Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորների

Հունվար 11,2004 00:00

Զինվորների դիակները՝ ջրամբարում Փաստաբանները բողոքում են դատաքննության ընթացքից Դեկտեմբերի 13-ին «անհայտ անձինք» Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատաքննության ժամանակ հարձակվել են ամբաստանյալների ծնողների եւ պաշտպանների վրա: Ստեփանակերտում տեղի ունեցող այդ դատաքննության առիթով երեկ «Արմենիա» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման էին եկել փաստաբաններ Զառա Փոստանջյանը, Աշոտ Աթոյանը եւ Ստեփան Ոսկանյանը: 2004-ի հունվարի 9-ին եւ 10-ին ջրամբարներից մեկում հայտնաբերվել են ԼՂՀ Մատաղիսի զորամասի զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի, ապա Ռոման Եղիազարյանի դիակները: Ըստ նախաքննության մարմնի, զինծառայողները դեկտեմբերի 23-ին ինքնակամ են փախել զորամասից: Նախաքննության փուլում ձերբակալվում են բազմաթիվ զինծառայողներ, իսկ 4 ամիս անց մեղադրանք է հարուցվում Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զարյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ: Ռ. Սարգսյանը հանդես գալով իբրեւ վկա, ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, որից հետագայում փորձում է հրաժարվել: Նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկվում է Ստեփանակերտ: Դատաքննության մեջ ներգրավվել են երեք մեղադրող՝ զինդատախազներ Անահիտ Եղիազարյան, Արմեն Հարությունյան եւ Աշոտ Ապրեսյան: Փաստաբանները երեկ դժգոհեցին, որ ոչ մի օրենք չի գործում եւ որ իրենց ծեծել են դատաքննության ժամանակ, իսկ իրենց հետ Ստեփանակերտ մեկնած «Բանակ-հասարակություն» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Վաչագան Հարությունյանը դատաքննության ժամանակ զանազան խարդավանքներով ձերբակալվել է: Ըստ ասուլիսի կազմակերպիչների, Վաչագանին ձերբակալելը ուներ մի խնդիր, այն է՝ զանգվածային վախի մթնոլորտ ստեղծել այս դատաքննության մասնակիցների նկատմամբ: Երեկ փաստաբանների հետ հանդիպման էր եկել նաեւ սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրը, որը հայտնեց, թե ինքը ոչ մի հնարավորություն չունի: Հայրը մինչեւ օրս չունի այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս իր երեխան հայտնվեց զորամասից դուրս: «Առավոտի» տեղեկություններով, ջրամբար գցված երկու զինվորի համար ոչ մի պաշտոնյա չի պատժվել: Ավելին, հրամանատարներից մեկը՝ Իվան Գրիգորյանը, այս ընթացքում «զղջացել» է, որի հետեւանքով նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել եւ մնացել է նույն զորամասում որպես ֆիզղեկ: Հրամանատար Միշա Արզումանյանը ուղարկվել է ուսանելու ՊՆ ակադեմիա: Թիկունքի գծով տեղակալ Ռուբեն Բաղյանի գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրապարակեց ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարների գրությունները՝ ուղղված հանրապետության զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Գրություններից տեղեկացանք, որ «արտակարգ պատահարի կապակցությամբ» Ի. Գրիգորյանն ու Ռ. Բաղյանը նշանակվել են ցածր պաշտոնների: Ա. Սաքունցը հայտարարեց. «Արդեն ցնդելու վիճակ է, երբ ՀՀ քաղաքացիների դատավարությունները իրականացնում են Հայաստանից դուրս: Օրը ցերեկով մարդկանց դատում են օրենքի տառը խախտելով»: Պաշտպանները հայտարարեցին, որ իրենք այլեւս չեն մեկնի Ստեփանակերտ, քանի որ իրենց տարբեր միջոցներով ահաբեկում են: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀ. Գ. Երեկ «Առավոտը» դիմեց այս գործով մեղադրող, զինվորական դատախազ Անահիտ Եղիազարյանին, թե արդյոք չի՞ վտանգված փաստաբանների անվտանգությունը դատաքննության ժամանակ: «Որեւէ ծեծ, բռնություն չի եղել, առավել եւս՝ մեր ներկայությամբ: Ապակողմնորոշիչ տեղեկատվությունը, որ տալիս են փաստաբանները, սուտ է: Ինչ վերաբերում է, թե դատարանը ընդդատյա չէ քննել սույն գործը, նկատենք, որ քրգործը հարուցվել է դեպքի վայրով»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել