Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվար 10,2004 00:00

Ավանդների վերաբերյալ այսպիսի խոստում է տալիս «Հայխնայբանկում»
ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու
հնարավորություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ,ՕԵԿ-ի
խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը:
Անցած տարվա աշնանն այս հանձնաժողովը գումարեց իր առաջին նիստը: Ի՞նչ է արվել դրանից հետո՝ հարցին, Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Հանձնաժողովը հավաքվում է ամեն չորեքշաբթի: Շատ պարտաճանաչորեն գալիս են բոլորը եւ մենք արդեն շատ խնդիրներ ենք ուսումնասիրել, աշխատանքներ ծավալել «Հայխնայբանկի» հետ: Եթե հիշում եք, կառավարությունն անցած 2,5 տարում ուսումնասիրեց ավանդների խնդիրը, եւ այժմ այդ ընդհանուր բազայից մենք վերցնում ենք այն թվերն ու փաստարկները, որոնք կարող են դառնալ ուսումնասիրության նյութ: Մասնավորապես, պարզեցինք, որ ավանդների ընդհանուր գումարը կազմում է 8,4 մլրդ ռուբլի, մինչդեռ միշտ նշվում էր 10,8 մլրդ թիվը: Արդեն արձանագրել ենք սկզբունքները: Նաեւ որոշել ենք, որ 2004-ի հունվարի 21-ին բոլոր խմբերն ու խմբակցությունները պիտի ներկայացնեն իրենց առաջարկությունները ուսումնասիրության վերաբերյալ: (Ուշադրություն դարձրեք՝ հանձնաժողովի ձեւավորումից շուրջ կես տարի անց նոր են առաջարկներ ներկայացվելու աշխատանքի վերաբերյալ.- Ա. Ի.): Ներկայացրել ենք մեր ունեցած ամբողջ բազան, որի հիման վրա պիտի կատարեն առաջարկներ: Ասենք՝ «Ազգային միաբանությունն» արդեն իսկ ներկայացրել է իր առաջարկները մեխանիզմների վերաբերյալ: Առայժմ չարժե հրապարակել դրանք: Երբ քվեարկությամբ հաստատենք, թե որ առաջարկներն ենք ուսումնասիրելու, եւ որոնք կներկայացնենք Ազգային ժողովին՝ այդ ժամանակ էլ պարզ կլինեն ընդհանուր մեխանիզմները, թե ինչ ձեւերով պիտի վերադարձնենք մեր ավանդները: Դեռ ժամանակ ունենք՝ մինչեւ մարտի 31-ը, երբ պիտի եզրակացություն ներկայացնենք խորհրդարանին»:

Սամվել Բալասանյանը նշեց, թե հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը, ըստ որի՝ արգելվում է հաշվեհամարների տերերի անուն-ազգանունները եւ հասցեները բացահայտելը: Թեեւ նա անհրաժեշտ է համարում այս օրենքում լրացումներ կամ փոփոխություններ կատարելը, սակայն վստահ է, որ նման օրինագիծը կարժանանա Համաշխարհային բանկի դիմադրությանը: «Այս օրենքի համաձայն՝ ամեն մի տվյալ իմանալու համար մենք պետք է դիմեինք դատարան: Իսկ ավանդատուները շուրջ 1 միլիոն են, ուստի ուղղակի հնարավոր չէ դա անելը: Բայց մենք այնպիսի մեխանիզմ ենք մտածել, որ կարողանանք շրջանցել օրենքի այդ դրույթը: Կարծես ստացվում է,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ չբացահայտելով շրջանցման մեխանիզմը:- Մենք ընդամենն ուզում ենք ճշտել, թե այն քաղաքացիները, որոնք ունեն ավանդներ՝ այսօր բնակվո՞ւմ են Հայաստանում, թե՞ ոչ: Սա արվում է այն նպատակով, որ սկզբունքների մեջ կարողանանք արձանագրել դա: Այսինքն՝ եթե մարդն այսօր բնակվում է Լոս-Անջելեսում՝ նրա ավանդները կվերադարձնենք ավելի ուշ: Իսկ ավանդներն առաջնահերթ կվերադարձվեն հաշմանդամներին ու ծերերին»:

Հետաքրքրվեցինք, թե ինչու 2004-ի բյուջեի քննարկման ժամանակ իրենք առաջարկներ չարեցին որոշակի գումարներ նախատեսելու համար, որոնք կհատկացվեին, ասենք, տարեցների կամ առավել կարիքավոր ավանդատուների գումարների փոխհատուցման համար: Նաեւ խնդրեցինք հայտնել, թե գոնե 2005-ի բյուջեում կառաջարկե՞ն նախատեսել նման գումարներ: «Ճիշտն ասած, քանի որ ժամանակ ունենք մինչեւ մարտի 31-ը, երբ պետք է ԱԺ-ին զեկուցենք կատարված աշխատանքի արդյունքների մասին, իսկ բյուջեի քննարկումը սկսվել էր դեռ 2003-ի նոյեմբերին՝ ուղղակի հնարավոր չէր այդ մասով բյուջեում որեւէ հատկացում նախատեսելը,- պատասխանեց պրն Բալասանյանը:- Պետք է նախ հստակեցնենք, թե ինչ ենք անելու, ավանդների որ տեսակներն ենք վերադարձնելու եւ այլ սկզբունքները: Հետո ԱԺ-ն պետք է ընդունի դրանք, երեւի դարձնի օրենք: Եվ եթե ընդունեն մեր առաջարկները՝ 2005-ի բյուջեի մեջ նոր կնախատեսենք գումարներ»:

«Օրինաց երկրի» համագումարում Սամվել Բալասանյանը դժգոհել էր, թե միայն իրենցից են պահանջում ավանդների վերադարձը, թեեւ այլ կուսակցություններ էլ էին տվել այդ խոստումը: Հիշեցրինք, որ այժմ իշխանության մաս կազմող ուժերից միայն ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն էին տվել այդ խոստումը, բայց ոչ ՀՀԿ-ն: «Ճիշտ է, հանրապետականները նման խոստում չեն տվել, բայց քանի որ մենք այժմ նույն կոալիցիայում ենք՝ նաեւ ՀՀԿ-ն է միացել այդ ուսումնասիրությանը,- ասաց պրն Բալասանյանը:- Բոլո՛ր քաղաքական ուժերն էլ ցանկանում են, որ վերջնականապես լուծվի այս խնդիրը, որպեսզի այլեւս չքաղաքականացվի ավանդների վերադարձման հարցը եւ չշահարկվի հաջորդ ընտրությունների ժամանակ»: Այսինքն՝ հույս ունեն, որ մինչեւ հաջորդ ընտրություններ հնարավորություն կունենան վերադարձնե՞լ ավանդները՝ հարցին պրն Բալասանյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ այո՛»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել