Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ ԵԽ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՆԵՐՔՈ

Հունվար 10,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ ԵԽ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՆԵՐՔՈ ԵԽ ԽՎ հանձնախմբի հունվարի 7-ին կայացած որոշումները մեկնաբանում է այդ քննարկումներին մասնակցած հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն այն ատյանը չէ, որի գլխավոր խնդիրն է Ղարաբաղի հարցի լուծումը։ Իհարկե, իրենց ուշադրության կենտրոնում է Ղարաբաղի հարցը, այնպես՝ ինչպես մնացյալ բոլոր հակամարտությունները Եվրոպայի տարածքում։ Մեկ հանգամանք կա՝ դեռեւս ԵԽ ԽՎ-ն չի լսել զեկույց Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Ինչպես հայտնի է՝ Թերի Դեւիսն է նշանակված զեկուցող, որի այցը տարբեր պատճառներով հետաձգվում էր։ Իսկ առանց այցի զեկույց ներկայացնելը ուղղակի անիմաստ է։ Այժմ էլ, քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրվելու է Թերի Դեւիսը, ապա, ակնհայտ է, որ մինչ այդ ընտրությունները դժվար թե նա այցելի Հայաստան, Ադրբեջան եւ ԼՂՀ»,- պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք ԵԽ ԽՎ-ում հարցը դրվել է այնպես, որ հնարավոր է Հայաստանին ագրեսոր ճանաչել, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ Ղարաբաղյան հարցի մասին ԵԽ ԽՎ-ի դիրքորոշման հետ կապված պրն Թորոսյանը հավելեց. «Ձեւակերպումներն այնպիսին են, ինչպիսիք եղել են դեռեւս պարտավորությունները ստանձնելիս։ Ինչպես հայտնի է, այնտեղ հատուկ կոշտ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, ըստ էության, չկա։ Ընդհակառակը՝ Հայաստանին կոչ է արվում աջակցել խնդրի լուծմանը, հաշվի առնելով Հայաստանի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի վրա»։ Ադրբեջանական մամուլում հրապարակված լուրերն այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարել Ղարաբաղի հարցում, պրն Թորոսյանը հերքեց. «Բնականաբար, նման բան չկա։ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետում նշվում է, որ էական առաջընթաց հակամարտության լուծման եւ, ինչպես իրենք են ձեւակերպում՝ «գրավյալ տարածքների» հետ կապված, չի արձանագրվել։ Սա ակնհայտ փաստ է եւ որեւէ ձեւով չի կարող մեկնաբանվել որպես մեղադրանք։ Մեկ այլ հանգամանք կա, որ, կարծում եմ, պիտի միշտ հաշվի առնենք ադրբեջանական մամուլը կարդալիս՝ ծայրահեղ տարբերություններ կան իրողությունների եւ ադրբեջանական մամուլում ներկայացվող «փաստերի» միջեւ, քանի որ դրանք զուտ տեղական օգտագործման համար են արվում։ Ադրբեջանական պատվիրակությունը վերջին հանդիպումների ժամանակ շատ ավելի հասուն ու հանգիստ է մոտենում խնդիրներին, քննարկումների մթնոլորտը շատ ավելի գործնական եւ օգտակար է Ադրբեջանի եւ Հայաստանի համար։ Եվ եթե ինչ-ինչ խնդիրներ եւ հարցադրումներ ունենք, իհարկե, պիտի ներկայացվեն։ Օրինակ, ադրբեջանական կողմը մեր պարտավորությունների քննարկման ժամանակ առաջարկեց Ղարաբաղի հարցի մասում, երբ խոսվում է «գրավյալ» տարածքների մասին, նշել՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներ։ Սա քվեարկությամբ վավերացվեց։ Սակայն էական որեւէ բան չի փոխվում դրանից»։ Հունվարի 26-ին կսկսվի ԵԽ ԽՎ լիագումար նիստը, եւ ըստ ամենայնի, արդեն հունվարի 27-ին կլսվի Հայաստանի պարտավորությունների կատարման մասին Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի խմբի զեկույցը։ Հայաստանի պատվիրակության կողմից արված բոլոր չորս առաջարկները ընդունելի են եւ ներառվել են զեկույցում։ Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ Ղարաբաղի մասին կետը նախնական տարբերակում կոչվել է «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները»։ Մեր ներկայացուցիչների առաջարկով այն դարձել է «Լեռնային Ղարաբաղի խնդիր»։ Պրն Թորոսյանն ասաց, որ Եհովայի վկաների գրանցման խնդիրը, որ թվում էր դժվարություններ պիտի առաջացներ, բավականին դյուրին անցավ։ «Քրեական օրենսգրքում» զրպարտության մասին հոդվածների կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հարցը քննարկել փորձագետների հետ, «որովհետեւ, երբ «Քրեական օրենսգրքի» նախագիծը մենք ուղարկել էինք փորձաքննության, այս առումով որեւէ դիտողություն չէր եղել։ Հիմա ինչ-ինչ խնդիրներ են առաջացել եւ բնական է, որ կարիք կա քննարկել ու ճշտել պատժամիջոցի համապատասխանության հարցը զրպարտանքին եւ վիրավորանքին»։ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հարցը եւս քննարկվել է եւ ԵԽ ԽՎ անդամ պատգամավորներից մեկն առաջարկեց ժամկետ սահմանել ընտրությունների ժամանակ խախտումներ թույլ տված անձանց պատժելու հետ կապված։ Ժամկետը սահմանվեց մինչեւ 2004 թ. վերջը։ Զեկույցում նշված են ընտրություններում տեղի ունեցած կեղծիքներն ու թերությունները։ Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ. «նշվում է, որ մենք բոլորս անելիք ունենք մեր պարտավորությունների կատարման առումով ե՛ւ «Ընտրական օրենսգրքի», ե՛ւ տեղական ինքնակառավարման մասի՝ օրենքի բարելավման հարցերում։ Նաեւ՝ դատաիրավական բարեփոխումների։ Օրենքների մի մեծ խումբ կա, որոնք առաջիկայում պետք է ընդունվեն կամ փոխվեն»։ Զեկույցում նշված է, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, տեղեկացրեց Տիգրան Թորոսյանը եւ հավելեց. «սակայն ընտրությունների արդյունքների վրա այդ խախտումները ազդեցություն չեն ունեցել։ Իրենք համարում են, որ չի դադարեցվում մոնիտորինգը Հայաստանի նկատմամբ, քանի դեռ Հայաստանը ամբողջությամբ չի կատարել իր պարտավորությունները (որովհետեւ մի խումբ պարտավորություններ դեռեւս մնում են) եւ չի ապացուցել, որ կարող է անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ»։ Այս ձեւակերպումից հասկացվում է, որ եթե նույնիսկ Հայաստանը կատարի ստանձնած բոլոր պարտավորությունները, բայց չկարողանա կամ չուզենա անցկացնել միջազգային չափանիշներին համարժեք ընտրություններ՝ մոնիտորինգը Հայաստանի նկատմամբ կշարունակվի։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե ի՞նչ է նշանակում լինել մոնիտորինգից դուրս, դա նշանակում է լինել լիիրավ եւ վստահելի անդամ Եվրոպայի խորհրդում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել