Կենդանակերպի
նշանով կառավարությունում Աքաղաղը միայն Սերգո Երիցյանն է: Արեւելյան հորոսկոպով
2005-ը Աքաղաղի տարի է: Այն էլ դաժան տարի, բոլորին խորհուրդ է տրվում շատ տքնել
եւ լավ աշխատել, որովհետեւ մեծ է պաշտոնազրկման հավանականությունը: Աքլորի տարում
փողերը մանանայի պես երկնքից չեն թափվի: Աքլորը սիրում է կարգ ու կանոն եւ հանուն
դրա պատրաստ է ամեն ինչի: Տարին բարենպաստ է հատկապես ռազմական գործիչների համար:
Համենայնդեպս, այդպես են հավաստիացնում ճապոնացիներն ու չինացիները: Ըստ արեւելյան
հորոսկոպի, 2005-ը հաջողակ կլինի հենց ԿԳ նախարար Սերգո Երիցյանի համար, որովհետեւ
նա միակ նախարարն է, որ ծնվել է Աքլորի տարում: Հավանաբար, նա բարի աչքով կնայի կրթության
ոլորտին եւ սպասվելիք նոր օպտիմալացումներն ու «բարեփոխումները» նախարարի հասցեին
նոր մեղադրանքների ու քննադատությունների տեղիք չեն տա: Ըստ հորոսկոպի, ՀՀ
նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ տրանսպորտի եւ
կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը տարով Ձի են: Այս տարի Աքաղաղը նրանց խորհուրդ
է տալիս առաջ գնալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա: Ունենք երկու Վարազ՝
առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ու ֆինանսների նախարար
Վարդան Խաչատրյանը: Վարազներին, հուսանք՝ նրանց ղեկավարած գերատեսչություններին եւս,
Աքաղաղը փորձություններ չի բերի: Ամեն ինչ կփոխվի դեպի լավը, եւ կյանքը 2005-ին աշխարհի
բոլոր վարազներին հրաշալի կթվա: Կատվի տարում են ծնվել վարչապետ Անդրանիկ
Մարգարյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Աքաղաղը նրանց լավ
բան չի խոստանում: Պատճառն այն է, որ Կատուն երբեք Աքաղաղին լուրջ չի ընդունում եւ
այն ամենը, ինչը կապված է հավային հարեմի տիրոջ հետ, նյարդայնացնում է նրան: 2005-ը
չի ժպտա նաեւ Շներին եւ Վագրերին: Աքաղաղի տարին ամենից ծանր կլինի հենց նրանց համար:
Ըստ հորոսկոպի, շան տարում են ծնվել տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը,
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը եւ գյուղնախարար Դավիթ
Լոքյանը: Վագրերին՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, առողջապահության
նախարար Նորայր Դավիդյանին, Աքաղաղը կբերի հիասթափություն, ձախորդություններ: Տարին
նրանց կմղի բողոքի ցույցերի, ինչը կարող է հանգեցնել համաձայնությունների խարխլման:
Կապիկներին՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ երկու փոխնախագահներին՝ Վահան
Հովհաննիսյանին ու Տիգրան Թորոսյանին, Աքաղաղի տարին՝ նախորդ՝ Կապիկի տարվա համեմատ,
պակաս գրավիչ կլինի: Նրանց հաջողությունների եւ առաջխաղացումների բումը Կապիկը ապահովեց:
Ինչպես ԱԺ ղեկավարությունից, այնպես էլ Կապիկի տարում ծնված մշակույթի նախարար Հովիկ
Հովեյանից առավելագույն ճկունություն եւ ճիգեր կպահանջվեն հնարավոր սայթաքումներից
եւ փորձություններից խուսափելու համար: Տարով Այծերը՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն
ու քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը, այս տարի կկորցնեն աշխատելու ցանկությունը,
կտրվեն բոհեմական վայելքներին՝ երազելով, որ Աքլորի տարին չվերջանա: Ցուլերը՝
բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Մանուկ Թոփուզյանը այս տարի թեթեւացած շունչ կքաշեն, կգործեն ավելի վստահ՝ քանի դեռ
Աքլորը բարեհաճ է իրենց նկատմամբ: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ