալ» խնդրին եւ հարվածի տակ չդնել երկրի միջազգային հեղինակությունը: Դժվար է ենթադրելն անգամ, թե Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը չի ենթարկվել վերադասի հրահանգներին ու ինքնագլուխ կերպով մերժել է հայ զինվորականների Ադրբեջան մուտքի հայտերը: Հավանաբար Բաքվում, այնուամենայնիվ, տեղի տալով հասարակական աճող հակազդեցությանը, վերջին պահին որոշել են չթույլատրել հայկական պատվիրակության մասնակցությունը, ապա, հայտնվելով որոշակիորեն աննպաստ եւ «փափուկ» դրության մեջ, որոշ ժամանակ անց վերանայել են իրենց պահվածքը: Իսկ այդ հակազդեցությունը, պետք է նշել, բավականաչափ լուրջ է: Օրերս Բաքվում մեկ տասնյակից ավելի հեղինակավոր հասարակական կազմակերպություններ համատեղ քննարկել են այս հարցը, ի արդյունք՝ կտրականապես մերժելի համարելով հայ զինվորականների՝ Բաքու ժամանման հնարավորությունը: Այդ քննարկումների ժամանակ շրջանառվել են մոտավորապես այսպիսի արտահայտություններ. «թույլ չենք տա 1988 թվականից ադրբեջանական ժողովրդի արյան վրա ձեռքեր տաքացրածների մուտքը մեր երկիր», «պատանդ կվերցնենք հայկական պատվիրակության անդամներին, նրանց մեր մայրերի եւ քույրերի հետ փոխանակելու նպատակով», «իզուր են իշխանությունները թաքցնում խորհրդաժողովի անցկացման տեղն ու ժամը, մեր հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության վրա»…
Հարկ է նկատել նաեւ, որ այս հարցի շուրջ Ադրբեջանում ծայր առած ողջ աժիոտաժը պետք է որ խիստ հաճելի լինի հայկական կողմին, քանզի դա հարմար առիթ է Ադրբեջանին վերջինիս համար ոչ բարենպաստ դեմքով երեւացնելու համար: Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ երեք հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունն, այնուամենայնիվ, մեկնել է Բաքու: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ