Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՃԱՐԵՑԻ՞Ր «ՏԱՆԻՔԻԴ»՝ ՔՆԻՐ ՀԱՆԳԻՍՏ

Հունվար 11,2004 00:00

ՎՃԱՐԵՑԻ՞Ր
«ՏԱՆԻՔԻԴ»՝ ՔՆԻՐ ՀԱՆԳԻՍՏ Անցած տարվա վերջում եւ այս տարվա
սկզբին նախագահ Քոչարյանը հավաքել է խոշոր գործարարներին, ինչպես նաեւ մաքսային եւ
հարկային ոլորտի ղեկավարներին եւ զգուշացրել է, որ այսուհետ ամեն ինչ լինելու է շատ
խիստ եւ օրինական: Այսինքն՝ եթե մինչ այս օլիգարխներին հաջողվում էր հարկեր եւ մաքսատուրքեր
չվճարել եւ հենց դրա շնորհիվ էլ օլիգարխ մնալ, ապա այսօրվանից՝ վերջ. վճարելու եք
օրենքով նախատեսվածը եւ դառնալու եք միջին խավ: Հակառակ դեպքում նախագահը խնդրեց
խոշոր գործարարներին իրենից չնեղանալ: Հակված եմ մտածել, որ եթե (ֆանտաստիկ
տարբերակի դեպքում) օլիգարխներին ստիպեն հարգել օրենքը, ապա վերջիններս իրավունք
կունենան իշխանություններից նեղանալու: Քանզի Հայաստանում ոչ մի օլիգարխ առանց բարձր
իշխանական «տանիքի» չէր կարող գոյատեւել եւ ոչ մի վայրկյան: Ճիշտն ասած, նա չէր էլ
կարող «առաջանալ»: Իսկ տանիքը նշանակում է, որ տվյալ իշխանավորը կամ «փայի մեջ է»
տվյալ գործարարի հետ, կամ էլ պարբերաբար տվյալ գործարարից «նալոգ» է ստանում՝ օրենքը
խախտելու երաշխիքների դիմաց: Ինչպե՞ս չնեղանալ, եթե «նալոգ» վերցնողները կամ «փայ
մտնողները» հանկարծ որոշեն ստիպել՝ հարգել օրենքները: Իրականում ամեն ինչ վերածվելու
է «վարչարարությունը խստացնելու» կամպանիայի, որի արդյունքում գործարարների մուծած
անօրինական «նալոգները» կդառնան ավելի մեծ եւ «բազմազան»: Օլիգարխներն իրավունք
կունենան նեղանալու նաեւ այն պատճառով, որ նրանք մշտապես քաղաքական աջակցություն
են ցուցաբերում իշխանավորներին: Երբ ընդդիմությունը միտինգ է անում, նրանք իշխանությանը
սատարող հայտարարություններ են անում՝ թույլ չենք տա մութ ուժերին ապակայունացնել
երկրիս ներքաղաքական իրավիճակը: Երբ ընտրություններ են լինում, նրանք «մուծվում են»՝
հանուն իշխանության վերարտադրությանը ծառայող ընտրակաշառքի: Այնպես որ, նեղանալու
են, հաստատ նեղանալու են օլիգարխները: Խնդիրն այն է, սակայն, որ նրանց ոչ ոք ձեռք
չի տա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել