Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆԸ

Հունվար 10,2004 00:00

ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆԸ Արձագանքելով «Առավոտում» տպագրված լուրին, ըստ որի 1997-ին ԿԸՀ անդամ Տիգրան Թորոսյանը դեմ է արտահայտվել ԱԺ մեկ այլ փոխնախագահի՝ Վահան Հովհաննիսյանին (97-ին կալանավորված)՝ պատգամավորության թեկնածու գրանցելուն, Տ. Թորոսյանը հետեւյալն ասաց. «1997-ի գարնանը իսկապես ես ԿԸՀ անդամ էի։ Սա միակ ճիշտ փաստն է, որ կա այդ լուրի մեջ։ Մնացած ամեն ինչը աղավաղված է, եւ ճիշտ չի ներկայացված։ Նախ ես ԿԸՀ-ում եղել եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը եւ ոչ թե «Հանրապետություն» միավորման, չնայած ՀՀԿ-ն այդ ժամանակ խորհրդարանում «Հանրապետություն» միավորման մեջ էր։ Եվ հետո՝ երբ Վահան Հովհաննիսյանի գրանցման եւ խափանման միջոցը փոխելու հարցն էր քննարկվում, ես ոչ թե դեմ եմ քվեարկել նրա գրանցմանը, այլ՝ ճիշտ հակառակը։ Արտավազդ Գեւորգյանը միջնորդություն էր ներկայացրել հիմնավորում՝ Վահան Հովհաննիսյանի խափանման միջոցը չփոխելու վերաբերյալ։ Միջնորդության էությունը հետեւյալն էր՝ քանի որ Գառնիկ Իսագուլյանը գտնվում էր հետախուզման մեջ, ասվում էր, որ վերջինիս ազգականի տանը մի միջոցառման Վահան Հովհաննիսյանը մասնակցել է։ Եվ այդ պատճառով հարմար չի գտնում փոխել Վահան Հովհաննիսյանի խափանման միջոցը։ Այն, ինչ ես ասել եմ՝ հետեւյալն է. բարեբախտաբար, մենք 37 թվի ժամանակներում չենք ապրում, եթե անգամ ընդունենք, որ Գառնիկ Իսագուլյանը հանցագործ է, դա բոլորովին էլ չի նշանակում, որ նրա հորաքրոջ կամ մորաքրոջ տանը կազմակերպված միջոցառումը հանցավոր միջոցառում է եւ նրա մասնակիցները հանցագործներ են։ Եվ այդ պատճառով, ես եւ Արմեն Խոջոյանը («Մտավորական Հայաստան») կողմ ենք եղել խափանման միջոցը փոխելուն։ Այդ ժամանակ չի հնչել որեւէ գնահատական այն մասին, թե ճիշտ էին, կամ՝ ոչ Վահան Հովհաննիսյանին ներկայացված մեղադրանքները եւ արժե՞ դրա համար չգրանցել որպես պատգամավորության թեկնածու։ Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ այսօր ես կարծում եմ, որ դատարանի կամ դատավորի լիազորությունները որեւէ մեկը իրավունք չունի իրեն վերագրել կամ նման առաջարկություններ անել»։ Պրն Թորոսյանը հիշեցրեց, որ բոլոր օրաթերթերը ժամանակին անդրադարձել են ԿԸՀ վերոհիշյալ նիստին, իսկ լրագրողներից ներկա է եղել Գեւորգ Հարությունյանը, որն այդ ժամանակ նաեւ Վահան Հովհաննիսյանի վստահված անձն էր։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել