Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՇՈՒԿԱ Է

Հունվար 10,2004 00:00

Որոշ պետական բուհեր անցնող տարի կորցրին իրենց պոտենցիալ դիմորդների զգալի մասը՝ միայն բարձր վարձավճարների պատճառով: Բուհերը մեզ մոտ ինքնավար են՝ իրենք են որոշում ուսման վարձի չափը, եւ դա անում են «աչքաչափով»՝ կախված պահանջարկից:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը, համարելով, որ մեզ մոտ բնավ էլ բարձր չեն վարձավճարները, այսպիսի մի համեմատություն է անում. «Մենք ասում ենք, որ բուհերը պետք է նմանվեն արտասահմանին՝ մտնելով մեկ միասնական կրթական դաշտ: Եվ հատկապես շեշտում ենք որակը, որպեսզի մեր դիպլոմը ճանաչեն դրսում: Բա ինչո՞ւ չենք ասում՝ որքան է վարձավճարն արտասահմանում, եւ որքան՝ այստեղ: 3 տարի կապ ենք ունեցել Ֆլորիդայի համալսարանի հետ. դասախոսը ստանում է ամսական 6000 դոլար: Վարձավճարը տատանվում է 10-20 հազար դոլարի միջեւ: Մեզ մոտ, տնտեսագիտական ֆակուլտետում 650 դոլար է: Հիմա սա շա՞տ է, թե՞ քիչ: Այդ վարձավճարը մեր ծախսերի 60 տոկոսն էլ չի կազմում, հասցնենք 1000 դոլարի՞: Մենք չգիտենք, թե ինչ հաշվարկով ենք կադրեր պատրաստում: Ես անհայտ մարդու համար կադր եմ պատրաստում: Նախապես պայմանագիր պետք է լինի որեւէ հիմնարկության հետ, որը կվերահսկի, թե ինչ կադր է պատրաստվում իր համար՝ լուծելով նաեւ վարձավճարների հարցը»:

Վարձավճարների մեխանիզմի բացակայության մասին անկեղծ խոստովանում է նաեւ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը՝ հիմնական սկզբունքը համարելով ֆակուլտետի հեղինակավոր կամ մոդայիկ լինելու հանգամանքը: «Վարձավճարները որոշում ենք տվյալ մասնագիտության մրցութային մակարդակից ելնելով. եթե շատ ցանկացողներ կան, բարձր գին է՝ շուկա է»: Ըստ ռեկտորի, այստեղ որեւէ այլ հաշվարկ չի արվում. «Եթե հաշվարկ անենք, ապա ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ասպարեզում պետք է լիներ ամենաբարձրը (խոսքը վարձավճարի մասին է-Հ. Բ.), քանի որ ծախսերն այստեղ շատ են, բայց այդ՝ մասնագիտություններով ամենացածրն է: Ամենաբարձրը իրավաբանականն է, օտար լեզուները, տնտեսագիտականը, որտեղ պահանջարկը շատ է»: Պրն Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ. «Պետպատվերը մեկ ուսանողին հատկացնում է 180 հազար դրամ, որից 60 հազարը ուսանողն ստանում է որպես կրթաթոշակ: 1 ուսանողից բուհին մնում է 120 հազար դրամ: Այս գումարով պրակտիկայի, դասախոսի աշխատավարձը, լաբորատորիայի հարցեր պետք է լուծվեն: Դրա համար մենք վճարովի համակարգում սովորողների ուսման վարձից ենք ապահովում պետպատվերի ծախսերը: Եվ այդ գումարը գնում է հիմնականում աշխատավարձի ավելացման համար, որովհետեւ պետության սահմանած գումարով պրոֆեսորի աշխատավարձը 14 հազար դրամ է, ռեկտորինը՝ 20 հազար: Մինչդեռ այսօր ԵՊՀ-ում միջին աշխատավարձը 41 հազար դրամ է»:

Պարզ է, որ «հեղինակավոր» են այն ֆակուլտետները, որի շրջանավարտները հնարավորություն ունեն նորմալ փող վաստակելու: Բնական է նաեւ, որ ազդեցիկ մարդիկ իրենց երեխաներին ուղարկում են հենց այս ֆակուլտետները ու չեն ափսոսում դրա համար մեծ փողեր մուծել: Օրինակ, եթե որեւէ գործարար իր երեխային ընդունել է տալիս իրավաբանական, նա վստահ է, որ մինչեւ իր երեխայի ավարտելը մեր իրավապահ համակարգը հաստատ կոռումպացված է մնալու, եւ իր երեխան կկարողանա հետ բերել հոր ծախսած փողերը:

Սակայն այստեղ կա մի ցավալի հանգամանք: Նման մարդիկ երբեք հաշվի չեն առնում, թե իրենց երեխաներն ինչ նախասիրություններ ունեն (եթե, ենթադրենք, ունեն), այլ ընտրում են «հեղինակավոր» ֆակուլտետներ եւ, որն ամենակարեւորն է, հատկապես պետպատվերով համակարգ՝ որպեսզի պարծենան, թե իրենց երեխան այնքան տաղանդավոր է, որ «անվճար» է սովորում: Այս կարծիքին համամիտ չէ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը. «Ես համոզված եմ՝ մեր հասարակության մեջ շատ քիչ մարդ կա, որ «պրիստիժի» համար է երեխային անվճար ընդունում: Անիմաստ է, նա կարող է այդ փողը տարիների ընթացքում տալ, եւ երեխան վճարովիում սովորի»:

Գործնականում, սակայն, կան դեպքեր, երբ որոշ գործարարներ համաձայնում են մուծել 10 ուսանողի վարձավճար, միայն թե իրենց երեխան պետպատվերով անցնի:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել