Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԼՈՒՐՋ ԵՆ

Հունվար 11,2004 00:00

Երեւանի
«Բանանց» ֆուտբոլային ակումբն այս մրցաշրջանում իր առջեւ շատ ավելի լուրջ նպատակներ
է դրել: Ու դրա համար նույնքան ավելի լուրջ հիմքեր ունի: Լինելով հանրապետության
ֆինանսապես ամենակայուն ակումբներից մեկը՝ «Բանանցը» ներկայացրած համոզիչ ու հիմնավորված
ծրագրերի շնորհիվ, որպես ժամանակավոր օգտագործման սեփական բազա, ՀՖՖ-ից ստացավ Մալաթիայի
ֆուտբոլի դպրոցի ժամանակակից պահանջները բավարարող բազան: Ու հենց այստեղ էլ սկսեց
նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Թիմը տասնօրյա առաջին հավաքը հրավիրեց դեկտեմբերի
20-ին, որում, ի տարբերություն նախորդ տարիների, միաժամանակ հրավիրվել էին թե հիմնական,
թե երիտասարդական կազմի լավագույն ներկայացուցիչները, ինչը նոր մրցաշրջանին առավել
պատրաստ վիճակում ներկայանալու նախապայման է: Հիմա «Բանանցը» մարզումները շարունակում
է Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում, որոնց կիրակի օրը ներկա եղանք թիմի մամուլի
ծառայության հրավերով: Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանը գոհունակությամբ
նշեց, որ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել սկզբից եւեթ նախապատրաստությունն
սկսել աչքի առաջ ունեցած ամբողջական կազմով՝ թե «Բանանցի» անցած տարվա հիմնական խաղացողներով,
որոնք մնացել են թիմում, թե ակումբի պատանեկան ու երիտասարդական թիմերի հեռանկարային
ու խոստումնալից ֆուտբոլիստներով: «Մենք որոշել ենք այսուհետեւ գլխավորապես շեշտը
դնել տեղացի կադրերի վրա,- ասաց նա:- Գերադասելի է մեր աճեցրած ֆուտբոլիստներին իրենց
դրսեւորելու ավելի շատ հնարավորություն ընձեռել: Ակումբի ղեկավարության հետ եկել
ենք այն հետեւության, որ եթե լեգեոներական հրավիրելու անհրաժեշտություն լինի, ապա
այդ ֆուտբոլիստը առնվազն մի քանի գլխով պետք է բարձր լինի մեր ձեռքի տակ եղածներից,
որպեսզի լինի իրոք առաջատար ու մյուսներին էլ կարողանա տանել իր ետեւից: Եկող մրցաշրջանում
ֆուտբոլիստների առջեւ կրկին չեմպիոնության համար պայքարելու առաջադրանք ենք դրել:
Մինչ այսօր պայքարել, բայց չենք կարողացել հասնել նպատակին: Սակայն հիմա, երբ արդեն
ունենք մեր մարզաբազան եւ նախապատրաստությունն սկսել ենք լիարժեք, պահանջներն էլ
ավելի խիստ են: Ծաղկաձորյան հավաքը ավարտելու ենք հունվարի 20-ին: Դրանից հետո մարզումները
մեկ ամիս կշարունակենք Երեւանում: Այնուհետեւ կմեկնենք Աշգաբադ՝ Թուրքմենբաշիի գավաթի
խաղարկությանը: Այնտեղ ինձ համար արդյունքն այնքան էլ կարեւոր նշանակություն չի ունենալու:
Որպես գլխավոր մարզիչ՝ կարեւորելու եմ թիմի խաղային օղակների արդյունավետությունն
ու փոխհամագործակցությունը: Թուրքմենստանից վերադառնալով մի-երկու օր կմնանք Երեւանում,
որից հետո կմեկնենք Անթալիա կամ Կիպրոս՝ Հայաստանի առաջնության նախապատրաստության
վերջին շրջանն անցկացնելու: Հենց այդ ժամանակ էլ մարզիչներով կորոշենք «Բանանցի»
հիմնական կազմի վերջնական տարբերակը»: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել