Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

Հունվար 10,2004 00:00

Նորանկախ Հայաստանի արդեն պատմական դարձող փորձով ապացուցված է, որ ընտրություններից առաջ կյանքն էժանանում է, ընտրություններից հետո՝ թանկանում:

Օրինաչափություն է, որ հաստատում է նաեւ բնության օրենքները՝ եթե մի տեղ պակասում է, մի այլ տեղ պետք է ավելանա: Պարզապես հանուն ընտրությունների ու ընտրությունների ժամանակ ծախսված գումարները պետք է փոխհատուցել: Ուղղակի մեր երկրում (ու էլի՝ մերի նման մի քանի չկայացած-չկազմակերպված երկրներում) ընտրական թվաբանության մեջ տեղի է ունենում սխալ՝ անվանական ընտրությունները կատարվում են հանուն ժողովրդի, իրականում հանուն իշխանության վերավերահաստատման, եւ որովհետեւ կատարվում են իբրեւ թե հանուն ժողովրդի, ժողովուրդն էլ պիտի ծախսերը փոխհատուցի, բայց կատարվում են հանուն իշխանության վերավերահաստատման, իսկ ծախսերը փոխհատուցում է ժողովուրդը՝ ու դա է սխալը:

Իհարկե՝ տրամաբանության տեսակետից, որովհետեւ իշխանության տեսակետից ամեն ինչ ճիշտ է: Ու ճիշտ է՝ արդեն քանի տարի:

…Հերթական բյուջեն կոչվում է սոցիալական: Ու հիմնավորվում է աղքատության հաղթահարման դեմ պայքարով: Այսինքն՝ եվրոպա-ամերիկաներից փող ենք բերում-բաժանում, որ սոված չմնաք՝ հաղթահարում ենք ձեր աղքատությունը, որ կշտանաք: Ճիշտ է, փողը վարկ է, այսօր բերում ենք, որ սոված-սոված մեր հերը չանիծեք, վաղը ձեր որդիները վերադարձնելու են, ու էլի մնալու են սոված: Որովհետեւ մենք չենք հասկանում, որ աղքատությունը հաղթահարելու համար ոչ թե փող բաժանել է պետք (նպաստների ու փոխհատուցումների տեսքով), այլ աշխատատեղ բացել ու աշխատանք ստեղծել, որ մարդն ինքն իրեն ու իր երկիրը պահի, ու պետությունն էլ պարտքեր չկուտակի՝ մարվող վարկերի ու օտարներին վաճառվող ձեռնարկությունների տեսքով: Ասենք, գուցե եւ հասկանում ենք, բայց չհասկանալն ավելի ձեռնտու է, որովհետեւ այդպես ավելի հեշտ է:

Հազարավոր օպտիմալացված ուսուցիչների ավելանալու են հազարավոր օպտիմալացված բուժաշխատողները: Այսինքն՝ աշխատավարձ եք ուզում, դե ստացեք նրանց փոխարեն, ովքեր աշխատանք կորցնելով՝ տնով-տեղով հավաքվելու են ու երկրից գնան: Վերջնականապես: Որովհետեւ ոչ միայն սոցիալական է անարդարությունը, այլեւ՝ բարոյական, այլեւ՝ մարդկայնորեն իրենց փնտրված ու կարեւորված չեն զգում իրենց հայրենիքում: Ավելորդ են, պետք չեն, օտար են:

Լինսի հիմնադրամն էլ բոլոր ճանապարհները կառուցեց ու վերակառուցեց, թատրոնները բացեց ու վերաբացեց: Ու՝ օղորմի Քըրքորյանի անցավորաց, էլ բան չմնաց: Հիմի էդ բոլոր շինարարներն ի՞նչ են անելու:

Մեր հարազատ կառավարությունը մի բերան հերքում, հազար բերան հաստատում է, որ նոր տարուց ուզած-չուզած (իրենցից չի կախված, անկախ հանձնաժողովներ են գործում) սակագներ են բարձրանալու՝ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, հացի… Իսկ դա նշանակում է՝ ծառայությունների ու ապրանքների թանկացումներ, ի՞նչ ենք անելու, աղքատության դեմը ո՞նց ենք առնելու: Հին ու նոր գործազուրկները իսկապես փակելու են Փարաքարը՝ երկրից հեռանալու իրենց հուսահատ հերթերում:

Իսկ իշխանությանը դա շատ ձեռնտու է, որովհետեւ երկրից հեռանում է ժողովրդի ակտիվ մասը, որ ընդունակ է եւ ի զորու է պայքարել ու գլուխը պահել, որ օտար երկրում հաց աշխատելու դուխ ունի ու նրա հեռանալով երկրում մեխանիկորեն պակասում է ակտիվ ընդդիմության թիվը, մնում են ընտելացածները, որոնց աղքատության դեմ պայքարելու համար հերիք են նպաստներն ու փոխհատուցումները, մնում են հույսները կտրածները, որոնք իշխանության ով ու ինչ լինելու վրա խորապես թքած ունեն: Այսինքն՝ սակագների բարձրացումը կրկնակի ձեռնտու է իշխանությանը. կոտրում է ժողովրդի եւ՛ ֆիզիկական, եւ՛ բարոյական դիմադրողականությունը:

Ուրեմն, կոալիցիայի՝ իբրեւ թե սակագների բարձրացումին դեմ լինելը քաղաքական մանեւրներ են, քաղաքական պոպուլիզմ՝ պետական քաղաքականության մակարդակով:

Ու եթե անգամ 2004 թ. պետական բյուջեն կատարվի ու գերակատարվի՝ երկիրը դրանից ոչ կշահի, ոչ կկորցնի:

Իշխանությունը շարունակում է երկրի ու ինքնաոչնչացման գործընթացը:

Ընդամենը:

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել