Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆ

Հունվար 11,2004 00:00

Հայաստանում
ենթակառուցվածքները պարզապես պատրաստ չեն ավելի մեծ պահանջարկի սպասարկմանը: Դա
ակնհայտ դարձավ հատկապես տոնական օրերին, երբ որոշ ծառայությունների պահանջարկը կտրուկ
մեծացավ: Իսկ որոշ ենթակառուցվածքներ էլ պարզապես չգործեցին: Ամենաակնհայտը
քաղաքապետարանի (թաղապետարանների) անգործությունն էր՝ հունվարի 5-ին տեղացած առատ
ձնից հետո: Այս գերատեսչության անգործությունը ամեն անգամ հատկապես նկատելի է դառնում
ձյան մաքրման աշխատանքների պատրաստվածության մասին հայտարարությունների ու հավաստիացումների
ֆոնին: Հունվարի 5-ին հերթական անգամ պարզվեց, որ քաղաքապետարանը լավագույն դեպքում
հաջորդ օրը կամ աղ ցանելով է բավարարվել, կամ ձյուն մաքրող մեքենաների քչության մասին
բացատրություններով: Ի դեպ, չգիտես ինչու, քաղաքապետարանը չի հրաժարվում աղ ցանելու
ավանդույթից, չնայած մասնագետների հորդորներին. աղն ասֆալտը, մայթերի սալիկները քայքայում
է, կոշիկները փչացնում: Իսկ այսպիսի կապիտալ ճանապարհաշինության հնարավորություն,
ինչպես Լինսիի հովանավորությամբ եղավ, հայտնի չէ, թե էլ երբ կունենանք: Ի դեպ, մարզային
ճանապարհների մի մասը համեմատաբար լավ վիճակում է եղել, իսկ որոշները փակ են եղել
անգամ առատ ձնից առաջ: Մայրաքաղաքի ճանապարհների չմաքրելն իր հերթին շղթայական
կապով խոչընդոտեց քաղաքային տրանսպորտի աշխատանքը. վատ աշխատանքը միկրոավտոբուսների
վարորդները պատճառաբանում էին ճանապարհների սառցակալմամբ: Չնայած առանց այդ էլ տոնական
օրերին տրանսպորտը ծայրահեղ վատ էր աշխատում: Հատկապես ծայրամասերի բնակիչները
բողոքում են, որ տոնական օրերին մի քանի օր շարունակ աղբահանություն տեղի չի ունեցել:
Հարյուրավոր տաքսի ծառայությյունները եւս ի վիճակի չեղան սպասարկել մեծացած
պահանջարկը: Ընդ որում, նրանք խախտեցին բոլոր կանոնները՝ հեռախոսներին չպատասխանելուց
մինչեւ խոստանալ-չգալը: Քաղաքի հազարավոր տաքսիները, նույնիսկ ամենաանհայտ ծառայություններում
աշխատողները, չէին հասցնում սպասարկել հաճախորդներին: Եվ այդ պայմաններում առնվազն
տարօրինակ էր (եթե չընդգծենք՝ շուկայական տրամաբանությունից չբխող) նույն ինտենսիվությամբ
շարունակել մի ծառայության գովազդը, որն առանց այն էլ խիստ դեֆիցիտ է: Փաստորեն,
տաքսի ծառայություններն իրենց հաճախորդներին սպասարկեցին այնպես, ինչպես կառավարում
են իրենց բիզնեսը: Սա բավականին մրցակցային, բայց, ըստ էության, չվերահսկվող
ոլորտ է: Իսկ մեծ պահանջարկ չեն կարողանում սպասարկել, որովհետեւ դրանց գերակշիռ
մասը մուլտի-ընկերություններ են՝ առավելագույնը 10 ավտոմեքենայով: Հաճախորդների
ողջ պահանջարկը բավարարելուն, ըստ էության, պատրաստ չէր նաեւ բջջային կապի առայժմ
միակ օպերատորը՝ «ԱրմենՏելը». Ամանորի գիշերը մեծ թվով բաժանորդների (գուցե բոլորինը)
հեռախոսակապն ընդհանրապես անջատվեց, այնուհետեւ մի քանի օր շարունակ շատ վատ գործեց՝
սովորականից վատ: Ի դեպ, զարմանալիորեն իրենց արդարացրին հանրային ծառայություն մատուցող
մյուս երկու ընկերությունները. «Հայէլցանցերն» ու «Երեւանի ջրմուղկոյուղին», որեւէ
բողոք այս առնչությամբ չենք ստացել: Օգտվելով մեծ պահանջարկից՝ Ամանորի գիշերը
սպասարկման մի շարք օբյեկտներ, ռեստորաններ զանազան ծրագրեր էին առաջարկում իրենց
հաճախորդներին՝ գանձվող գումարը մեկ հոգու համար հասցնելով մինչեւ 150 դոլարի: Այստեղ
հաճելին այն է, որ գրեթե բոլոր օբյեկտներում էլ ազատ տեղեր չկային. մարդիկ ի վիճակի
են վճարել: Եթե, օրինակ, աղբահանության, ճանապարհների, տրանսպորտի դեպքում
համապատասխան մարմինների անգործությունը անշահագրգռվածությամբ կարող է բացատրվել,
ապա կապի, տաքսի ծառայությունների դեպքում անբացատրելի է. տնտեսագիտության տարրական
կանոնները հուշում են, որ եկամուտը պայմանավորված է սպասարկվող պահանջարկի մեծացմամբ,
ինչը պետք է կանխատեսեին եւ պատրաստվեին: Փոխարենը կայացած կարելի է համարել
առեւտրի բնագավառը. մասնավորապես կենցաղային տեխնիկայի, համակարգիչների վաճառքով
զբաղվող խանութներն ավանդույթի համաձայն ամեն տարի գայթակղիչ զեղչեր են առաջարկում,
նվերներ պատրաստում՝ առանձնապես խնդիրներ չհարուցելով հաճախորդների համար: Թերեւս
չի կարելի չնկատել, որ տոնական օրերին թույլատրելով փողոցային առեւտուրը, քաղաքապետարանը
բավականին մեղմեց տոնավաճառներում նախորդ տարիներին նկատվող լարվածությունը: Հաշվի
առնելով այդ հանգամանքը, վատ չէր լինի հաջորդ տարիների համար մտածել նաեւ վերոհիշյալ
ենթակառուցվածքների գործունեությունը մեծ պահանջարկի դեպքում անխափան ապահովելու
նպատակով կարգավորման մեխանիզմներ մշակելու մասին: ԱՐՄԻՆԵ
ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել