Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՋԱՄԿԱՆ

Հունվար 11,2004 00:00

ԱՐՋԱՄԿԱՆ ՕՐԸ ՀՌԱՀ-ՈՒՄ Փետրվարի 14-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կազդարարի 100,6 եւ 100,1 կապուղիներով ռադիոհաղորդումներ հեռարձակելու համար մրցույթների հաղթողներին: Վերջին երկու տարիներին ձեւավոր ված ավանդույթի համաձայն՝ մրցութային առաջարկները ներկայացվեցին ամանորի նախօրեին, երբ տպագիր մամուլն արդեն արձակուրդում էր: Հիշեցնենք, որ այս երկու հաճախականությունների համար հայտ է ներկայացրել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը, որը մրցութային առաջարկում նշել է, թե իր լրատվական հաղորդումների մի մասը պատրաստելու է «Այբ-ֆե» գործակալությունը: Դեկտեմբերի 27-ին առաջինն իր փաթեթը ներկայացրեց 100,6 հաճախականության հավակնորդ «Ռադիո Ավրորա» ընկերությունը: Ըստ ներկայացված առաջարկի՝ «Ռադիո Ավրորան» խոստանում է ապահովել շուրջօրյա եթեր, որում հայրենական հաղորդումները կկազմեն 66 տոկոս, դրանցից 7,3 տոկոսը՝ լրատվական հաղորդումներ, իսկ 48 տոկոսը՝ երաժշտական-ժամանցային ծրագրեր: Համեմատության համար նշենք, որ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը խոստանում է 24-ժամյա եթերում ապահովել 80 տոկոս հայրենական հաղորդումներ, որոնցից 30 տոկոսը՝ լրատվական: Դրանց գումարվելու են նաեւ 20 տոկոս վերահեռարձակվող հաղորդումները, որոնք տրամադրելու է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Իսկ «Ավտոռադիո» ընկերությունը, որը կենտրոնի մրցակիցն է 101,1 կապուղով հաղորդումներ հեռարձակելու մրցապայքարում՝ խոստացավ ապահովել 18 ժամ հաղորդումներ, հայրենական հաղորդումների օրենքով նախատեսված նվազագույն ծավալը, որից 7 տոկոսը՝ լրատվական հաղորդումներ: «Ավտոռադիոյի» այսպես ասած՝ թիրախ-լսարանը պատանիներն ու երիտասարդներն են: Իսկ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի եթերի հիմնական ուղղվածությունը լինելու է հասարակական կյանքի լուսաբանումը: Մրցույթի 3 մասնակիցներն էլ խոստացան կիրառել RDS համակարգը, որը հնարավորություն է ընձեռում տեքստային տեղեկատվություն փոխանցել ռադիոընդունիչի էկրանին, նաեւ ապահովել ինտերնետային հեռարձակում: Եվս մի ընդհանրություն՝ «Ռադիո Ավրորան» ու «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը խոստացան, թե ընկերությունների հիմնադիրներն են ներդնելու իրենց սեփական միջոցները: «Ավրորայի» պարագայում խոսքը 40 հազար դոլարի մասին էր, որը տրամադրվելու է բանկային անձնական հաշիվներից: Իսկ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը, որն արդեն իսկ ունի 3 տաղավարների ու ձայնագրման, մոնտաժային, եթերային 4 ստուդիաների կահավորման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա՝ հետագա զարգացման համար մտադիր է ներդնել 30 հազար դոլարին համարժեք դրամ: Հայտարարվեց, թե այն հատկացվելու է դարձյալ անձնական միջոցներից: Սակայն ՀՌԱՀ անդամ Վահագն Ավագյանն անմիջապես հետաքրքրվեց, թե ինչո՞ւ փաթեթում չկան այդ ներդրումներն ամրագրող փաստաթղթեր: Կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը պատրաստակամություն հայտնեց այդ գումարը բերել ու ցույց տալ, որ ավելի համոզիչ լինի: Ի դեպ, սա միակ հարցն էր, որ ՀՌԱՀ անդամներն ուղղեցին մրցույթի մասնակիցներին: «Ռադիո Ավրորան» խոստացավ, թե եթեր է հեռարձակելու «նախադեպը չունեցող» լրատվական ծրագիր՝ «Ծանր օրվա երեկո» (ներկաների մեջ կային նաեւ բիթլոմաններ, որոնք անմիջապես սկսեցին կամացուկ երգել «Hard day8217s night»-ը՝ աշխուժացնելով ՀՌԱՀ միապաղաղ նիստը): Սակայն «Ավրորայի» ներկայացուցիչները խոստացան, թե իրենց «Ծանր օրվա երեկոյի» ընթացքում ունկնդիրներին տեղեկացնելու են օրվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի եւ արտակարգ պատահարների մասին: Ներկաները մեկ էլ աշխուժացան, երբ «Ավրորայի» ներկայացուցիչները խոստացան կիրառել այնպիսի տեխնիկական սարքավորումներ, որոնք ավելի գեղեցիկ ու թավշյա կդարձնեն ձայները եւ թույլ կտան լուծել «ս» տառի հնչեղության խնդիրը: «Բա «փ» տառի հնչեղությո՞ւնը»,- տեղից հետաքրքրվեցին իրազեկները: Ուշագրավ էր նաեւ «Ավրորայի» մրցութային առաջարկի հետեւյալ բաժինը. «Մենք անթույլատրելի ենք համարում առանց որեւէ մեկի գիտության՝ կողմնակի անձանց մուտքը ռադիոկայանի տարածք: «Ռադիո Ավրորա» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ձեռք կառնվեն մի շարք հատուկ միջոցներ կողմնակի անձանց մուտքը եւ անթույլատրելի թափանցումը եթեր կանխելու համար»: … ՀՌԱՀ նիստին ներկաներից ոմանք, որ 8-րդ կամ 9-րդ անգամ էին ներկա լինում նման քննարկումներին, հուսալով, թե «Ա1+»-ն ինչ-որ ձեւով կստանա կապուղի՝ խոստովանեցին, թե «դե-ժավյու»-ի զգացողություն են ապրում, որ այս ամենն արդեն եղել է եւ կարծես ներկա լինեն «Արջամկան օրը» կինոնկարի նկարահանումներին, որտեղ անընդհատ կրկնվում է նույն օրը՝ նույն կանխատեսելի ավարտով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել