Մրցույթների դատական հետագիծը
Երեկ Տնտեսական դատարանում սկսվեց եւ անմիջապես էլ մինչեւ հունվարի
21-ը հետաձգվեց «Ա1+»-ի դիմումի քննությունը՝ 2003-ի հոկտեմբերի 13-ի մրցույթում
«Սինեմաքս»-ին հաղթող ճանաչելու վերաբերյալ ՀՌԱՀ որոշումն անվավեր ճանաչելու
խնդրանքով: Հետաձգվեց «Ա1+»-ի ներկայացուցիչների պահանջով, որոնք նշեցին,
թե իրենց չի տրամադրվել իրենց դիմումին Ազգային հանձնաժողովի պատասխանը:
Թեեւ այն դատարանի տրամադրության ներքո էր, բայց օրենքի ոտնահարմամբ չէր
տրամադրվել «Ա1+»-ին՝ հնարավորություն չընձեռելով ներկայացնել առարկություններ:
Մինչդեռ ՀՌԱՀ-ի պատասխանը բազմաթիվ հարցականների տեղիք կարող է տալ: Իբրեւ լրատվամիջոց պետռեգիստրում չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը կապուղի տրամադրելու հակաօրինականությունը (թեեւ արտոնագիրը ստացել էր «Սինեմաքսը», սակայն մրցութային փաթեթում ծրագրային քաղաքականության, աշխատակազմի եւ տեխնիկական հնարավորությունների մասին բոլոր տեղեկությունները վերաբերում էին «ԱրմՆյուզին») ՀՌԱՀ-ը փորձել է փաստարկել այսպես, թե պայմանագիր գոյություն ունի «Սինեմաքսի» եւ «ԱրմՆյուզի» միջեւ, որը կցված էր «Սինեմաքսի» մրցութային առաջարկին: Հետաքրքիրն այն էր, որ 2003-ի հոկտեմբերի 13-ի մրցույթից հետո տրված ասուլիսում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը «ԱրմՆյուզի» առնչությամբ բազմաթիվ հարցերին ի պատասխան բառ անգամ չէր ասել այդ պայմանագրի մասին: Ինչպես նաեւ չէր հիշատակել մեկ այլ փաստաթղթի մասին, որն այժմ ներկայացվել է դատարան: Պնդվում է, թե դեռ 2003-ի մարտի 1-ին էր «Սինեմաքսը» ՀՌԱՀ-ին գրությամբ տեղեկացրել, որ այսուհետ իր եթերային խորագիրը լինելու է «ԱրմՆյուզ»: Թերեւս՝ գուցե փորձաքննության անհրաժեշտություն լինի պարզելու համար, թե արդյոք այս փաստաթղթերը չեն «սարքվել» հետին թվով:
Ի դեպ, Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը մեզ հայտնեց, որ Եվրոպական դատարան լրացուցիչ նյութեր են ուղարկելու ինչպես վերջին մրցույթի արդյունքների, այնպես էլ «Ա1+»-ի Տնտեսական դատարանում քննվող դիմումների վերաբերյալ: Նշենք, որ անորոշ ժամանակով հետաձգվել է քննությունը մեկ այլ դիմումի, որով «Ա1+»-ը փորձում է պարտադրել ՀՌԱՀ-ին՝ հիմնավորել մրցույթների վերաբերյալ իր որոշումները: Այս գործով 2003-ի դեկտեմբերի 29-ի նիստում ՀՌԱՀ-ի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել որպես վկա դատարան կանչել «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանին եւ պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանին՝ առանց ներկայացնելու հիմնավորումներ: Եվ երբ դատարանը մերժել էր միջնորդությունը՝ ՀՌԱՀ-ի ներկայացուցիչը բացարկ էր հայտնել դատավոր Կարեն Չիլինգարյանին: Բացարկի ճակատագիրը դեռ հայտնի չէ:
Ա. Ի.