Թափե՞լ, թե՞ չթափել ամանորյա ուտեստները «Հարգելի տիկին Արուս: Ես արդեն իմ պատրաստած աղցաններից մի քանիսը ստիպված թափել եմ, որովհետեւ որքան էլ համեղ էին, բայց, միեւնույն է, շատ էին: Իսկ հիմա զգում եմ, որ եւս 1-2 օր, եւ ստիպված կլինեմ աղբամանը նետել նաեւ երշիկեղենը, բաստուրմա-սուջուխը, անգամ խոզի բդի մի մասը: Ի՞նչ խորհուրդ կտաք, միայն չասեք՝ բաստուրմայով ձվածեղ սարքելու մասին, որովհետեւ երեկվանից դա ենք ուտում»: Սրբուհի Մարտիրոսյան, Երեւանից – Սրբուհի ջան, ինչո՞ւ միայն ձվածեղ: Ավելացած մսամթերքով կարելի է համեղ պիցցա պատրաստել: Եթե նույնիսկ ժամանակ չունեք խմոր պատրաստել պիցցայի համար, հոգ չէ, կարող եք պատրաստի խմոր գնել, մի քանի գդալ ձեթ ավելացնել այդ խմորին, լավ հունցել, վրան կրկին ձեթ քսել, տոմատով կամ կետչուպով պատել, առատորեն լցնել ձեր ավելացած մսամթերքը, քերած պանիր եւ դնել փուռը: Կամ ավելի լավ է պատրասատեք «սոլյանկա» ապուր: Սոխեռած արեք, առատորեն կտրատեք մսամթերքը, ընդ որում՝ ինչ պատահի՝ երշիկ, նրբերշիկ, բաստուրմա, ապուխտ, խոզապուխտ, ավելացրեք 2-3 գդալ տոմատի պյուրե, 2 գդալ ալյուր, լավ խառնեք, քիչ-քիչ ավելացրեք եռացրած ջուր, խառնեք, որ գնդիկներ չառաջանան: Երբ ապուրը սկսի եփել, ավելացրեք մանր կտրատած թթու վարունգ, կարող եք նաեւ թթվաջուր լցնել: Անջատելուց առաջ ավելացրեք ձիթապտուղ: Ինչ վերաբերում է «խոզի բդին», ապա, եթե զգում եք, որ արդեն հնանում է, կարող եք կտրատել եւ տապակել քիչ յուղի մեջ: ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ Հիշեցնում ենք, որ տիկին Արուսը պատրաստ է պատասխանել բոլոր տեսակի ոչ քաղաքական հարցերին, որոնք դուք կուղղեք [email protected] հասցեով կամ 52-87-52 ինքնապատասխանիչով: