Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն դարձավ ընդդիմություն

Հունվար 11,2004 00:00

Առայժմ՝ Ղարաբաղում 2004-ի դեկտեմբերի
29-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ: Առիթը ԼՂՀ կրթության,
գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնից ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանի ազատումն է: ՀՅԴ
Արցախի ԿԿ-ն իր հայտարարության մեջ նշել է, թե ԼՂՀ նախագահի իրականացրած կադրային
փոփոխությունների շարքում առկա է նաեւ քաղաքական որոշում, եւ կատարվածը «մտահոգիչ
նախադեպ» է հանրապետության ներքաղաքական զարգացումների համար: Հայտարարության մեջ
հիշեցվում է, որ 2004-ի դեկտեմբերի 16-ին Արկադի Ղուկասյանը ելույթում դժգոհել էր
գործադիր միջին օղակի, ինչպես նաեւ կառավարության աշխատանքից, մատնանշելով պետական
մարմիններում առկա կաշառակերության երեւույթները. «Առնվազն անհասկանալի տրամաբանությամբ
Ա. Ղուկասյանը հաջորդող օրերին իր մոտ է հրավիրել ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի
նախարար՝ ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանին եւ, գոհունակություն հայտնելով արդյունավետ
գործունեության համար, միաժամանակ տեղեկացրել է զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման
մասին՝ առաջարկելով աշխատանքի անցնել որպես ԼՂՀ նախագահի խորհրդական»: ՀՅԴ Արցախի
ԿԿ-ն այս քայլը բացատրել է 2005-ին սպասվող խորհրդարանական ընտրություններով՝ նշելով,
թե աննպատակահարմար է համարվել «ինքնուրույն հանդես եկող կուսակցության անդամի ներկայությունը
կառավարության կազմում: Նախագահը փորձում է ստեղծել այն տպավորությունը, թե նախարարի
ազատումը հետեւանք էր իր նախորդ օրերի ելույթի: Իրականում Ա.Ղուկասյանին հանգիստ
չի տվել Տեղական ինքնակառավարման մարմինների անցած ընտրություններում Դաշնակցության
եւ ժողովրդավարական այլ ուժերի ձեռք բերած համեմատական հաջողությունը: Նա լուրջ մտահոգություն
է ապրում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրյակին»: ՀՅԴ Արցախի
ԿԿ-ն է մերժել Արմեն Սարգսյանի խորհրդական աշխատելու առաջարկը: Ավելի՛ն: Հայտարարության
մեջ նշված է, թե ՀՅԴ-ն միշտ չէ, որ համաձայն է եղել Ա. Ղուկասյանի վարած ներքին քաղաքականությանը.
«Ցավով պետք է արձանագրել, որ կարեւոր այս հանգրվանում ԼՂՀ ղեկը ստանձնած անձը չկարողացավ
ըմբռնել իր առաքելության իմաստը եւ լինել համապատասխան բարձրության վրա: Նա չկարողացավ
դառնալ միասնականության, համերաշխության խորհրդանիշ: Իր այդ քայլով նախագահը Արցախի
առաջատար քաղաքական ուժին՝ Դաշնակցությանը, փաստորեն, մղում է ընդդիմության»: Եվ
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն որոշել է ի պատասխան՝ «հետ կանչել գործադիր իշխանության
մեջ ՀՅԴ ներկայացուցիչներին»: Հայտարարության մեջ նաեւ նշված էր, թե «հարաբերությունների
հետագա հավելյալ անցանկալի զարգացման դեպքում պատասխանատվությունն ընկնում է ԼՂՀ
նախագահ Ա.Ղուկասյանի վրա»: Հայտարարության շուրջ մեկնաբանություններ ներկայացնելով
«Ազատություն» ռ/կ-ին՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Ժիրայր Շահիջանյանն
ասել է. «Հետայսու փաստորեն լինելու ենք ընդդիմադիր, բայց կառուցողական ընդդիմադիր»
ու նաեւ նշել է, թե արդեն ոչ մի խնդիր չեն քննարկելու նախագահ Ղուկասյանի հետ: Իսկ
ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը,
ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի խնդրանքի՝ փոխանցել Արկադի Ղուկասյանի դիրքորոշումն
այս հայտարարության նկատմամբ, ասել է. «ՀՅԴ Արցախի ԿԿ-ի արձագանքն անհամարժեք է այն
պատճառով, որ Արմեն Սարգսյանը կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար էր նշանակվել
ամենեւին ոչ իր կուսակցական պատկանելության համար, քանզի հայտնի է, որ ԼՂՀ կառավարությունը
կուսակցական սկզբունքով չի ձեւավորված: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ՀՅԴ Արցախի
Կենտրոնական կոմիտեի հայտարարությունն իրենից ներկայացնում է քաղաքական ակտ, որի
նպատակը միանշանակ չէ նույնիսկ ԼՂ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների լույսի
ներքո»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել