Լրահոս
Օրվա լրահոսը

Պանթեոնին պետք է տրվի հատուկ կարգավիճակ

Հունվար 10,2004 00:00

Պանթեոնին պետք է տրվի հատուկ կարգավիճակ Այդ կարծիքի է «Պանթեոն» հիմնադրամի նախագահ Աստղիկ Սարգսյանը «Պանթեոնը կդառնա Մատենադարանից հետո արժանապատվության, մշակույթի, տուրիզմի ու ցանկալի այցելության երկրորդ վայրը», – նշեց «Պանթեոն» հիմնադրամի նախագահ Աստղիկ Սարգսյանը՝ նշելով, որ Երեւանի քաղաքային պանթեոնում պետք է իրականացվի վերակառուցման լայանածավալ ծրագիր: «Պանթեոն» հիմնադրամը պատրաստել է CD, որը մտադիր է տարածել բոլոր կոմպյուտերացված դպրոցներում։ CD-ի միջոցով երեխաները կլսեն Պանթեոնում ամփոփված արվեստագետների ձայնը, տեղեկություններ կստանան նրանց կյանքի ու գործունեության մասին։ Միջոցառումը նպատակ ունի հայ երեխաներին այնպես դաստիարակել, որ նրանք ոչ թե ուսուցչի պարտադրանքով այցելեն մեծերի շիրիմներին ու ձեւականորեն ծաղիկներ դնեն, այլ գիտակցեն, որ Պանթեոնը մեր հպարտության վայրն է։ Ա. Սարգսյանը նկատեց, որ անընդհատ ցավի, կոտորածի մասին խոսել եւ Ծիծեռնակաբերդ այցելությամբ սերունդներին դաստիարակելը «գենետիկորեն հոգնեցնում է», անհրաժեշտ է եղանակներ գտնել հայոց պատմության փառահեղ էջերը ճիշտ եւ գրագետ մատուցելու համար։ Թե չէ կլինի այնպես, ինչպես Սփյուռքում տպագրվող մի ամսագրում է գրված. «Հայոց պատմության ժամ է, պիժամները հագեք՝ քնեք»: Բանակցություններ են տարվում ԱԺ նախագահի հետ՝ Պանթեոնին հատուկ կարգավիճակ տալու համար: Տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ Պանթեոնի հարցով քանիցս դիմել է քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ ստացել պատասխան, որ զբոսայգիները, նաեւ Պանթեոնը, տրվել են համայնքներին: «Պատկերացնո՞ւմ եք, Կոմիտասի այգու ճակատագիրը պետք է որոշի Շենգավիթի, իսկ, օրինակ, Ծիծեռնակաբերդինը՝ Դավիթաշենի թաղապետարանը»,- ասաց Ա. Սարգսյանը։ Ըստ «Պանթեոն» հիմնադրամի նախագահի, Շենգավիթի թաղապետը խոստացել է Պանթեոնը վերանորոգել, բայց մի պայմանով. եթե հաջողվի զբոսայգին արտասահմանցի ինչ-որ գործարարի վաճառել կամ վարձակալության հանձնել ու էդ գումարով էլ իրականացնել շինարարական աշխատանքներ։ «Պանթեոն» հիմնադրամի հղացած ծրագրի համաձայն, այգում ամփոփված հայոց 40 մեծերի համատեղ տուն-թանգարան է կառուցվելու։ Բացի դրանից, կստեղծվի Փառքի ծառուղի, ուր կդրվեն նրանց արձանները։ Ծրագրի իրականացմանը պատրաստ են աջակցել նաեւ «Ջինիշյան» հիմնադրամը եւ Արա Աբրահամյանը։ Նախատեսված է կառուցել Պանթեոնը խորհրդանշող մատուռ, ինչը խոստացել է իրականություն դարձնել Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը։ «Բայց վախենում եմ այնպիսի մատուռ կառուցվի, որ մեր «նոր հայերի» մատուռից չտարբերվի։ Հիմա ընդունված է, ով ասես մատուռ է կառուցում։ Ուզում եմ, որ կառուցվելիք մատուռն այնպիսին լինի, որ հեռվից նշմարեն ու ասեն՝ Պանթեոնի մատուռն է, ոչ թե Շենգավիթի թաղապետարանինը»,- մտահոգություն հայտնեց տիկին Սարգսյանը։ Այդ ամենը ծրագրեր են: Սակայն հիմա, ըստ Ա.Սարգսյանի, Պանթեոնում խայտառակ վիճակ է։ Այգում գտնվող ռեստորանի աղբը կուտակվում է մեծերի շիրիմների մոտ: Բացի դրանից, որոշ ականատեսների հավաստմամբ, երեկոյան այգին դառնում է մարմնավաճառների շուկա։ Տիկին Սարգսյանը հույս ունի, որ ի վերջո կլուծվի Պանթեոնի կարգավիճակի հարցը, կհաստատվի վերջինիս կանոնադրությունը։ Այն ազգովի կարգի կբերվի։ Հակառակ դեպքում, ըստ նրա, «եթե միայն թաղապետարանի շրջանակներում ամեն ինչ իրականացվի, կլինի ընդամենը նեղ գավառական միջոցառում»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել