Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվար 11,2004 00:00

Դիտարկումներ ՀՀ առաջին նախագահի 60-ամյակի
առթիվ Անցած 8 տարվա ընթացքում ոչինչ Հայաստանում այնքան աշխուժորեն չի քննարկվել,
որքան Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու-չվերադառնալու, «ռեւանշի»,
նրա ասած կամ մեծ մասամբ չասած ամեն մի բառը: Ցանկացած դրական կամ չեզոք հիշատակում
Հայաստանի առաջին նախագահի մասին ծավալուն ելույթների նյութ է տալիս ներկայիս իշխանություններին
համակրող գործիչներին եւ լրատվամիջոցներին: Դրան կարող է երկու բացատրություն լինել:
Կամ նրանք իսկապես մտահոգված են Տեր-Պետրոսյանի վերադարձով եւ ամեն ինչ անում են,
որպեսզի դա կանխվի: Կամ՝ կա սուր եւ խարազանող ելույթների պահանջարկ (դրանք միշտ
ավելի շահեկան են հնչում, քան գովաբանությունները), եւ քանի որ հիշատակված գործիչներն
ու լրատվամիջոցները ներկայի մասին այդպիսի տոնով խոսել չեն ուզում կամ չեն կարող,
նրանք ստիպված այդպես են մոտենում մեր երկրի ոչ հեռավոր անցյալին: 2005 թվականը,
որը համընկավ առաջին նախագահի 60-ամյակի հետ, ըստ երեւույթին, նշանավորված կլինի
ղարաբաղյան կարգավորման (գուցե նաեւ՝ Հայաստանի ժողովրդավարացման) միջազգային ջանքերի
ակտիվացմամբ: Այդ ամենն, անշուշտ, բազմաթիվ առիթներ կտա առաջին նախագահի անունը շոշափելու
եւ նրա գաղափարները քննարկելու: Տեր-Պետրոսյանի ժողովրդական ընկալումը, չնայած
8 տարվա ընթացքում որոշ տրանսֆորմացիայի է ենթարկվել, իր հիմքում մնացել է նույնը.
«Էն գյոզալական երկիրը քանդեցին, զավոդները փակեցին, ստանոկները լոմի գնով վաճառեցին
թուրքին ու պարսիկին, ժողովրդին ինադու սոված կոտորեցին, ցրտի ու մթի մեջ պահեցին»,
եւ այլն: Այդ առասպելը դարձել է ժողովրդական մտածողության կարծրատիպ, եւ, հավանաբար,
չկա աշխարհում որեւէ բանական ուժ, որն ընդունակ է այդ պատկերացումները փոխել: Դրանից
առասպելը չի դադարում առասպել լինելուց: Նախ՝ երկիրը «գյոզալական» չէր: Համոզված
եմ, որ աշխարհում ընդհանրապես նման որակ ունեցող երկրներ չկան, բայց տարբեր պետությունների
քաղաքացիներ սիրում են իրենց «ոչ գյոզալական» երկրները՝ այն պայմանով, որ դա իսկապես
իրենցն է, ոչ թե օտարինը: Երկրորդ՝ ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ էլ նույնիսկ Գորբաչովը
կամ Ռեյգանը կախարդական փայտիկներ չունեին՝ Խորհրդային Միությունը քանդելու համար:
Այդ պետությունը տապալվեց, որովհետեւ սնանկ էր թե՛ բարոյապես, թե՛ տնտեսապես, թե՛
քաղաքականապես: Կոպիտ ասած՝ ծախսում էր ավելի շատ, քան աշխատում էր, եւ դրա համար
էլ պայթեց: Այլ հարց է, թե ո՛ր հանրապետությունում ինչպես պայթեց, եւ այդ պայթյունն
ինչ վնաս պատճառեց նորանկախ պետությունների ժողովուրդներին: Տեր-Պետրոսյանի եւ նրա
համախոհների շնորհքն է, որ Հայաստանում այդ վնասները տասնապատիկ ավելի քիչ էին, քան,
ասենք, Վրաստանում կամ Ադրբեջանում: Սոցիալական խնդիրներն ամեն տեղ նույնն էին (եւ՝
են). Վրաստանում, օրինակ, «ցուրտն ու մութը» շարունակվում է առ այսօր, այնինչ Հայաստանում
ավարտվել էր 1995-ի վերջին (ի դեպ, Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք): Բայց փաստ
է, որ այդ սոցիալական խնդիրներով հանդերձ, մեր հարեւաններն ունեցան տարածքային կորուստներ,
իսկ Հայաստանը՝ տարածքային ձեռքբերումներ: Իհարկե, առասպելների կողքին 1990-1997
թվականներին կային իրական լուրջ սխալներ եւ բացթողումներ, որոնց մասին շատ է խոսվել
եւ դեռ կխոսվի: Քանի որ հոդվածի առիթը «հոբելյանական» է, այստեղ սահմանափակվենք դրանց
մի քանիսի թվարկումով. կոմունիստական կադրերին (սկսած Գագիկ Հարությունյանից) չափից
դուրս մեծ տեղ տալը, 1994-ից հետո քաղաքական եւ տնտեսական շատ լծակներ բանակին (եւ
անձամբ Վազգեն Սարգսյանին) փոխանցելը, առաջին իշխանամերձ «օլիգարխների» ի հայտ գալը,
95-96 թվականների ընտրություններում ժողովրդավարական նորմերից նահանջելը եւ այլն:
Այդ բոլոր թերությունները խորացան, զարգացան եւ բազմապատկվեցին իշխանափոխությունից
հետո, բայց հայտնի չարիքների սաղմերը ձեւավորվեցին 90-ականների կեսերին: Ժամանակն,
իհարկե, իր շտկումները կանի բոլոր գնահատականներում: Բայց այսօր իմ տպավորությունն
այն է, որ ընդհանուր առմամբ առաջին նախագահի դերը մեր պատմության մեջ խիստ դրական
էր: Պատմությունը, բնականաբար, պայմանական եղանակ չի ճանաչում: Բայց մյուս կողմից
էլ պետք չէ ընկնել ֆատալիզմի գիրկը՝ «ով էլ լիներ, միեւնույն է, այդպես էր լինելու»:
Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը դարձավ անկախ պետություն, դրվեցին պետական եւ ժողովրդավարական
ինստիտուտների հիմքերը, անցկացվեցին ազատական բարեփոխումներ տնտեսությունում, ազատագրվեց
Արցախը: Դա տեղի ունեցավ, մասնավորապես, այն պատճառով, որ առաջին նախագահը եւ նրա
թիմը գործում էին մտածված, հավասարակշռված, առանց ծայրահեղությունների եւ արկածախնդրության
ու, միեւնույն ժամանակ՝ վճռականորեն: Թե ինչ կլիներ, եթե, ենթադրենք, 1990-ին Գերագույն
խորհրդի նախագահ ընտրվեր Վլադիմիր Մովսիսյանը կամ 1991-ին նախագահ ընտրվեր Պարույր
Հայրիկյանը, դժվարանում եմ ասել: Բայց հաստատ «այդպես չէր լինի»: Դրանք բոլորն,
ի վերջո, պատմական խնդիրներ են: Բայց կա նաեւ մեկ արդիական խնդիր՝ Ղարաբաղը: Այս
հարցի վերաբերյալ մեր թերթում տպագրվում եւ տպագրվելու են զանազան կարծիքներ, սակայն
թույլ կտամ այստեղ արտահայտել իմ անձնական դիրքորոշումը. 97-ին Տեր-Պետրոսյանը 100
տոկոսով ճիշտ էր, իսկ նրա ընդդիմախոսները՝ 100 տոկոսով սխալ (չնայած կարծում եմ,
որ այդ ընդդիմախոսների մեծ մասը բարեխիղճ մոլորության մեջ էր): Իսկ այն, որ 97-ի
փուլային տարբերակով Ղարաբաղը հռչակվում էր Ադրբեջանի մաս, 100 տոկոսանոց սուտ է:
Եթե այսօր բանակցային սեղանին դրված է նույն 97-ի տարբերակը՝ գումարած հանրաքվեի,
թեկուզ անորոշ, հեռանկար, այդպիսի լուծմանը պետք է աջակցել: Որովհետեւ այդ հարցի
լուծումից հետո մենք կապրենք բոլորովին այլ Հայաստանում եւ այլ տարածաշրջանում: Ավելի
քաղաքակիրթ, ավելի ազատ, ավելի զարգացած: Այնպիսի Հայաստանում, որի մասին երազում
են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա ընկերները: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել