Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան ժամանակ կսառեցվեն սակագները

Հունվար 10,2004 00:00

Որքան ժամանակ կսառեցվեն սակագները Վահագն Խաչատրյանը տնտեսական հիմք չի տեսնում էներգետիկ ընկերություններին արտոնություններ տալու համար Տարեվերջյան արտահերթ նստաշրջաններում Ազգային ժողովը հասցրեց առաջին ընթերցմամբ ընդունել Երեւանի ՋԷԿ-ին, Որոտանի ՀԷԿ-ին, «ՀայՌուսգազարդին» եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցերին» հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը։ Իսկ Ատոմակայանի պարագայում նույնատիպ արտոնություններն արդեն օրենքի տեսք են ստացել։ Ի դեպ, Ատոմակայանին հավելյալ արտոնություն տրվեց՝ սոցիալական ապահովության չվճարված գումարները կարող է մարել առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այդ քայլը հիմնավորեց նրանով, որ կառավարությունն այսպիսով հույս ունի «լեզու գտնել» ՌԴ հավատարմագրային կառավարմանը հանձնված ՀԱԷԿ-ի նոր տերերի հետ՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մտադրությունից հրաժարվելու համար։ Մեր խնդրանքով մեկնաբանելով այս փաստերը, ՀՀ առաջին նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանը նկատեց, որ «այս որոշման նախագիծն իր տնտեսական հիմնավորումով ամբողջական չի»։ Ընդ որում, պրն Խաչատրյանի համար ընդունելի է մոտեցումը, որ արտոնությունները տրվում են սակագների բարձրացումը կանխելու համար։ Սակայն՝ «եթե հարցն այդպես է տրվում, ուրեմն պետք է ազնվորեն ասեն՝ հարգելի ՀՀ քաղաքացիներ, նաեւ ձեր շնորհիվ սակագները չեն բարձրանա, որովհետեւ էներգետիկ համակարգին ամբողջությամբ արտոնություն տալը եւս ձեր հաշվից է գնում»։ Հարցերի հարցը, ըստ Վահագն Խաչատրյանի՝ որտեղի՞ց են առաջացել այդ պարտքերը եւ առաջարկվող ուղիներն ինչ կտան։ Ի դեպ, ըստ պաշտոնական հայտարարությունների՝ ՀԱԷԿ-ի դեբիտորական պարտքը 58 մլրդ դրամ է, կրեդիտորականը՝ 16 մլրդ, իսկ էներգետիկ համակարգում, ընդհանրապես, պարտքերը 117-120 մլրդ դրամ են կազմում։ Պրն Խաչատրյանին մտահոգում է, որ կառավարությունն իր հիմնավորումներում չի խոսում, թե այդ պարտքերը որ ժամանակահատվածում եւ ինչպես են առաջացել։ «Ի՞նչ եղան 140 մլն դոլար գազի մատակարարման գումարները, որոնք գոյացել էին 1997 թ. նոյեմբերից 1999 թ. մայիսը, երբ միջպետական պայմանագրի համաձայն «ՀայՌուսգազարդի» ռուսական բաժնեմասի փոխարեն, Հայաստանին այդ գազն անվճար էր տրվում»,- տարակուսանքների այս ֆոնի վրա հարց հնչեցրեց Վ. Խաչատրյանը։ Էներգետիկայի այսօրվա, ըստ Վ. Խաչատրյանի, անհասկանալի հաշվեկշռի պարագայում՝ «ռուսական տնօրինության տակ գտնվող ձեռնարկություններին արտոնություններ տալը եւս անհասկանալի է։ Ասում են՝ սակագները չեն բարձրանա, բայց մինչեւ ե՞րբ եւ ինչի՞ սակագները պիտի բարձրանային։ Վկայակոչվում է դրամի եւ դոլարի փոխարժեքների տատանումը, գազի օգտագործման ծավալի նվազումը, որը ավելի խելացի հիմնավորում է, բայց մյուս կողմից էլ 12-13% տնտեսական աճ է ներկայացվում։ Պարադոքս է»,- մեկնաբանությունները եզրափակեց մեր զրուցակիցը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել