Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տարին՝ նոր քրգործերով

Հունվար 10,2004 00:00

Նոր տարին՝ նոր քրգործերով Այս անգամ քրգործեր են հարուցվել «Հանրապետություն» կուսակցության քաղհորհրդի երկու անդամների նկատմամբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ Սուրեն Սուրենյանցն ու Արամազդ Զաքարյանը հունվարի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ Ա.Բարսեղյանի ստորագրությամբ ծանուցագիր են ստացել առ այն, որ նույն համայնքների «առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազին հղած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով համայնքների դատախազությունում ՀՀ քր.օր-ի 343 հոդ. 2-րդ մասով հարուցված քրգործի քննությամբ առաջացած անհարաժեշտությունից ելնելով» հունվարի 9-ին հրավիրվում են դատախազություն՝ որպես վկա հարցաքննվելու համար: Հիշեցնենք, որ այս քրգործի պատմությունը կապված է «Հոկտեմբերի 27»-ի քրգործով դատավարության ժամանակ տուժողի հիշյալ ներկայացուցիչների կողմից դատավոր Ս.Ուզունյանին ուղղված այն արտահայտությանը, թե նա անօրինական որոշումներ է կայացնում եւ օրինական իշխանություններ ձեւավորելուց հետո նա դեռ պատասխան է տալու օրենքի առջեւ: «Մենք մի անգամ արդեն բացատրություններ տվել էինք Ս.Ուզունյանի այդ դիմումի առնչությամբ, երբ քրգործ դեռ չէր հարուցվել, այլ՝ ընդամենը նյութեր էին նախապատրաստվում հարուցելու համար: Երեկ մենք ներկայացանք քննիչին, հարցաքննության ընթացքում պնդեցինք այն, ինչ ասել էինք նախորդ անգամ եւ կրկին արձանագրեցինք, որ մենք ոչ թե սպառնացել ենք դատավորին, այլ՝ զգուշացրել, որ ինքն անօրինական է գործել, որի համար օրենքի առաջ պատասխան է տալու»,- երեկ հավաստիացրեց հիշյալ քրգործով վկա Ս.Սուրենյանցը: Նա նաեւ նկատեց, թե Ս.Ուզունյանի այդ դիմումն ու դրան հետեւած գործողությունները եւս մեկ անգամ հաստատում են այն կարծիքը, որ «իշխանությունները փորձում են քաղաքական հաշվեհարդար տեսնել ընդդիմադիր գործիչների եւ ընդհանրապես ազատ մտածող քաղաքացիների նկատմամբ»: Ընդդիմադիր գործչի ասելով, «իշխանությունները բացառապես քինախնդրության, վրեժխնդրության զգացումներով առաջնորդվելով է, որ ինչ-որ գործընթաց են սկսել, ինչը՝ սակայն, որպես ճնշման միջոց եզակի դեպք ու նորություն չէ: «Թե առաջիկայում այս գործին ինչ ընթացք կտրվի, ճիշտն ասած, մեզ չի անհանգստացնում, բայց նկատի ունենալով ընդդիմադիր ուժերի ակտիվացումը, հստակ է, որ դա կախված կլինի քաղաքական իրավիճակից եւ դրա զարգացումներից»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել