Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինվորների դիակները՝ ջրամբարում

Հունվար 11,2004 00:00

Փաստաբանները
բողոքում են դատաքննության ընթացքից Դեկտեմբերի 13-ին «անհայտ անձինք»
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատաքննության ժամանակ հարձակվել
են ամբաստանյալների ծնողների եւ պաշտպանների վրա: Ստեփանակերտում տեղի ունեցող
այդ դատաքննության առիթով երեկ «Արմենիա» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման
էին եկել փաստաբաններ Զառա Փոստանջյանը, Աշոտ Աթոյանը եւ Ստեփան Ոսկանյանը: 2004-ի
հունվարի 9-ին եւ 10-ին ջրամբարներից մեկում հայտնաբերվել են ԼՂՀ Մատաղիսի զորամասի
զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի, ապա Ռոման Եղիազարյանի դիակները: Ըստ նախաքննության
մարմնի, զինծառայողները դեկտեմբերի 23-ին ինքնակամ են փախել զորամասից: Նախաքննության
փուլում ձերբակալվում են բազմաթիվ զինծառայողներ, իսկ 4 ամիս անց մեղադրանք է հարուցվում
Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զարյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ: Ռ. Սարգսյանը հանդես
գալով իբրեւ վկա, ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, որից հետագայում փորձում
է հրաժարվել: Նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկվում է Ստեփանակերտ:
Դատաքննության մեջ ներգրավվել են երեք մեղադրող՝ զինդատախազներ Անահիտ Եղիազարյան,
Արմեն Հարությունյան եւ Աշոտ Ապրեսյան: Փաստաբանները երեկ դժգոհեցին, որ ոչ մի օրենք
չի գործում եւ որ իրենց ծեծել են դատաքննության ժամանակ, իսկ իրենց հետ Ստեփանակերտ
մեկնած «Բանակ-հասարակություն» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Վաչագան Հարությունյանը
դատաքննության ժամանակ զանազան խարդավանքներով ձերբակալվել է: Ըստ ասուլիսի կազմակերպիչների,
Վաչագանին ձերբակալելը ուներ մի խնդիր, այն է՝ զանգվածային վախի մթնոլորտ ստեղծել
այս դատաքննության մասնակիցների նկատմամբ: Երեկ փաստաբանների հետ հանդիպման էր եկել
նաեւ սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրը, որը հայտնեց, թե ինքը ոչ մի հնարավորություն
չունի: Հայրը մինչեւ օրս չունի այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս իր երեխան հայտնվեց
զորամասից դուրս: «Առավոտի» տեղեկություններով, ջրամբար գցված երկու զինվորի համար
ոչ մի պաշտոնյա չի պատժվել: Ավելին, հրամանատարներից մեկը՝ Իվան Գրիգորյանը, այս
ընթացքում «զղջացել» է, որի հետեւանքով նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել եւ
մնացել է նույն զորամասում որպես ֆիզղեկ: Հրամանատար Միշա Արզումանյանը ուղարկվել
է ուսանելու ՊՆ ակադեմիա: Թիկունքի գծով տեղակալ Ռուբեն Բաղյանի գտնվելու վայրը դեռեւս
անհայտ է: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրապարակեց ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարների
գրությունները՝ ուղղված հանրապետության զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Գրություններից
տեղեկացանք, որ «արտակարգ պատահարի կապակցությամբ» Ի. Գրիգորյանն ու Ռ. Բաղյանը նշանակվել
են ցածր պաշտոնների: Ա. Սաքունցը հայտարարեց. «Արդեն ցնդելու վիճակ է, երբ ՀՀ քաղաքացիների
դատավարությունները իրականացնում են Հայաստանից դուրս: Օրը ցերեկով մարդկանց դատում
են օրենքի տառը խախտելով»: Պաշտպանները հայտարարեցին, որ իրենք այլեւս չեն մեկնի
Ստեփանակերտ, քանի որ իրենց տարբեր միջոցներով ահաբեկում են: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆՀ. Գ. Երեկ «Առավոտը» դիմեց այս գործով մեղադրող, զինվորական
դատախազ Անահիտ Եղիազարյանին, թե արդյոք չի՞ վտանգված փաստաբանների անվտանգությունը
դատաքննության ժամանակ: «Որեւէ ծեծ, բռնություն չի եղել, առավել եւս՝ մեր ներկայությամբ:
Ապակողմնորոշիչ տեղեկատվությունը, որ տալիս են փաստաբանները, սուտ է: Ինչ վերաբերում
է, թե դատարանը ընդդատյա չէ քննել սույն գործը, նկատենք, որ քրգործը հարուցվել է
դեպքի վայրով»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել