Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրոնային» դատավճռին սպասելիս

Հունվար 10,2004 00:00

Փաստաբան Հայաստան Ստեփանյանը նյութական պահանջներ պարունակող հայցադիմումը ներկայացնում է ոչ թե դատարան, այլ անմիջապես քաղաքացուն:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀԳՄ անդամ Անահիտ Քնարյանի բնակարանի շքապատշգամբի անկյունաքարը 2003 թ. ապրիլյան անձրեւների հետեւանքով վայր ընկավ որեւէ մեկին չպատկանող Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի նկուղի ծածկի վրա։ Այդ իրադարձությունը ոչ մեկին չանհանգստացրեց, բացի Ա. Քնարյանից, որը դիմեց Կենտրոնի թաղապետարան՝ ահազանգելով կատարվածի մասին։ Թաղապետարանը հայտնեց քաղաքացուն, որ «ձեր շենքի շքերթային պատշգամբների վերանորոգման աշխատանքները հաշվառման մեջ են վերցված»։ Որ վերոնշյալ տարածքը որեւէ տեր չուներ, հաստատվում է նաեւ անշարժ գույքի կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 2003 թ. դեկտեմբերի 23-ին տրված պաշտոնական գրությամբ։ Ըստ այդ պատասխանի, Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեում նկուղային տարածք է գրանցված քաղաքացի Ա. Մխիթարյանի անվամբ, «թե որ բնակարանի տակ է նշված նկուղը, կադաստրային գործում տվյալներ չկան»։

Սակայն մի քանի օր առաջ տարածքի տերը բացահայտվեց, ավելին՝ ընդվզեց իր նկուղը քանդելու դեմ: Ա. Քնարյանը փոստով ստացավ մի հայցապահանջ՝ դրան կից «նկուղային տարածքի աստիճանահարթակի տանիքի վերանորոգման ծախսերի» հաշվարկով։ «Հայցապահանջը» ներկայացրել էր վերոնշյալ նկուղային տարածքի իբր սեփականատեր, Ամերիկայի քաղաքացի Սթիվեն Անլյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Հայաստան Ստեփանյանը։ Սակայն արտառոցն այն է, որ հայցապահանջն ուղղված չէ որեւէ դատարանի, այնինչ, որքան հասկանում ենք, հենց դատարանի միջոցով Ա. Քնարյանը պետք է տեղեկանար նկուղի նկատմամբ իր կատարած ոտնձգությունների մասին։ Փաստաբանը ներկայացրել էր իր վստահորդի կողմից կատարված ծախսերի ցուցակը 453 դոլարի չափով։ Ըստ այդ ցուցակի, օգտագործվել են խողովակներ, ալյումինե թիթեղ, սիլիկոն, ներկ, պտուտակ, մոտ 102 դոլարի «այլ նյութեր»։ Տրվել էր 150 դոլար աշխատավարձ։ «Հայցվորը» մի դեպքում նշում էր, որ Ս. Անլյանի կողմից վերացվել են հասցված վնասի հետեւանքները եւ նկուղի աստիճանահարթակի կոտրված տանիքը փոխարինվել է նորով, մյուս դեպքում պահանջում էր Ա. Քնարյանից՝ «վտանգի աղբյուրը» վերացնելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Փաստաբան Ստեփանյանը առանց դատարան դիմելու սպառնում է. «Իմ վստահորդի պահանջը չբավարարելու դեպքում հաշվի կառնվի նաեւ ապագայում վնաս պատճառելու վտանգի հանգամանքը։ Խնդրում եմ մինչեւ 2004թ. հունվարի 15-ը կամավոր փոխհատուցել Ս. Անլյանի գույքին հասցված ԱՄՆ 453 դոլարին համարժեք դրամ նյութական վնասը, այլապես ստիպված կլինեք փոխհատուցել նաեւ դատական ու հարկադիր կատարման, փաստաբանի ծառայություններից օգտվելու, ինչպես նաեւ դատական վարույթի հետ կապված՝ իմ վստահորդի կատարած այլ ուղղակի ծախսերը»։ ԱՄՆ քաղաքացու ներկայացուցիչը չի հստակեցնում՝ թե որ մարմնի կողմից է վնասը գնահատվել հենց 453 դոլարի չափով: Ամենահետաքրքիրը հայցապահանջի ավարտն է. «Խնդրում եմ չանհանգստացնել իմ վստահորդ Սթիվեն Անլյանին եւ նրա ընտանիքի անդամներին, անհրաժեշտության դեպքում դիմել իմ էլեկտրոնային հասցեով»։

Գուցե «էլեկտրոնային հասցեով» կա նաեւ ինչ-որ դատարա՞ն, որն արդեն հօգուտ պրն Անլյանի «էլեկտրոնային դատավճիռ» է կայացրել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել