Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԻ

Հունվար 11,2004 00:00

ԿՅԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐ ԴԱՍԸ Իրական պատմություն լայնախոհության եւ հանդուրժողականության մասին Ուզում եմ պատմել շատ տարիներ առաջ ինձ հետ պատահած մի դեպքի մասին, որը մեծ դաս եղավ ինձ համար: 1991 թվականն էր: Առջեւում նախագահական ընտրություններն էին: Ես հազիվ քսան տարեկան էի: Մեր հարազատներից մեկը Սան Ֆրանցիսկոյից ծանրոց էր ուղարկել՝ ինչ-որ բուժաշխատողի հետ: Այդ կինը զանգեց, հասցեն հայտնեց, եւ ես ազգականուհուս հետ գնացի ծանրոցի հետեւից: Այն տունը, ուր պիտի գնայինք՝ գտնվում էր Արեշի շրջակայքում: Երկար փնտրում էինք, Արեշում ամեն պատահածի հարցնում էինք, թե ինչպես կարելի է գտնել այսինչ փողոցի (ցավոք, հիմա արդեն չեմ հիշում կոնկրետ անունը) այսինչ համարի տունը: Ում հարցնում էինք, բոլորն ասում էին՝ հա՜, Լեւոնի տուն ես գնում…Ես էլ մտածում էի՝ տեսնես այս Լեւոնը ո՞վ է, ի՜նչ հեղինակություն է, ի՜նչ անունով գողական է, որ ամբողջ Արեշը ճանաչում է: Այսպես երկար փնտրտուքից հետո հայտնվեցի Նոր Արեշի մի փոքրիկ տան առջեւ, դուռը բացեց տիպիկ հայկական հագուկապով, ճերմակ գոգնոց կապած մի անուշիկ տատիկ: Անմիջապես ներս հրավիրեց: Ես ասացի գալուս պատճառը: Նա տեղեկացրեց, որ մի քիչ պիտի սպասենք, քանի որ Սան Ֆրանցիսկոյից եկած այդ կինը տանը չէր: Մենք ընդունեցինք հրավերը, նստեցինք, տատիկը մեզ սիրով հյուրասիրեց՝ սուրճ, մրգեր, քաղցրավենիք: Կամաց-կամաց զրույցի բռնվեցինք: Ասում-խոսում էինք, ծիծաղում: Արդեն նշեցի, որ շատ երիտասարդ էի, եւ շատ կրակոտ: Քաղաքական տաք վերլուծություն սկսվեց: Այդ ժամանակ բոլորը, անգամ դեռահասները «մեծ քաղաքագետներ» էին: Չմոռանամ նշել, որ մեր զրույցին հետեւում էր մի փառահեղ ծերունի: Հավանաբար մեզ հյուրընկալած տատիկի ամուսինը: Նա ուշադիր դիտում էր հեռուստացույցով հեռարձակվող ԳԽ նիստը: Այն ժամանակ ուղիղ եթերում ցույց էին տալիս: Իսկ մեր զրույցն ընթանում էր սպասվող ընտրությունների շուրջ: Նախագահի մի քանի թեկնածու կար, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԳԽ նախագահն էր: Խոսք գնաց ե՛ւ ՀՀՇ-ի մասին, ե՛ւ իշխանությունների: Ես, երիտասարդներին հատուկ մաքսիմալիստությամբ, մի գլուխ դժգոհում էի ՀՀՇ-ից, իշխանություններից, ասում էի, թե ինչ սխալներ են արել, ինչը այնպես չեն արել՝ ինչպես պետքն էր եւ այլն…Այդպես տաք-տաք խոսում էի, իսկ երբ տատիկը հարցրեց, թե ում պիտի ընտրեմ՝ ասացի՝ միայն թե ոչ Լեւոնին, քանի որ շատ եմ հիասթափված: Իմ հյուրընկալները հանգիստ եւ ուշադիր լսում էին, առանց որեւէ արտակարգ արձագանքի: Այդպես ահագին զրուցեցինք, մինչեւ այն կինը, ում սպասում էի, եկավ: Մտնելուն պես, թե՝ դուք գիտե՞ք, թե ինչ օջախում եք գտնվում, սա իսկական հայկական սուրբ օջախ է: Այս խոսքերի վրա անկախ ինձնից աչքս նորից ընկավ անկյունում հեռուստացույց նայող ծերունուն, ու սառեցի…Լեւոնը ճիշտ իր հոր պատճենն էր: Փաստորեն, ես Լեւոնենց տանն էի: Եվ այդքան ժամանակ խոսում եւ թող ներվի ասել՝ բամբասում էի Լեւոնից իր սեփական ծնողների ներկայությամբ, եւ այդ մարդիկ այնքան բարձր էին, որ անգամ մի խոսքով ինձ՝ անմիտ ջահելիս, չսաստեցին: Այնպե՜ս ամաչեցի, որ մտածում էի՝ լավ էր գետինը մտնեի: Բնականաբար, Լեւոնի մայրը նկատեց անհանգստությունս, իրար խառնվելս, եւ մոտեցավ, ներողամտորեն գրկեց ու շոյեց ինձ: Թե ինչպես փախա այդ տնից՝ անհնար է նկարագրել: Միայն գիտեմ, որ Նոր Արեշից մինչեւ կայարան՝ մեր տուն, վազելով եմ գնացել: Եվ հիշում եմ, թե մեր փողոցի ծայրից ինչպես էի մորս կանչում եւ ճչում՝ մա՜մ, Լեւոնենց տանն եմ եղել: Լեւոնը մորս կուռքն էր: Այդ օրվանից իմ մեջ ահավոր շատ բան փոխվեց, դա մի գեղեցիկ եւ շատ ուսանելի պատմություն էր ինձ համար: Ես այդ օրը հասկացա, թե ինչպես կարելի է եւ պետք է ընդունել ուրիշի կարծիքը, ու չփաթաթել քոնը: Ես հասկացա, թե ինչքան մեծ մարդիկ կան: Տարիների հեռվից անընդհատ հիշում եմ այդ պատմությունն ու անընդհատ կրկնապատկվում, եռապատկվում է հարգանքս Լեւոնի եւ նրա լուսահոգի ծնողների նկատմամբ: Եվ հիշելով այդ օրը, ես մեկ ամաչում եմ, թե ինչպես էի նրա սեփական հարկի տակ արտահայտվում իր մասին, մեկ էլ՝ չեմ ափսոսում, այլապես այդ կարեւոր դասը չէի ստանա: ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ Լոս-ԱնջելեսՀ. Գ. Ի դեպ, ես նախագահ ընտրեցի Լեւոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել